Աստղադիտարանի հետ գործակցողների աշխարհագրությունն ընդլայնվում է

Տասնամյակներ առաջ Վիկտոր Համբարձումյանին հաջողվեց համաշխարհային աստղաֆիզիկայում ստեղծել նոր ուղղություններ՝ ապացուցելով, որ շարունակում են նոր աստղեր ծնվել, որ կա գալակտիկաների միջուկների ակտիվություն եւ այլն: Դրանք ոչ միայն այցեքարտ դարձան՝ միջազգային ճանաչում բերելով աստղադիտարանին, այլեւ սկսեցին մշակվել աշխարհում:

71 տարի գործող Բյուրականի աստղադիտարանին հաջողվում է պահպանել ճանաչված գիտական կենտրոնի հեղինակությունն ու արձանագրել նոր հաջողություններ: Միջազգային աստղագիտական միության որոշմամբ, աշխարհում գործում է աստղագիտության զարգացման 8 կենտրոն: Մեկը Բյուրականի աստղադիտարանն է, որին 2015թ.-ից անդամակցող երկրների աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է. Իրան, Վրաստան, Տաջիկստան, Ղազախստան, իսկ վերջերս Երեւանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտաժողովի ժամանակ նաեւ Թուրքիան միացավ:

Բյուրականի աստղադիտարանում հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունը շարունակում է մնալ համբարձումյանականը՝ տիեզերքում անկայուն երեւույթների հետազոտումը եւ տիեզերական օբյեկտների առաջացման մեջ դրանց նշանակության բացահայտումը: Դրան զուգահեռ սկսվել են նաեւ կիրառական հետազոտություններ։ Մյուս կողմից՝ կիրառական հետազոտությունները թույլ են տալիս բյուջեից բացի այլ գումարներ վաստակել՝ տարիների անգործությունից հետո վերագործարկված դիտակներն ու եղածը պահպանելու համար: «Երկրաշարժից, ապա նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 90-ականներին գիտությունը հայտնվեց բավականին ծանր վիճակում. շատերը հեռացան աստղադիտարանից: Համբարձումյանը մինչեւ իր մահը շարունակում էր գալ աշխատանքի։ Նրա վարակիչ օրինակը պահեց այն գիտաշխատողներին, որոնց համար մասնագիտությունը նաեւ կենսակերպ էր: Գիտությանը նվիրվածությունն ու ուսուցչի, ավագ գործընկերոջ օրինակը պահպանեցին աստղադիտարանի հետագա գոյությունը: Սակայն գիտությունը չէր կարող զարգանալ առանց ֆինանսական ներդրումների: Բյուրականի աստղադիտարանին առաջինն օգնության հասան ֆրանսիացի գործընկերները՝ օգնելով վերականգնել 2.6 մ-անոց դիտակի աշխատանքը: Նույն 90-ականներին այդ մեծ դիտակի համար ընդունիչ սարքավորում հատկացրին ռուս գործընկերները։ 2000-ականների կեսերին արդեն, առաջին անգամ, պետբյուջեից բացի, աստղադիտարանին աջակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ զգալի ներդրում կատարելով 3 տարբեր նպատակներով: Աստղադիտարանի կյանքում դա եզակի դեպք է դիտարկվում մինչ օրս, քանի որ մասնավոր որեւէ այլ ընկերություն այդպիսի լուրջ ներդրում այստեղ չի կատարել:

Կարծես այն զարթոնք ապրեց: Նախորդ տասնամյակների ընթացքում հսկայական աշխատանք իրականացրած, սակայն գրեթե չաշխատող (իսկ շատ հայտնի մեկ մետրանոց դիտակն առհասարակ չէր աշխատում) դիտակներն սկսեցին աշխատել: 2007թ.-ից սկսվեց մետրանոց դիտակի վերականգնումը: Նվեր ստացած գումարներով վերականգնվեցին 2.6 մ-անոց դիտակի կառավարման սենյակը, հեղուկ ազոտի ստացման համակարգը, առանց որի հնարավոր չէ դիտումներ իրականացնել: Ներգրավվեցին նոր երիտասարդ գիտաշխատողներ»,- հիշում է աստղադիտարանի նախկին տնօրեն, այժմ փոխտնօրեն Հայկ Հարությունյանը: Ավելի ուշ՝ 2010-ականների սկզբից, Բյուրականում ռուսական «ՌոսԿոսմոս» գործակալության համար սկսվեցին կիրառական հետազոտություններ։ Այդ նախագծի շրջանակում երկրաշուրջ տարածության մոնիտորինգ է իրականացվում մարդածին եւ բնական աղետների կանխազգուշացման նպատակով։ Երկիր մոլորակի շուրջը մեծ արագությամբ պտտվող արբանյակների, դրանց եւ հրթիռների մասերի կուտակման հետեւանքով շուրջ 5000-6000 տոննա մետաղ է հավաքվել, ինչը լուրջ վտանգ է արբանյակների համար։

Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի կարեւորագույն աստղադիտարաններից մեկը համարվող Բյուրականի աստղադիտարանը հավակնում է դառնալ նաեւ գիտական տուրիզմի խոշոր կենտրոն:

Մեկնաբանություն
X