Լրացուցիչ հարկ

Յուրօրինակ հարցում եմ անցկացնում ինձ ծանոթ ավտովարորդների շրջանում՝ ինչքա՞ն տուգանքներ են ստանում, ի՞նչ խախտումների համար։ Պարզվում է՝ բոլորն են տուգանվում, անխտիր։ Ե՛վ տաքսու վարորդները, ե՛ւ շաբաթը 1-2 անգամ ղեկին նստողները, ե՛ւ մարզաբնակները, ե՛ւ երեւանցիները, ե՛ւ օրինապահները, ե՛ւ արագություն սիրողները, ե՛ւ ջիպեր վարողները, ե՛ւ «Մոսկվիչ» ունեցողները։ Ինչո՞ւ՝ հարցնում եմ նրանցից յուրաքանչյուրին․ հնարավոր չէ՞ կանոնավոր վարել, ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանել եւ փողը «ջուրը» չգցել, մանավանդ՝ հայտնի չէ, թե այդ գումարներն ուր են գնում, ում են հարստացնում։ Բոլորը միակարծիք են՝ ոչ։

Ամենօրինապահները պնդում են, որ արագության համար չեն տուգանվում, այլ հոծ գծերը խախտելու, արգելված վայրում մի քանի վայրկյան կայանելու եւ այլ անհեթեթ պատճառներով։ Արագաչափերն ու տեսախցիկներն այնքան են շատացել մեր երկրում, որ դրանցից «խուսափելը» գրեթե անհնարին է, ինչքան ուզում է զգույշ վարես։ Փոխարենը՝ ոչ փողոցների որակն է բարձրանում, ոչ կայանատեղիներն են ավելանում։ Միայն դիտահորերի (լյուկ) քանակը բավական է, որպեսզի 1-2 տարուց մեքենադ շարքից դուրս գա։

Աշխարհի ոչ մի երկրում այսքան դիտահոր չկա, եւ դրանք ոչ մի տեղ այսքան ցածր չեն փողոցի մակարդակից։ Իսկ դիտահորի մակարդակը բարձրացնելը մեկ ժամվա գործ է՝ քաղաքաշինության մեջ հաստատված պարզ տեխնոլոգիայով, որի շնորհիվ էլ նորմալ քաղաքներում մեքենաները «ձորը» չեն ընկնում, եւ մեքենա վարելը կասկադյորությանը համարժեք փորձություն չի դառնում, ինչպես մեզանում է։ Ո՞վ է հաշվել՝ վթարների որ մասն է այդ հորերից խուսանավելու պատճառով եղել։ Էլ չենք խոսում փողոցների վրա կախված հսկայական էկրանների մասին, որոնք հատկապես գիշերային ժամերին գրավում են վարորդների ուշադրությունը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X