Առանձին անհատների հեղինակության եւ փողի վրա հիմնված միավորներ

Քաղաքական դաշինքները, որպես կանոն, Հայաստանում երկար կյանք չեն ունենում։ Կուսակցություններն ու անհատ գործիչները այս կամ այն կարճաժամկետ խնդրի շուրջ պարբերաբար միավորվում են եւ կարճ ժամանակ չանցած՝ արագ «ամուսնալուծվում»։ Պատճառները, իհարկե, բազմազան են, բայց առաջնային խնդիրը թերեւս այն է, որ պայքարի ընդհանուր ճակատում հայտնված ուժերը չեն կարողանում գործունեության երկարաժամկետ թիրախներ ընտրել։ Համանման դաշիքներն իրենց առջեւ չափազանց փոքր խնդիրներ են դնում, օրինակ՝ ուժերը, դաշինք են կազմում, որ համատեղ կարողանան ԱԺ մտնել, քանի որ առանձին-առանձին հաղթելու որեւէ շանս չունեն։ Դրանք հիմնականում տառապում են «մանդատիզմով», այն է՝ ամեն կերպ մանդատ ստանալու մոլուցքով եւ ոչ ավելին։

Այսինքն՝ դաշինք կազմող քաղաքական ուժերը չունեն գաղափարական ընդհանրություն եւ ռազմավարական համատեղ գործակցության պատրաստակամություն։ Դրանք ավելի շատ առանձին անհատների հեղինակության եւ փողի վրա հիմնված գոյացություններ են եւ չունեն ինստիտուցիոնալ կառուցվածք։

Ահա, սրանք են այն հիմնական պատճառները, թե ինչու քաղաքական դաշինքներն արագ կազմաքանդվում են կամ էլ հեշտությամբ չեզոքացվում իշխանական մեքենայի առաջին իսկ գրոհի դեպքում։

Դաշինքների՝ որպես քաղաքական միավորների, կայացման գործընթացին խոչընդոտում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում առաջին հերթին կայացած չեն հենց կուսակցությունները։ Դասական իմաստով Հայաստանում ինստիտուցիոնալ կուսակցական համակարգեր գրեթե գոյություն չունեն։ Սրանից ելնելով՝ չեն կարող լինել նաեւ կենսունակ դաշինքներ։

Հայաստանի կուսակցությունները, որպես այդպիսին, արհեստական քաղաքական կառույցներ են, ինչի արդյունքում դրանք ամեն օր, ամեն ժամ դառնում են էլ ավելի խոցելի, քանի որ հրամայական է դառնում ներսից պայթեցման սպառնալիքը: Խնդիրն այն է, որ դրանք ժամանակին ձեւավորվել են որոշակի շահերի ամբողջացման եւ ինտենսիվ սպասարկման արդյունքում, այսինքն` կոնցեպտուալ առումով չկա որեւէ գաղափարական, քաղաքակրթական հիմք, որը կարող է միավորել աշխարհայացքային տարբեր ամպլուաներում գտնվող կուսակցական գործիչներին: Փաստորեն, փոքրիկ ընդդիմադիր կուսակցությունները տարասեռների ամբողջություն են, որոնց շուրջ պտտվող տարաբնույթ «ատոմները» կենտրոնի ձգողականության թուլացման դեպքում ինտենսիվորեն կարող են տեղափոխվել եւ պտտվել բոլորովին այլ կենտրոնի շուրջը: Օրինակ՝ առաջնորդների չեզոքացումից հետո դրանք կարող են այլեւս գոյություն չունենալ, կամ էլ դրանց գործունեության թիրախները կապված են կուսակցապետի կամքի եւ քմահաճույքի հետ։ Այսինքն՝ դրանք չունեն նաեւ ներքին ժողովրդավարություն, եւ շարքային կուսակցականները որեւէ դեր չեն խաղում։

Ասվածի վառ ապացույցն են վերջին՝ ապրիլյան ընտրություններում ստեղծված քաղաքական դաշինքներն ու կուսակցությունները։ Օրինակ՝ «ՕՐՕ» դաշինքն արհեստական միավորում էր, որը կազմաքանդվեց առաջին իսկ անհաջողությունից հետո։ Դաշինքի նախկին անդամները ներկայումս որեւէ առնչություն չունեն իրար հետ։ «Ծառուկյան դաշինքի» գոյության միակ ու բացառիկ երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է։ Եթե իշխանությունները որոշեն նորից նրան հեռացնել քաղաքական ասպարեզից, ապա կանհետանա նաեւ այդ դաշինքը։

Խիստ մշուշոտ է նաեւ «Ելք» դաշինքի ճակատագիրը։ «Ելք»-ականները դեռեւս նախընտրական կամպանիայի ժամանակ շեշտադրել էին մեկ կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի հաջողվում միավորվել մեկ կուսակցության շրջանակներում, այլ նաեւ կասկածի տակ է դրված դաշինքի երկարաժամկետ գործունեությունը։

Քաղաքական դաշինքների վաղամեռիկության օրինաչափությունը Հայաստանի 26 տարվա գոյության անբաժան դրսեւորումներից մեկն է, ինչն ապացույցն է այն բանի, որ Հայաստանում քաղաքական համակարգ գոյություն չունի։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X