Միֆերն այնքան են կերել այս երկիրը, որ թուրքին պատկերացնում ենք յաթաղանով

«Ի՞նչ անենք, որ անտառից չվախենանք՝ պետք է գնանք անտառ, շփվենք անտառի հետ կամ կարդանք անտառի մասին։ Այդպես էլ՝ Թուրքիայի դեպքում․ որպեսզի Թուրքիան չմիֆականացվի, պետք է տեսածը բերենք Հայաստան ու Հայաստանի կյանքի մասին պատմենք Թուրքիայում, որպեսզի ճանաչենք այն Թուրքիան, որը կա, թուրքերն էլ ճանաչեն այն Հայաստանը, որը կա։ Իսկ դա մենք 2 ճանապարհով ենք տեսնում՝ անմիջականորեն մարդկանց գալ-գնալով, եւ երկրորդ՝ գրականությունը բերել-տանելով»,- ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով ՀԳՄ դահլիճում ներկայացնում էր վերջին տարիներին միայն իրենց հրատարակչության կողմից հրատարակված թուրք ժամանակակից գրողների գրքերը, որոնք թարգմանվել են հայերեն։

Ինչպես նկատում է Մարտիրոսյանը՝ վերջին 50 տարում թուրքերը հրատարակել են մոտավորապես 2 հազար հայալեզու գիրք, որոնք հիմնականում թարգմանվել են արեւմտահայերենից, շատ գրքեր էլ՝ ռուսերենից։ Ինչ վերաբերում է ժամանակակից հայ գրողներին, ապա 3 տարի առաջ «Առաջին գրական գործակալության» ջանքերով թուրքերեն թարգմանվել եւ հրատարակվել է Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» գիրքը, իսկ ընդհանրապես՝ Մարտիրոսյանը կարծում է, որ վերջին հանդիպումները թուրք հրատարակիչների հետ խոստումնալից են․ «Մենք էապես զիջում ենք թուրքերին, մոտ 10 գիրք մեր հրատարակչությունն է հրատարակել, երեւի մի 10 գիրք էլ ընդհանրապես է արվել, բայց լիքը գործ ունենք անելու, որպեսզի ճանաչենք այն Թուրքիան, որն այսօր կա»։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի դիտարկմամբ, այսօր պետք է կարողանանք նաեւ հակառակ գործընթացն ապահովել՝ հայերենից թուրքերեն թարգմանել հայ գրականությունը։ Տարիներ շարունակ թուրքերենից արվել են թարգմանություններ, հայերեն հրատարակվել են շատ գրքեր, իսկ վերջին տարիներին ակտիվորեն սկսեցին ներկայացվել հիմնականում թուրք ժամանակակից գրողների հայտնի ստեղծագործությունները՝ Փամուկից սկսած մինչեւ Շաֆաք։ Առաջիկայում՝ դեկտեմբերի 16-ին, հայ ընթերցողին կներկայացվի թուրք գրող Բիրգյուլ Օղուզի հայերեն հրատարակված «ՀԱՀ» վեպը։

Անդրադառնալով թուրք գրողի հետ իր ծանոթությանն ու համատեղ աշխատանքային փորձառությանը՝ արձակագիր Արմեն Օհանյանը նշեց, որ ամեն ինչ սկսել է ընկերությունից․ ինքն ու Բիրգյուլ Օղուզը միասին ԱՄՆ-ում երկու շաբաթ ապրել են գրական կացարանում, ընկերացել, ամենածանր հարցերն իրար հետ քննարկել եւ առնվազն իրենց օրինակով կարող են փաստել, որ մի հաջողված ընկերության պատմություն կա․ «Ու շատ ուրախ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում այսօր հայ ընթերցողն ունի այս գիրքը, կարծում եմ՝ կարեւոր մի գիրք, որի վրա աշխատել է 7 թարգմանիչ»։

Գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանն էլ նկատում է, որ Բիրգյուլ Օղուզի գիրքը մինչեւ հայերեն թարգմանվելը տասնյակից ավելի լեզուներով է թարգմանվել։ «Ո՞րն է այս թարգմանության աղը, եւ ինչո՞վ է այս գիրքը տարբերվում թուրքերենից կատարված մյուս թարգմանություններից։ Բանն այն է, որ գիրքը թարգմանել ենք մի թարգմանական մեթոդով, որը համագործակցային թարգմանության մոդել է եւ կոչվում է ջունդայի մոդել։ Այսինքն՝ մի վայրում հավաքվել են մոտ տասը թարգմանիչներ եւ Բիրգյուլ Օղուզի այս վեպը թարգմանել թուրքերենից անգլերեն, հայերեն թարգմանությունը կրկնել է այդ մոդելը։ Տվյալ դեպքում մենք ունեինք 7 թարգմանիչ, որոնցից միայն մեկն էր, որ գեղարվեստական թարգմանության որոշակի փորձ ուներ։ 7 օր հավաքվելով Դիլիջանում՝ 7 թարգմանիչներ 2-3 հրավիրյալ մասնագետների հետ աշխատել են գրքի վրա։ Ես նախագծին մասնակցել եմ որպես խմբագիր»,- ասում է Բոյաջյանն ու հավելում, որ գիրքը բաժանվել է 7 թարգմանչի միջեւ, ովքեր ամեն օր աշխատել են թարգմանված կտորների վրա, վերջում ի մի բերել ու հավաքել այն ամենը, ինչ ստացվել է համագործակցության արդյունքում (վեպի թարգմանիչներն են Արփի Աթաբեկյանը, Նարինե Թադեւոսյանը, Անի Սարուխանյանը, Արտակ Շաքարյանը, Վարդուհի Բալյանը, Տաթեւիկ Սարգսյանը, Սաթենիկ Պետրոսյանը, խմբագրել եւ ծանոթագրել են Զավեն Բոյաջյանն ու Արմեն Օհանյանը)․

«Գիրքը թեեւ ծավալով մեծ չէ՝ պատմվածաշար է, որը հավակնում է վեպ կոչվելու, բայց թարգմանական առումով բավական բարդ գործ է՝ պոստմոդեռնիստական գործ, որտեղ շատ են միջտեքստային հղումները։ Մենք ստացանք շատ հետաքրքիր թարգմանական գործ, որը թարգմանական առումով գրեթե անխոցելի է, որովհետեւ ամեն ինչ ստուգված է, ճշտված, համեմատված»։ Ի դեպ, թարգմանական պրոցեսին Դիլիջանում մասնակցել է նաեւ հեղինակը, ինչը հնարավորություն է տվել բոլոր անհասկանալի թերըմբռնված հարցերը պարզել հենց նրա անմիջական օգնությամբ։ Սա էլ նպաստել է, որ գիրքը թարգմանվի հայերեն՝ առավելագույնս հարազատ մնալով թուրքերենին։

Ըստ Բոյաջյանի՝ Հայաստանում առաջին անգամ կիրառվեց այս թարգմանական մոդելը, որը բավականին բարդ է կիրառման համար, որովհետեւ ենթադրում է մասնակիցների շարունակական համագործակցային աշխատանք, ինչն ունի իր թերի եւ դրական կողմերը, քանի որ 7 տարբեր մարդիկ թարգմանում են իրենց նախընտրած ձեւով, իսկ այդ բոլոր ձեռագրերը համադրելը նույնպես ունի իր բարդությունները․ «Այս դեպքում 7 խելքը շատ ավելի լավ էր, որն անընդհատ հուշում էր թարգմանական նորանոր մոտեցումներ, տարբեր հնարքներ, եւ այդ առատության մեջ հնարավոր է եղել ընտրել լավագույն տարբերակը, ամենաարդյունավետը, որի արդյունքում ունեցանք շատ բարեհաջող թարգմանված գիրք»։

Գրող Առաքել Սեմիրջյանի կարծիքով՝ այնքան էլ հեշտ չէ Հայաստանում կարողանալ թուրք գրականությանն անդրադառնալ, քանի որ ամբողջ հասարակությունը լիցքավորված է միֆերով, որոշակի ձեւով՝ նաեւ վախերով։ «Ես շատ կուզեմ, որ այս փորձը կատարվի նաեւ Թուրքիայում, մեր գրողներից որեւէ մեկը գնա Թուրքիա, եւ էլի 7 թարգմանիչների միջոցով իր գիրքը թարգմանվի»։ Ինչ վերաբերում է ընդհանրապես Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա, ըստ Սեմիրջյանի, միակ խնդիրն ապամիֆականացման խնդիրն է։ «Որովհետեւ միֆերն այնքան են կերել այս երկիրը, որ թուրքին պատկերացնում ենք յաթաղանով…, բայց երբ նրանց գրականության հետ ես ծանոթանում, տեսնում ես, որ թուրքին էլ նույն խնդիրներն են հուզում՝ հոր կորուստը, սերը, մարդկային հարաբերությունները, արժեքների պայքարը, հիասթափությունը, այսինքն՝ նույն մարդն է»,- ասում է Սեմիրջյանն ու հավելում, որ վերջին շրջանում թարգմանվող գրքերի մեջ իրեն դուր է գալիս նաեւ այն հանգամանքը, որ ցեղասպանությանն անդրադարձ չկա, կա միայն գրականություն եւ մարդու տեսակ․ «Երբ նախատեսում էինք այս հանդիպումը, կատակով իրար ասում էինք՝ հիմա մեր Թուրքիա՞ն, թե՞ Թուրքիայի մերը, իսկ եթե ավելի լուրջ՝ ապա ամեն մեկս մեր մեջ ունենք մեր Թուրքիան, եւ Թուրքիայի մի մասն էլ մերն է, որը պետք է կարողանանք դուրս հանել եւ, ճանաչելով Թուրքիան, ճանաչենք նաեւ մեզ»։

Մենք ոչ միայն իրազեկված չենք, թե ինչ է կատարվում Թուրքիայում, այլ նաեւ ծանոթ չենք թուրքական առաջադիմական մտքին՝ կարծում է Արմեն Օհանյանը․ «Թուրքիայում ապրող լավ, ճանաչված գրողների մեծ մասն իրենց ստեղծագործություններում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, դա միայն Փամուկը չէ, նա ուղղակի այդ գրականության մեծ աստղն է։ Օրինակ՝ «Մեր միջի հայը» գրքում 36 անվանի թուրք հեղինակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հրատարակել են այդ անթոլոգիան, որտեղ տարբեր ոճի գործեր կան՝ պատմվածք, պոեզիա, հրապարակախոսություն, 36 հեղինակ՝ մի գրքի մեջ, որոնք բոլորն էլ մեծ աստղեր են թուրքական գրականության մեջ, բայց մենք չգիտենք այդ մարդկանց, չենք կարդում, չենք թարգմանում նրանց, եւ մեզ թվում է, թե Թուրքիայում Փամուկից բացի այլ գրող չկա»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X