Դարձավ մի հատ էշ, իշու քուռակ ու փախավ Հայաստանից, քաղաքացիությունից էլ հրաժարվեց

Գեղարքունիքի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը ժամանակ առաջ հայտնվել էր չարաշահումների հետ կապված սկանդալում, քանի որ վերջինիս երբեմնի խորհրդական Վարդան Գրիգորյանը նրան մեղադրում էր մի շարք հանցանք-զանցանքներում:

Գրիգորյանը, ով առաջադրվել էր Աստղաձորում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրություններում, հայտնել էր, թե իր երբեմնի բոսը թալանել է համայնքի բյուջեն, բնակիչներից գաղտնի է պահել ավագանու նիստերը, աճուրդով վաճառքի է հանել համայնքի սեփականություն հանդիսացող հողերը՝ կոպտորեն խախտելով ՀՀ հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջները, ինչի արդյունքում իր որդին գնել է մեկ հեկտար հող:

Բացի այդ՝ ուռճացրել է գյուղապետարանի հաստիքացուցակը. նախատեսված 21 հաստիքներից գործել են 19-ը, մյուս երկուսը՝ ավտովարորդը եւ օպերատորը, որպես այդպիսին, գոյություն չեն ունեցել: Եվս 2 այդպիսի կեղծ հաստիք եղել է համայնքի մշակույթի կենտրոնում՝ փոխտնօրենի եւ տնտեսվարի, որոնց բոլորի աշխատավարձերը գրպանվել են: Յուրացվել են նաեւ աղբահանության, բնապահպանության եւ տրանսպորտային միջոցներին ուղղված գումարները, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերանների, մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարների մի մասը: Թեեւ վերը շարադրված չարաշահումների վերաբերյալ 2016 թ. հունիսին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), սակայն մի քանի ամիս անց գործը կարճվել էր հանցադեպի եւ հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական գործի կարճումը Գրիգորյանը բողոքարկել էր Գեղարքունիքի մարզի դատախազին եւ ՀՀ գլխավոր դատախազություն: Մի քանի օր անց նրան կանչել ու ասել էին, թե գործը կրկին կուղարկվի նախաքննության: Սակայն մեկ ամիս անց հայտնել էին, որ իր բողոքը թողնվում է առանց քննության, որովհետեւ լրացել է դատարան դիմելու ժամկետը: «Նրանք դիտավորյալ ուշացրին պատասխանը, որպեսզի ես չկարողանամ դիմել դատարան, իսկ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ոչ միայն ստորադաս դատախազությունում, այլ նաեւ Գլխավոր դատախազությունում շահագրգռված են կոծկելու համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումները»,-մամուլում ժամանակին ասել էր Գրիգորյանն ու հարցին, թե ինչու այդ դեպքում պատասխանատվության չի ենթարկվում գյուղապետը, պատասխանել էր. «Համայնքապետը հովանավորվում է վերեւների կողմից»:

Մենք զրուցեցինք Ռ. Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե տեղյա՞կ է Սերժ Սարգսյանի՝ համայնքի բյուջեն գրպանող, անամոթ համայնքապետերի մասին ելույթին, իրո՞ք չարաշահումներ էր թույլ տվել ժամանակին, սակայն ներում է ստացել «հովանավորների» կողմից:

-Ելույթին տեղյակ եմ մի թեթեւ: Ով թալանել ա, թող գնա պատասխան տա, իմ վրա բողոքել էին, հանրապետության դատախազը 6 ամիս մանրակրկիտ իմ տարիների աշխատանքն ուսումնասիրեց, մի հատ ավելորդ փաստաթուղթ իմ մոտ չկարացան գտնեին: Ընենց որ՝ ճիշտ էլ անում ա նախագան. ով թալանում ա, պետք ա էթա նստի:

- Ձեր նախկին խորհրդականն էր բողոքել նախագահի վերահսկողական ծառայություն…

-Էդ Գրիգորյանն աշխարհի ամենագող, հանցագործ, խաբեբա մի տիպ ա, բա ինչի՞ ա փախել Հայաստանից ընտանիքի հետ, տղուն էլ փախցրել ա Ռուսաստան, որ բանակից ազատի: Ինքը թող իրա բարոյական կողմերը պահի, նոր ուրիշներին մատնացույց անի: Հասկացա՞ք: Մորով, քրերով, ախպերներով էս տարի փախել ա, ՌԴ քաղաքացիություն ա ձեռք բերել, նա սկի ՀՀ քաղաքացի էլ չի հիմա:

- Նա, ում հետ 5 տարի աշխատել եք, Ձեզ մեղադրում էր բյուջեն թալանելու եւ մի շարք այլ կեղծիքների մեջ:

-Լավ, Դուք գրագետ աղջիկ եք, լրագրող եք, ես Ձեզ հասկանում եմ: Ո՞նց կարաս թալանես, եթե դու հաշվետվություն ես ուղարկում ե՛ւ մարզպետարան, ե՛ւ կառավարություն, որտեղ ստուգում են այդ ամենը: Որտե՞ղ ա էդ բյուջեն թալանված: Նա բողոքել էր 18 կետից, մանրակրկիտ: Եկան, ստուգեցին, մի հատ ավելորդություն չկարացան հայտնաբերել իմ մոտ: Վերջում էլ դատախազությունը գործը փակեց: Իսկ ինքը՝ Գրիգորյանը, դարձավ մի հատ էշ, իշու քուռակ ու փախավ Հայաստանից, քաղաքացիությունից էլ հրաժարվեց: Նման անբարոյական մարդիկները չեն կարող ուրիշի մասին կարծիք կազմեն կամ լրագրողական կազմակերպություններին դիմեն: Ես համայնքի ղեկավար եմ, կարաք գաք Աստղաձոր, ես հրավիրում եմ, հարցում կատարեք, պարզեք իմ աշխատանքը, վերաբերմունքը համայնքի հանդեպ: Էդ որ ասում ա՝ ավագանին (նկատի ունի նիստերը գաղտնի պահելը), ավագանու մի անդամ էլ իրա ախպերն էր, իմ գողացած գումարները ո՞նց էր ստորագրում: Ես որ գողացող, թալանող ըլնեի, երրորդ անգամ չէի ընտրվի: Ինքն էլ իմ դեմ ժամանակին թեկնածությունը դրեց, 12 միլիոն փող բաժնեց, հիմա էլ ընկել ա բանկերի տոկոսների տակ, ճռռում ա, գնացել ա Ռուսաստան, որ աշխատի, բերի բանկի փողերը փակի: Ես կյանքում ո՛չ ստախոս եմ, ո՛չ էլ ավելորդ բան եմ ուզում ասեմ ուրիշի հասցեին, ես պարկեշտ, չափի մեջ, ծանրակշիռ տղամարդ եմ:

- Պարոն Խաչատրյան, իսկ Ձեր աշխատավարձը որքա՞ն է, եթե գաղտնիք չէ:

-Իմ աշխատավարձն օրենքով սահմանված է, ես ո՛չ իրավունք ունեմ ավել դնեմ, ո՛չ էլ օրենք խախտեմ, որ հետո պատասխան տամ:

- Իսկ Ձեզ հայտնի՞ են այլ համայնքների ղեկավարների կողմից արված չարաշահումները, թեկուզ Գեղարքունիքի մարզից:

-Կներեք, իմ կողմից բարոյական չի լինի, որ ես ուրիշի նկատմամբ ինչ-որ բաներ ասեմ: Ես չգիտեմ, ես մի քիչ կաթոլիկ եմ, եթե անզեն աչքով մի բան չտեսնեմ, չեմ կարող ասեկոսներով ասել, որ նման բաներ կա: Եթե կան նման մարդիկ, կան համապատասխան ատյաններ, թող ձերբակալեն, կալանավորեն, ինչի՞ են մինչեւ հիմա թողել ազատության մեջ: Մի 10 հոգու թող կալանավորեն, էն 90 հոգին էլ խելքի կգան, խելոք կաշխատեն:

- Մի խոսքով, Դուք պնդում եք, որ մաքուր եք աշխատում: Նախագահն ասել է, որ նոր տարուց հետո ներում-բեկում չի լինելու:

-Հարյուր տոկոսով, ես հայելու պես փայլում եմ, իմ աշխատանքներն ազատ, հրապարակային, սաղ դրած ա կայքում, հրապարակվում ա, ես տարին մեկ անգամ համայնքի ժողով էլ եմ հրավիրում: Ընենց չի, որ ես մյուսների նման թաքցնում եմ, իմ ամբողջ աշխատանքը երեւում ա: Ես 10 տարվա մեջ առաջին անգամ խրախուսել եմ իմ աշխատողներին՝ 19 հոգու, որ հարկերը 108 տոկոսով հավաքագրել են: Ըտենց բան մինչեւ հիմա չի եղել, ես ամեն տարի կատարում եմ, էս տարի ասեցի՝ եթե գերակատարեք, ապառքների հարցը լուծելու լինեք, ես ձեզ կխրախուսեմ: Իմ աշխատողները շատ անշահախնդիր մարդիկ են, մտել են տներ, բացատրել են… Իմ մոտ ապառքներ շատ են գոյացել, ես կառավարությանն էլ հայտնել եմ այդ մասին: Հիմնականում սա անճշտությունների հետ ա կապված՝ հողեր չկան բնության մեջ, բայց մարդկանց վկայականներ են տվել: Կամ հակառակը՝ մարդիկ հող ունեն, վկայական չունեն: Քաղաքացուն դիմում ես, ասում ես՝ քո պարտականությունները չես կատարում, ինքն էլ ասում ա՝ այ ցավդ տանեմ, դուք ինձ իմ թուղթը՝ իմ վկայականը տվեք, ես էլ իմ հարկերը մուծեմ: Էդ մարդիկ ճիշտ են, ես դիմել եմ կառավարություն ու հայտնել, որ 50-60 տոկոսի պատճառը անճշտություններն են: Ժամանակին սխալ չափագրումներ են արել, սխալ տեղեկատվություն է տրվել գյուղապետարանի կողմից, անունների, ազգանունների անճշտություններ եւ այլն:

- Իսկ որքա՞ն գումար եք հատկացրել խրախուսմանը:

-Դե, մոտ մի միլիոնի չափով, էլի…

- Համայնքի բյուջեն որքա՞ն է:

-Իմ բյուջեն շատ ա, 104 միլիոն ա, որից մոտ 15-16 միլիոնը հարկերից ա գոյանում:

- Ձեր նախորդից ինչպիսի՞ համայնք եք ժառանգություն ստացել:

-Ես երեք տարի աշխատել եմ, մենակ դատարանների գումարներ եմ փակել, աշխատավարձերի պարտքերը, մշակույթի տան պարտքերը եւ այլն:

- Նախկին եւ ներկա մարզպետների հետ ի՞նչ հարաբերություններ ունեք: Կարեն Բոթոյանը նոր մարդ է, հետը լեզու գտնել կարողացա՞ք:

-Գործող մարզպետի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ: Նախկինների հետ էլ՝ վատ, գիշեր-ցերեկ պայքարի, լարվածության մեջ էի: Եթե ես Ձեր ասած չարաշահումներն արած լինեի, մի կոպեկ գողացած լինեի, նրանք կներեի՞ն ինձ իմ սիրուն աչքերի համար, ինձ անմիջապես կուղարկեին դատախազություն, կասեին՝ սա 100 դրամ փող ա գողացել, մի հատ հլը գործ հարուցեք սրա վրա:

- Իսկ նախկին մարզպետների հետ ինչո՞ւ էիք վատ:

-Որովհետեւ նրանք իրանց շահերն էին պաշտպանում, ես էլ՝ իմ համայնքի: Ես 10 տարի համայնքի ղեկավար եմ, մի հատ ծրագիր Աստղաձորի վերաբերյալ իրանց կողմից չեմ տեսել: Դրա համար ես իմ ուժերով եմ դիմել, ծրագրեր եմ բերել: Գնացել եմ նախարարություններ, խնդրել եմ, ասել եմ՝ էս ծրագիրը տվեք, ես ներդրում կկատարեմ, էդ ծրագիրն անհրաժեշտ ա գյուղին եւ այլն: Մի խոսքով՝ ինչ որ արել եմ, իմ ուժերով եմ արել: Էն օրն էլ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էին բոլորը՝ տարածքային կառավարման նախարարությունից, փոխվարչապետ, մարզպետ եւ այլն, ասել եմ՝ էս մարզպետարաններն ինչի՞ համար չեք լուծարում, էդ կույրաղիքն ինչի՞ համար եք պահում, դա ինչո՞վ ա օգուտ տալիս մեր երկրին: Էդ մարզպետարաններին հատկացվող միլիոնավոր փողերով կարա 100 հատ համայնքի բյուջե լցվի: Ոչ թե՝ նստել են ժողովրդի վզին, ինձ էլ կամակատա՞ր եք պահել: Տարածքային կառավարման նախարարության Գիլոյանն էլ ասաց, թե էդ էլ կլուծարենք, կխոշորացնենք: Ես էլ ասի՝ այո, առաջինը էդտեղից պիտի սկսեք:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X