Մամուլի տեսություն

«Փաստ». ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ԱԺ–ում աշխատելը շատերի համար ոչ միայն «պրիստիժ է» եղել, այլեւ՝ շահավետ: Օգուտներից հատկապես ամենաուշագրավն ամանորյա տոներից առաջ, այսպես ասած՝ Ձմեռ Պապի կողմից «տրվող» նվերի տոպրակներն են եղել, որի պարունակությունը տարբեր հաշվարկներով, մոտ 15–ից 20 հազար դրամ է կազմել:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, սակայն, որոշել է խախտել այս «ավանդույթը», համարելով, որ «խորհրդարանը մալաթիայի յարմարկան չի»: Փաստորեն, երկար տարիներ օրենսդիրները ոչ միայն մանդատներն են տոնավաճառի «ապրանք» դարձրել, այլ ընդհանրապես այս կարեւորագույն կառույցին վերաբերվել են որպես տոնավաճառի: Եվ այդկերպ, տարիներ շարունակ արել են, ինչ ուզել են: Մեկի բիզնեսի առաջխաղացմանն են օգնել, մյուսի գործն են «դասավորել» եւ որպես փոխհատուցում լավության դիմաց ամանորյա «տոպրակներ» բաժանել ու լավամարդ դարձել:

Փաստորեն, դա է պատճառը, որ չխոսկան պատգամավորները այդ անցուդարձին մոտիկ լինելու համար ամեն ընտրություններից առաջ մի փեշ գումար են ծախսել, միայն թե պատգամավորի մանդատ ստանան ու այդ կռուգից դուրս չմնան: Ու հիմա, կարծես կամաց–կամաց «հին ավանդույթներն» արմատախիլ անելու ժամանակներն են վրա հասել: Եվ այս տարի ոչ միայն տոպրակներ բաժանելու վերջը կդրվի, այլեւ՝ ԱԺ–ի բակում տոնական տոնածառ դնելու եւ միջոցառումներ կազմակերպելու:

Այսպիսով, ԱԺ նախագահը որոշել է կոռուպցիայի դեմ պայքարում իր մասնաբաժինն այսկերպ ընդգծել, քանի որ բոլորին էլ պարզ, թե միջոցառումներ «կազմակերպելն» ընդհանրապես ինչքան եկամտաբեր «զբաղմունք» է: Այսինքն՝ փող լվանալու առիթ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X