Նոր թղթադրամների դիզայնը կփոխվի՞, թե՞ կմնա նույնը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու մեր նոր թղթադրամների ճակատագիրը, կարո՞ղ է փոխեն աղմուկ հանած դիզայնով տարբերակները։ Հիշեցնենք` ԿԲ-ն որոշել է նոր թղթադրամներ դնել շրջանառության մեջ՝ լրիվ նոր դիզայնով, որոնց մեջ կան նաեւ 2000 դրամանոցներ, որը նորություն է դրամի շուկայում։ ԿԲ-ի նախնական առաջարկած էսքիզները բուռն քննարկվեցին սոցցանցերում եւ հիմնականում քննադատվեցին, քանի որ շատերը քննադատեցին, որ չի կարելի Չարենցին Սեւակով փոխարինել, թղթադրամի վրա Այվազովսկու, Վիլյամ Սարոյանի կամ Տիգրան Պետրոսյանի նկարները պատկերել, որոնք ապրել եւ ստեղծագործել են ոչ Հայաստանում։ Թեպետ՝ ճաշակին ընկեր չկա, բացի այդ՝ թղթադրամների դիզայնի լավի ու վատի վերաբերյալ մասնագիտական կարծիք էլ դեռեւս հստակ չի հնչել։

«Դեռ չենք ավարտել, դա դիզայն չէ, էսքիզներն են, դիզայնը երբ որ լինի, կներկայացնենք»,- ասաց Ջավադյանը՝ տեղեկացնելով, որ մոտ օրերս ասուլիս են հրավիրելու այդ թեմայով։

-Հնարավո՞ր է այս էսքիզները փոփոխության ենթարկվեն, ամեն դեպքում։

-Էսքիզն արդեն ի՞նչ է նշանակում։

-Որ նախնական տարբերակն է։

-Ուրեմն Դուք պատասխանեցիք այդ հարցին։

-Այսինքն՝ կարող են փոփոխվե՞լ՝ անսալով նաեւ հանրության քննադատություններին։

-Քննադատություն չկա, կան տարբեր կարծիքներ։

-Իսկ ե՞րբ կհաստատվի այդ էսքիզների վերջնական տարբերակը։

-Երբ որ մրցույթն ավարտվի։ Աշխատանքները ներկայացվել են, հիմա սպասում ենք, որ մրցույթն ամփոփվի։

-Իսկ հնարավո՞ր է մանրադրամների հարցում էլ փոփոխություններ լինեն եւ նոր՝ ավելի ցածր արժեքի մանրադրամներ էլ թողարկվեն՝ 10 դրամից ցածր, որ այդ մանր դրամները չփոշիանան։

-Չէ, դրա կարիքը չկա։

-Բայց թե՛ Ռուսաստանում, թե՛ շատ այլ երկրներում նման մանրադրամներ թողարկվում են։

-Չէ, դրա կարիքը չկա, անիմաստ ծախս է դա։

-Պարզապես այդ 2, 3 կամ 5 դրամները հաճախ կորում են, մինչդեռ դրանք գումարվելով՝ մեծ գումար են դառնում առեւտուր անելիս։

-Իմաստ չունի, որովհետեւ կա համապատասխան թվաքանակ, դրա կարիքը չկա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X