Ջոտտո՝ հայ նկարիչը

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում նոյեմբերի 25-ից ցուցադրվում են հայ գեղանկարչության ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) շուրջ 62 աշխատանքներ՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, որոնց մեջ կան ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում:

Ցուցահանդեսը ներկայացնող բնութագրման մեջ ասվում է․ «Ցուցահանդեսի նպատակը Գեւորգ Գրիգորյանի (1897-1936) արվեստի համապարփակ ներկայացումն է, անշուշտ: Արվեստի պատմության էջերում իր կայուն դիրքն զբաղեցրած, արդեն որոշակի առումով դասական դարձած արվեստագետին անդրադառնալը հղի է մի շարք մարտահրավերներով, եւ առաջին հերթին չկրկնվելու խնդիրն է: Այնուամենայնիվ, մշտապես հնարավոր է բացահայտել նոր հորիզոններ, իսկ Ջոտտոյի պարագայում այդ հորիզոնները կապված են չցուցադրված կամ քիչ հայտնի ստեղծագործությունների, առաջին հերթին՝ գրաֆիկական աշխատանքների հետ: Այս շերտերում են ի հայտ գալիս Ջոտտոյի գեղագիտական մտածողության թաքնված ակունքները: Ցուցահանդեսը, բնույթով լինելով հետահայաց, նպատակ ունի բացահայտելու Գեւորգ Գրիգորյանին այն տեսանկյունից, որը մինչ այս շրջանառության մեջ չի եղել»:

Կարելի է ասել, որ Ջոտտոյի անունը միայն նեղ շրջանակներում է հիշատակվում, քչերին է ծանոթ Գեւորգ Գրիգորյանի հիրավի ուշագրավ, մասնահատուկ գեղանկարչական մտածողության, նրա տխուր ու նրբին վրձնահարվածների ամբողջական աշխարհը, որն իր կարեւոր տեղն է զբաղեցնում 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական կերպարվեստի շրջափուլերում: Երեւանում, հասցեն՝ Մաշտոցի պողոտա 45 ա, մուտք 6-րդ, գործում է նաեւ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը, որը հիմնադրվել է 1977 թվականին նկարչի այրու՝ Դիանա Ուկլեբայի անմիջական նախաձեռնությամբ։ Արվեստանոց-թանգարանը ներկայացնում է Ջոտտոյի կտավները, նաեւ այլ նյութեր՝ անձնական իրեր, ձեռագրեր, հրատարակություններ։ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի տնօրենն է նկարիչ, արվեստաբան Մարտին Միքայելյանը:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ջոտտոյական աշխարհին առավել բնորոշ «Ռեքվիեմ», «Թախիծ», «Վերջին ինքնանկարը» ստեղծագործությունների կողքին դրվում են այնպիսի գրաֆիկական աշխատանքներ, որոնցում պատկերվում է մեկ այլ հայեցակետ՝ գույնի, տրամադրության մեկ այլ ըմբռնում, ինչն էլ հնարավորություն է տալիս նկարչի գործերին մի նոր բազմաշերտության միջով մոտենալ: Ցուցադրությունը կգործի մինչեւ 2018 թվականի փետրվարի 25-ը։ Մուտքն ազատ է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Մեկնաբանություն
X