Ինքը Մարտունու ու մարտունեցու պատիվը չի, այլ մեր պատիվը վարկաբեկող մարդ է․Մարտունու քաղաքապետը՝ Հակոբ Հակոբյանի մասին

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում պատրաստվում են ամանորյա միջոցառման, որի համար համայնքի 2017թ․ բյուջեի վարչական մասից 1մլն. 950 հազար դրամ են հատկացրել, որից 600 հազար դրամը՝ մանկապարտեզների երեխաներին նոր տարվա նվերների գնման, 650 հազար դրամը՝ տոնածառի զարդարման պարագաների, 700 հազար դրամն էլ Ամանորի միջոցառմանը սննդի գնման համար. «Զարդարելու համար ամեն բան ունենք, նախկինից ամեն զարդարանք ունենք, դրա համար էլ շատ գումար չենք ծախսել: Մոտ 1150 երեխաների տոնական տոպրակներ ենք նախապատրաստել եւ ամանորյա շոու ծրագիր, որի համար համայնքի բյուջեից հատկացրել ենք 700 հազար դրամ»,- ասաց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

-Ավագանու որոշմամբ Ձեր աշխատավարձը սահմանել եք 440 հազար դրամ, բարձրացրե՞լ եք աշխատավարձը:

-Նախկին քաղաքապետի աշխատավարձը 470 հազար դրամ էր, իմ աշխատավարձը 30 հազար դրամով ցածրացրել եմ, մնացած աշխատակիցների աշխատավարձը նույնն է:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր տարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի արտահայտությանը, որ թանկացումը աղքատների վրա չի ազդի:

  • Եթե մեկը մեր տարածքից ընտրվել է եւ կարողանում է նման արտահայտություն անել, շատ վատ ենք վերաբերվում, քաղաքապետարանի լրատվական բաժինը կարձագանքի: Աղքատն էլ է իմ քաղաքացին: Աղքատի համար իմ սիրտը ավելի շատ է ցավում, քան թե հարուստի, եւ պատահական չէ, որ Մարտունու քաղաքապետարանը տարիներ առաջ ասում էին հարուստների քաղաքապետարան, հիմա ասում են աղքատների քաղաքապետարան, քանի որ ես ապրում եմ իմ քաղաքացու օրով, դարդով ու ցավով, աշխատում եմ այնպես անել, որ իմ քաղաքացին իրեն լավ զգա: Ես ափսոսում եմ, որ նման պատգամավոր ունենք: Պարոն Հակոբյանը ոնց իր ամբողջ կյանքում ինչպես ընտրվել է, այնպես էլ շարունակել է ընտրվել: Ինքը ժողովրդի կողմից չի ընտրվել: Նա ուղիղ աշխատել է աղքատ խավի հետ, մի քանի կոպեկ փող տվել ու ընտրվել: Արդար ճանապարհով իրեն մի հոգի էլ ձայն չի տվել: Ինքը Մարտունու ու մարտունեցու պատիվը չի, այլ մեր պատիվը վարկաբեկող մարդ է, ինչ մտածում է, էնպես էլ խոսում է:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X