Ատոմակայանի համար նոր տուրբոգեներատոր է ձեռք բերել

Հայկական ատոմային էլեկտրակայանը նոր տուրբոգեներատոր է ձեռք բերել։ «Ռուսատոմ սերվիս» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոր տուրբոգեներատորը կփոխարինի հնին, որը պատրաստվել էր նախորդ դարի 70-ական թվականներին։ Սանկտ Պետերբուրգից մինչև Հայաստան տեղափոխումը կատարվել է երկեւ էտապով՝ նախ ծովային ճանապարհով՝ մինչև Փոթիի նավահանգիստ, այնուհետ ցամաքային։

Տուրբոգեներատորի հետ մեկտեղ կփոխարինվեն նաև կից ենթակառուցվածքները։ Տուբոգեներատորը պատրաստվել է ռուսական «Ուժային մեքենաներ» (Силовые машины) էլեկտրոմեքենաներ արտադրող ընկերության կողմից։ Ըստ 2016 թվականի պայմանագրի՝ «Ուժային մեքենաներ» ընկերությունը պարտավորվում է Հայակական ատոմաէլեկտրակայանի արդիականացվող երկրորդ էներգաբլոկի համար պատրաստել և տեղադրել 2 հատ 236 մեգավատ հզորությամբ տուրբոգեներատորներ՝ իրենց լրակազմերով և տեխնիկական ղեկավարման համակարգերով։ Տարվող աշխատանքների ծավալի մեջ է մտնում նաև մոնտաժն ու կարգավորումները։

Ռուսական «Ուժային մեքենաներ» կազմակերպությունը կանխատեսում է, որ երկրորդ տուրբոգեներատորը կտեղադրվի 2018 թվականի դեկտեմբերին։ Նշենք, որ Հայաստանի կառավարության երկարաժամկետ ծրագիրը նախատեսում է երկարացնել ատոմակայնի գործող էներգաբլոկի շահագործումը մինճև 2027 թվականը, իսկ նոր միջուկային բլոկները աստիճանաբար կշահագործվեն ավելի ուշ։ Շահագործումը կֆինանսավորվի Ռուսաստանից վերցված 270 միլիոն դոլլար վարկային և 30 միլիոն դոլլար գրանտային միջոցներից։

Հիշեցնենք, որ Մեծամորի ԱԷԿ-ը սկսել է կառուցվել 1969 թվականից։ Բաղկացած է 2 էմերգաբլոկից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորներից, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։ Կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուտ է։ Ատոմակայանի առաջին և երկրորդ բաղադրիչները հավասարաչափ ունեն 407.5 ՄՎտ ուժգնություն, արդյունքում ապահովելով 815 Մեգավատ հզորություն։ 20 տարի անց ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի Նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X