Կարտոֆիլի, թարս խիարի եվ Խոսրով Հարությունյանի աննախադեպ աշխատասիրության մասին

Սերժ Սարգսյանը, մասնակցելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ն անցկացված տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին, հանդես է եկել ընդարձակ ելույթով, որը քիչ է ասել` ապագա վարչապետի ելույթ էր:

Որոշ լրատվամիջոցներ շտապեցին այդ ելույթը «գողական» որակել եւ կանխատեսել Հայաստանի «գողական» ապագան, բայց մենք համամիտ չենք այդ տեսակետին: Ինչո՞ւ:

Նախ` շատ մանրակրկիտ ելույթ էր, իրավիճակի հստակ իմացությամբ, ճշգրիտ գնահատականներով, նոր սկսված եւ նախկինից եկող գործընթացների փոխկապակցման եւ դրանց վերջնական հանգրվանների մասին տեսլականներով: Ի լրումն այս ամենի, Սերժ Սարգսյանը չմոռացավ նշել, որ ինքը «նրանցից» չէ, որ նստում են նոր պաշտոնին եւ իրենց մարդկանց շուրջը հավաքում: Ով լավ է աշխատում, կարողանում է աշխատել` կպահի, ով չէ` կասի հաջողություն: Սա էլ` ի գիտություն քաղաքական ուժերի եւ գործիչների` անկախ պատկանելությունից:

«Գողական սխոդկաների» ժամանակ հազիվ թե «ասողն» այսքան ջանք թափեր: Մեր խնդիրը, սակայն, այդ ելույթին վերջնական եւ օրիգինալ գնահատական տալը չէ: Դա իմ անմիջական պարտականությունների մեջ չի էլ մտնում: Կա վարչապետ, կա կառավարություն, կա բանկի կառավարիչ, մարզպետներ ու համայնքապետներ, թող հա՛մ գնահատական տան, հա՛մ հետեւություններ անեն: Բանուգործների անունն ի՞նչ է: Խնդրեմ, նախագահն ասում է. «Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանությանը, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք, եւ ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է եւ ոչ կառավարության»: Մեկն ինձ այսպես դոշով պաշտպաներ, կյանքս չէի խնայի նրա համար, բայց մեր վարչապետն ու կառավարությունը լռում են: Իսկ գիտե՞ք ինչու: Լռում են, որովհետեւ չեն կարող ասել. «Այ Ազատիչ ջան, ախր խեղճ համայնքապետերն ի՞նչ անեն, որ նրանց առաջարկած ծրագրերի համար փող չկա, ու այդ պատճառով են դրանք մերժվել»:

Չեմ ուզում մտնել նախագահ-վարչապետ-կառավարություն խառը հաշիվների մեջ: Իմ կարծիքով` ես մեկ այլ, ոչ պակաս կարեւոր բան եմ գտել նախագահի այդ ելույթում: Սերժ Սարգսյանը, փաստորեն, Դիլիջանում տվել է ժամանակին (եթե չեմ սխալվում` դարձյալ Տավուշում էր) մեծ հնչեղություն ստացած հարցի պատասխանը, թե ինչու է ոմանց «խիարը» թարս աճում: Այսինքն. «Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր եւ տեսնում ենք, որ նույն աշխատուժն ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկն ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակն ուղղակի խղճահարություն է հարուցում»: Այս հարցադրումը կատարելուց առաջ Սերժ Սարգսյանը լսարանին նախապես առաջարկել էր, որ եթե մեկը գիտի պատասխանը, թող ամբիոնից ասի: Բայց ո՞ւմ դարդն էր կտրվել, որ մտներ նախագահի «իրավասության» այդ ինքնատիպ դաշտը, մանավանդ որ, չսպասելով որեւէ մեկի «կարծիքին», նախագահն ինքն էլ պատասխանել է. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունն ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու, եւ իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»: Այսպիսով` ամրագրումը կատարված է` ով վատ է աշխատում կամ քիչ, նրա «խիարը» թարս է աճում:

Այս ելույթի նախօրյակին ՀՀԿ համամասնական ցուցակի 2 կարկառուն ներկայացուցիչ, կարելի է ասել, արդեն հող էին նախապատրաստել, որպեսզի նախագահի ելույթի «անհաջողակների» հատվածը շատ չգրգռի հասցեատերերին` թարս բուսած «խիարով» ՀՀ քաղաքացիներին, որոնց թիվը բավականին մեծ է: Այո, խոսքը «կարտոլի» զգլխիչ սկանդալի մասին է, որ պայթեց Խոսրով Հարությունյանի եւ Հակոբ Հակոբյանի հայտարարություններից հետո: Պայծառատես երեսփոխաններն արդարացրել էին աննախադեպ գնաճը` նշելով, որ այն չի կարող ազդել «կարտոֆիլ նախընտրող» աղքատների վրա, որոնք միս, կարագ եւ այլ թանկ բաներ գնել չեն կարողանում:

Իսկ հիմա փորձենք ի մի բերել «խիարի» եւ «կարտոլի» փոխլրացնող այս պատմությունները: Ինչպե՞ս է ստացվել, որ միմյանց հետ անկախության ճանապարհին ոտք դրած Խոսրով Հարությունյանն ու, օրինակ, Էդիկ Անդրեասյանը տարբեր սոցիալական վիճակում են: Նայում ես՝ առաջինի տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուսի տանն էլ։ Այդ համայնքում (Երեւանում) կարծես ասֆալտը գրեթե նույնն է, ջրի եւ հոսանքի վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկն ապրում է շատ լավ տան մեջ, խանութից միս ու կարագ է առնում, իսկ մյուսը` ԽՍՀՄ-ի տված 2 սենյականոց ձրի բնակարանում եւ միայն «կարտոլ» է ուտում»: Կարելի՞ է, արդյոք, սրանից ենթադրել, որ բարձրագույն կրթությամբ, իր գիտակցական կյանքում միշտ 2 տեղ աշխատած Էդիկ Անդրեասյանն աշխատել չի սիրում, իսկ Խոսրով Հարությունյանն ահավոր աշխատասեր է: Ամոթ քեզ, Էդիկ Անդրեասյան: Ահավասիկ, Խոսրով Հարությունյանը «երկու բնակարան, մեկ ամառանոց, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հողամաս, MERCEDES-BENZ S 420 մակնիշի ավտոմեքենա ունի: Որոշ տեղեկություններով՝ Հարությունյանի հայտարարագրած բնակարաններից մեկը Հյուսիսային պողոտայում է, ինչպես նաեւ ավտոկայանատեղին: Բացի այդ՝ աղքատներին կարտոֆիլ ուտելու մասին խորհուրդներ տվող պատգամավորը տուն ունի Բուլղարիայի նավահանգստային քաղաք Վառնայում: Նրա դրամական միջոցները 40 հազար դոլար են: Բավական հարուստ է նաեւ նրա որդին` Ռոբերտ Հարությունյանը, ով արտաքին գործերի փոխնախարար է: Նա ունի շենք, շինություններ, երկու հողամաս, երկու բնակարան, VOLKSWAGEN TOUAREG 3.2 եւ NISSAN X-TRAIL 2.5 I մակնիշի ավտոմեքենաներ: Փոխնախարար որդին երեք ընկերություններում ունի 5 մլն․ 605 հազար դրամի բաժնեմաս, իսկ դրամական միջոցները կազմել են 25 մլն․ դրամ եւ 200 հազար դոլար: Որպես եկամուտ՝ հայտարարագրել է աշխատավարձը` ամսական 343 հազար դրամ, եւ մեկ ընկերությունից ստացած 9 մլն․ 408 հազար դրամի չափով շահաբաժինը: ԱԳՆ-ում են աշխատում նաեւ Հարությունյանի դուստրն ու փեսան՝ իրենց հերթին հասցնելով կուտակել մեծ միջոցներ: Փեսան՝ Արմեն Պապիկյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար է, ավելի վաղ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր. նա էլ հայտարարագրել է 26 հազար եվրո եւ 162 մլն․ դրամ: Իսկ Խ. Հարությունյանի դուստրը՝ Էլենը, հայտարարագրել է 172 մլն․ դրամ եւ 5 հազար եվրո»:

Այսքան բանն իմանալուց հետո ո՞ւմ «խիարը» թարս չէր աճի: Բայց ես առանձնապես նախանձ չեմ, եւ եթե շատ չդրդեն, ոչ մեկին էլ գող չեմ ասի: Այդուհանդերձ, ինձ չի թվում, որ Խոսրով Հարությունյանը, նախագահի ասած` երազանքով ու աշխատասիրությամբ է ձեռք բերել կարտոֆիլին «պրիզնատ» չգալու իր հնարավորությունը: Հայաստանում հալալ աշխատանքով եւ պաշտոնյայի աշխատավարձով ազնվորեն հարստանալու նախադեպեր չկան: Սրա մասին է խոսքը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X