ՀՀԿ-ականների պատկերներով կարտոֆիլներ․ «Երկիր Ծիրանիի» բողոքի ակցիան

>

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդն այսօր «բերք ու բարիքով» այցելել էր ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ իրենց հետ տանելով խոտ եւ կարտոֆիլ։ Կարտոֆիլի վրա փակցված էին hանրապետականների կարկառուն ներկայացուցիչների դեմքերը։ Տանտերերը այդքան էլ հյուրընկալ չէին, բողոքի ակցիայի մասնակիցներին դիմավորեցին ոչ թե ՀՀԿ-ականները, այլ մի խումբ ոստիկաններ, որոնք թույլ չտվեցին տիկնանց իրենց «նվերները» հանձնել գրասենյակին։

Բողոքի ակցիայի մասնակից, Երեւանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ՀՀ-ում երեք երեխաներից մեկը աղքատ է․ «Իհարկե, ոչ պաշտոնական տվյալները ավելի սահմռկեցուցիչ են, համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2017 թ տարեսկզբին Հայաստանում ապրում է 2 միլիոն 986 հազար 151 մարդ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը 2017 սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին այցելել է ՀՀ շրջաններ, եւ այդ այցերը վկայեցին այլ ահազանգող վիճակագրական տվյալների մասին։ Մարզերի քաղաքները եւ գյուղերը գրեթե անմարդաբնակ էին։ Բնակչության մի հսկա մասը դժվարությամբ է պահպանում իր գոյությունը, աղքատության դիմագիծը ուղղակի աչք է զարնում, մարդկանց աչքերում դառնություն, սով, հուսալքություն։ Այս պատկերը ակամայից հիշեցնում է հայոց Մեծ եղեռնի տարիներին գաղթի ճամփան բռնած հայերին՝ տղամարդկանց, կանանց եւ երեխաներին»։

Ցուցարարները կոչ արեցին հայ ժողովրդին միանալ իրենց նախաձեռնած ընդվզման օրվան, քանի որ պետք է գործող իշխանությունը տապալեն։

Նշենք, որ օրեր առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով սննդամթերքի թանկացմանը, ասել էր, թե թանակցումը աղքատներին չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում։ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ նշել էր, որ միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները միեւնույն է չեն կարող միս գնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X