Պետք չէ խուսափել ահաբեկչություն բառից

Վերջին շրջանում հանրային քննարկման առաջնային թեմաներից մեկը ահաբեկչությունն է։ Այս բառի վերաբերյալ հասարակական պատկերացումները չափազանց տարբեր են և դրանից ելնելով փորձենք պատմական փոքիրիկ ակնարկի միջոցով բացատրել երևույթի էությունն ու առանձնահատկությունները։ Ինչպես գիտենք հայկական միջավայրում ամենահայտնի ու ազդեցիկ ահաբեկչական կազմակերպությունն է եղել «ԱՍԱԼԱ»-ն։

Ընդհանրապես «ԱՍԱԼԱ»-ի մասին խոսելիս մեր հասարակությունը փորձում է խուսափել ահաբեկչություն բառից՝ բերելով այն հիմնավորումը, որ այդ մարտիկները ահաբեկիչներ չեն եղել, այլ՝ վրիժառուներ: Բայց որքան էլ փորձենք խուսափել իրականությունից, այնուամենայնիվ, հաղթահարելով կարծրատիպերը, պետք է փաստել, որ «ԱՍԱԼԱ»-ն միանշանակ ահաբեկչական կազմակերպություն է: Ահաբեկչություն երևույթը չի սահմանափակվում միայն մեզ հայտնի կարմիր տեռորով կամ էլ՝ ալ-Կաիդայի գործունեությամբ, այլ՝ բավականին լայն և բազմաշերտ քաղաքական պայքարի տարբերակ է: Նշենք, որ այդ տերմինը առաջացել է Ֆրանսիական Մեծ հեղափոխության տարիներին, բայց երևույթը անհամեմատ առավել երկար պատմություն ունի՝ ընդհուպ մեր թվարկության 1-ին դար: Պետք է առանձնացնել տեռորի երկու տեսակ.

ա․ Պետության ներսում բռնապետերի կամ էլ քաղաքական ուժերի կողմից հեղափոխական պայմաններում կազմակերպված տեռոր, որը նպատակ է հետապնդում ահաբեկել, ոչնչացնել քաղաքական այլախոհներին, որն արվում է սեփական քաղաքական դիրքերը ամրապնդելու, որդեգրած գաղափարները տարածելու և իշխանությունը կամ էլ հեղափոխության արդյունքները պահպանելու նպատակով (Յակոբինյան տեռոր, Կարմիր տեռոր, Սպիտակ տեռոր, Հիտլերյան տեռոր և այլն):

բ․ Տեռորի են դիմում այն ժողովուրդները կամ ժողովրդական խմբերը, որոնք իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար այլևս այլընտրանք չունեն, քանի որ փակված են խնդրի կարգավորման բոլոր՝ իրավական, դիվանագիտական, ռազմական տարբերակները (ԻՌԱ, Հիզբալլահ, Համաս և այլն):

Այսինքն «ԱՍԱԼԱ»-ն դիտարկելով երկրորդ խմբի մեջ, եկանք այն եզրակացությանը, որ այդ խմբի ներկայացուցիչները անկախ նպատակների ուղղվածությունից, չունենալով այլ ելք կամ էլ էֆեկտիվ համարելով այդ ճանապարհը, ընտրում են քաղաքական պայքարի այդ տարբերակը: Իսկ նպատակների ուղղվածությունը շեշտելով՝ պետք է հստակ պատկերացնենք, որ և՛ ալ-Կաիդան, և՛ Ասալան որդեգրել են պայքարի նույն ուղղին, պարզապես տարբեր են նպատակներն ու գաղափարները: Պարզապես 2001 թվականին Միջազգային տեռորիզմի դեմ սկսված պատերազմը առաջ քաշեց այն մտայնությունը, թե տեռորը միանշանակորեն հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ, բացառելով այն հանգամանքը, որ այդ ճանապարհով ընթացել են նաև անտեսված և ճնշված ժողովուրդները: Օրինակի համար հրեաները երբեք չեն ժխտում, որ իրականացրել են տեռորիստական ակտեր (Դավիթ հյուրանոցի պայթեցումը), քանի որ միայն այդ ճնշման ներքո նրանք ի վերջո կարողացան Անգլիական կառավարությանը ստիպել տեր կանգնելու իրենց խոստումներին: Իսկ ի՞նչ պետք է անեին իռլանդացիները, մի՞թե նրանց պայքարը հիմնավորված և արդարացված չէր: Ի վերջո յակոբինյանների ու բոլշևիկների նախաձեռնած ահաբեկչական գործողություններն անխուսափելի էին և նույնիսկ տրամաբանական, քանի որ հեղափոխության արդյունքները պահպանել էր պետք։ Հայերը նույնպես չպետք է վախենան տեռորիզմ եզրույթից, քանի որ նրանք, չունենալով այլընտրանք, ընտրել են արդարության հասնելու քաղաքական պայքարի այդ օրինաչափ ուղղին:

Այլ խոսքով ասած տեռորիզմը միայն չի արտահայտվում իսլամիստներով.այն, ինչպես նշեցինք, բազմաշերտ, բազմաֆունկցիոնալ երևույթ է, որի դասակարգման և արժևորման հիմքում պետք է ընկած լինեն գիտական փաստարկները, այլ ոչ թե բարոյական վախեցած և խուսափողական պատճառաբանությունները, որոնք հնչում են ամեն օր: Ահաբեկչություն բառից խուսափում են նաև արդի Հայաստանում կատարվող քաղաքական գործընթացներն ըստ էության նկարագրելու համար, բայց՝ ի զուր։ Դա քաղաքական պայքարի տարակերպ է և պետք է անուն ունենա։

Մեկնաբանություն
X