35.000 եվրո՝ G նկարելու համար

Նախատեսվում էր, որ մինչև 2017թ-ի տարեվերջ Գյումրին ունենալու է իր բրենդը: Ըստ զբոսաշրջության զարգացման կոմիտեի, սա լուրջ նախադրյալ է եւ խթան, որպեսզի Հանրապետության երկրորդ քաղաքում զարգանա տուրիզմը: Deem Comunications PR ընկերությունը, որն այս տարվա մայիսից զբաղված էր Գյումրու բրենդի մշակմամբ, վերջապես գյումրեցու դատին հանձնեց քաղաքի երկար սպասված բրենդը՝ լոգոն և առաջխաղացման ու զարգացման ծրագիրը:

Ընկերությունը նախ ներկայացրել է լոգոն, այնուհետև բովանդակությունը: Լոգոն եռագույն է՝ սև, կարմիր, ծիրանագույն եւ վրան պատկերված է լատինական G տառը: G տառի պատմությունը փոքր-ինչ երկար է: Գյումրի բառի լատինական 6 տառերի միավորումից է այն ձևավորվել: Լոգոյի բովանդակությունը հետևյալն է՝ առաջին G տառն ասոցացվում է քաղաքապետի ավագ որդու՝ Միսակ Բալասանյանի սեփականություն հանդիսացող «Սև Բերդ» ամրոցի հետ, որը ճարտարապետության խորհրդանիշն է: Y-ն խորհրդանշում է չեմպիոնների քաղաք Գյումրին: U-ն խորհրդանշում է Գյումրու գարեջուրը, որը նույնպես առնչվում է Բալասանյանների հետ, քանի որ գարեջրի գործարանն ու գարեջրատունը նրանց է պատկանում: M տառը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն է՝ մտավոր ուժն ու առաջընթացը: Արհեստների ու արվեստների մայրաքաղաքը ամփոփվել է R տառով: Եվ վերջին I տառը գյումրեցին է՝ իր անսահման հումորով ու առանձնահատուկ բարբառով:

Deem Comunications ընկերության ղեկավար Րաֆֆի Նիզիլբյանի խոսքերով՝ մի ամբողջ ստեղծագործական թիմ է աշխատել բրենդի ձևավորման վրա: Տարբեր մակարդակի հարցումներ եւ հետազոտական աշխատանքներ են արվել: Գյումրու բրենդն արտացոլում է այն, թե ինչպես են ուզում իրենց տեսնել գյումրեցիները եւ մյուսները, որոնք կայցելեն Գյումրի՝ որպես զբոսաշրջիկ կամ ներդնող: Նիզիբլյանի կարծիքով, որպեսզի Գյումրին զարմացնի օտարերկրացիներին, անհրաժեշտ են ենթակառուցվածքներ՝ լավ ռեստորաններ, վերանորոգված ճանապարհներ: Երկաթուղին եւ օդանավակայանն այս համատեքստում քաղաքի համար մեծ առավելություն են: Համայնքի բյուջեից բրենդավորման համար գումար չի ծախսվել, եւ այն արվել է Deem Comunications ընկերության եւ նվիրատվությունների շնորհիվ: Մեզ հասած տեղեկություններով՝ նախագիծը գնահատվել է 35000 եվրո: «35հզր եվրո՝ G նկարելու»,- ծիծաղեց մեր աղբյուրը: Ինչևէ, Գյումրին բրենդավորված է, ընտրված է նաև կարգախոսը՝ «Գյումրի՝ տաղանդը աչք կծակե»:

Իսկ ահա գյումրեցիներից շատերի կարծիքով կարգախոսը սխալ է ընտրված: «Աչք ծակելն արդեն բացասական է, ինչքան էլ, որ ժողովրդական լինի: Հումորն էր պետք շեշտել, որտեղ և՛ տաղանդ կա, և՛ ինտելեկտ, և՛ կատակ և՛ կենսուրախություն» ,-նկատում է քաղաքացիներից մեկը: Մեկ ուրիշն էլ ավելացնում է. «Անտաղանդն է աչք ծակում, տաղանդավորն աչք է շոյում»: Գյումրեցի Ավետիս Եսայանն էլ ասում է. «Տաղանդը հեչ մեկի լուսը չենք կոխել : Դա այդպես է ու կա : էդ տաղանդից վառված էղնելը կարգախոս չէ, սրանից նեգատիվիզմի, նախանձի ու մրցում կպնելու հոտ է փչում, ինչն անիմաստ է ու շատ տխուր»: Ուշագրավ է, որ հարցվածներից ոմանք էլ ընդգծում են, թե նկատում են, որ ակնհայտ ճչում է, քաղաքապետի օբյեկտների գովազդն է արվում: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ իր նկատառումն ունի. «Դեռ ամիսներ առաջ քաղաքապետը աջուձախ հայտարարում էր, որ շուտով Գյումրին իր բրենդը կունենա: Ինձ այն ժամանակ էլ էր անհասականլի, թե որտեղից այդպիսի վստահություն իրեն, թե այս ուսումնասիրությունը հաստատապես հանգեցնելու է քաղաքի բրենդի սահմանման, մանավանդ ո՛չ օրենսդրությամբ , ո՛չ էլ որեւէ կարգով նման սահմանում չի կարող լինել, ամեն մեկն իր հուշն ու ընկալումն ունի որևէ տիրույթի նկատմամբ: Բայց բարեբախտաբար՝ բրենդը զոռելով կամ զոռով չէ:

Շնորհակալություն հայտնելով բրենդավորման աշխատանքային խմբին ՝կարճ ասեմ, որ այն, ինչ ստացվել է, չկարողացա ընկալել որպես Գյումրու բրենդ կամ խորհրդանիշ. Գյումրու Սեւ բերդի հատակագծին նմանեցված լատիներեն մեծատառ G տառն է՝ կարմրասեւ երանգներով։ Գուցե պարզ են որոնել, բայց ստացվել է պարզունակ ու Բալասանյանին պատկանող մի շինության խորհրդանշմամբ: Գուցե կասեն, որ դա ի նկատի չեն ունեցել, բայց դե առաջինը, որ մտքիս եկավ դա էր: Նկարը տեսնելիս «Սեւ բերդին» նմանեցրի»:

Ի դեպ, քաղաքապետը բրենդի հետ կապված դեռ պաշտոնական կարծիք չի հայտնել:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X