Համալսարանն աշխարհում առաջինն է, բայց խանութներին միջազգայնագետ ու տնտեսագետ վաճառողուհիներ մատակարարելու տեսանկյունից

Երբեմն ԵՊՀ ցածր կուրսերի ուսանողները դիմում են օգնության խնդրանքով: Բնականաբար խոսքը ծանոթների և ընկերների մասին է, իսկ օգնելու առիթը գրեթե միշտ կապված է լինում կուրսային և դիպլոմային աշխատանքների հետ: Իհարկե պարզ է, որ ես ինչ-որ բանիմաց պրոֆեսոր չեմ և դժվար թե կարողանամ բովանդակային շատ լուրջ խորհրդատվություն իրականացնել: Եվ ոչ էլ պետք է, քանի որ ուսանողներին շատ ավելի պարզ ու տեխնիկական հարցեր են հուզում: Օրինակ՝ ինչպե՞ս գրել գիտական աշխատանք, ի՞նչ աղբյուրներից օգտվել, ինչպե՞ս հղումներ տալ: Ահա այս երեք հարցերն են, որոնց պատասխաններն ուսանողներն ըստ էության պետք է գտնեն համալսարանում, բայց բանից պարզվում է, որ հիմնականում դրանք մնում են առկախված:

Եվ իսկապես, ինձ տրվող ամենից հաճախ հարցը վերաբերում գրականության ցանկին: Իսկ ես հարցնում եմ, թե արդյո՞ք գիտական ղեկավարը գրականության ցանկ չի տրամադրել, պատասխանը հետևյալն է. Կա՛մ չի տրամադրել կամ էլ՝ տրամադրածը բավարար չէ:

Ընդհանրապես ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ԵՊՀ-ում գիտական աշխատանք գրելու հմտություններին այդքան էլ լուրջ չեն վերաբերվում: Եթե լուրջ վերաբերվեին, ապա ուսանողներին հատուկ դասընթացների միջոցով կսովորեցնեին այդ հմտությունները, որոնք չափազանց կարևոր են ու խիստ անհրաժեշտ: Թե չէ դասախոսները ուսանողին ինչ-որ ծեծված թեմա են տալիս ու ասում գնա գրի՝ լավ իմանալով, որ ուսանողը գիտական աշխատանք գրելու փոխարեն արտատպելու կամ էլ մեխանիկորեն թարգմանելու է ինչ-որ գրքից: Այո՛, կուրսային, դիպլոմային ու մագիստրոսական աշխատանքները հիմնականում գրվում են այդ տրամաբանությամբ և սկզբունքով: Միջակ ուսանողները արտատպում են, իսկ՝ գերազանց սովորողները թարգմանում երկու կամ երեք գրքերից: Գրականության ցանկի և հղումների հարցերն էլ են լուծել: Վերցնում են այդ թեմայով ինչ-որ հեղինակավոր աշխատության մեջ ներառված գրականության ցանկը ու արտատպում ավարտական աշխատանքի մեջ: Նույն սկզբունքով նաև՝ հղումները:

Հիմա ո՞վ է մեղավորը, հնարամիտ ուսանողը՞, անփույթ դասախոսը՞, թե՞ կրթական համակարգը: Համոզված եմ, որ հիմնական մեղավորները հենց կրթական համակարգն ու համալսարանն են: Նրանք դասախոսին այնքան չեն վճարում, որ վերջինս հետևողական լինի, իսկ ուսանողներն էլ համակարգի համար ընդամենը վճարողունակ անդեմ զանգվածներ են:

Իսկ արդյունքում ամեն տարի ուսանողները ծեծված թեմաներով գրում են ավարտական ու կուրսային աշխատանքներ, որոնք արտագրված ու թարգմանված են, չունեն պատշաճ հղումներ և ընդհանրապես հեռու են գիտական աշխատանք կոչվելու հեռանկարից: Կարծում եմ հարցը միայն անտարբերության մեջ չէ, այլ նաև՝ որակի: Խնդիրն այն է, որ համալսարանը զինված չէ արդի գիտական հնարավորություններով: Ամենապարզունակը՝ չկան դասագրքեր ու գրքեր: Ավելի ճիշտ կան, բայց հին են ու վերանայման անհրաժեշտություն ունեցող: Օրինակ՝ բավական չէ, որ ուսանողները ամեն տարի նույն կրկնվող թեմաներով են ավարտականներ գրում, այլ նաև գործածում են անցած դարի գրականություն: Եվ այդ գրականությունը տրամադրում են դասախոսները, որոնք բաց են թողել 20-րդ դարի արդեն վաղուց հեռանալու փաստը, տեղյակ չեն, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետ էլ գիտական ահռելի գրականություն է ստեղծվել: Հայ գիտնականների մի զգալի մասը օտար լեզուներ չգիտեն, այդ ինչպե՞ս նրանք պետք է օգնեն ուսանողներին և սա է պատճառը, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողը դեռևս շարունակում է կուրսային գրել 1960-ական թթ. հրատարակված «История Дипломатии» հատորներից թարգմանություններ անելով: Իհարկե այդ հատորները կոթողային են, բայց եկեք խոստովանենք, որ անցած դարի 60-ականներից հետո գիտության մեջ ահագին բան է փոխվել: Տեսնես Խորհրդային Միությունից ժառանգած գրքերը չլինեին, ԵՊՀ-ում ի՞նչ էին անելու:

Եթե ինձ հարցնեն, թե որն է համալսարանական կրթության ամենաառանցքային ատրիբուտը, ապա ես միանշանակորեն կպատասխանեմ. կուրսային, դիպլոմային և մագիստրոսական աշխատանքները: Սրանց միջոցով ուսանողն ըստ էության պետք է սովորի մտածել, վերլուծել, ասելիքը հիմնավորել և վերջապես գրել: Բայց արդյո՞ք համալսարանում վերոհիշյալ աշխատանքներն ունեն այդ գործառույթը: Երիցս ո՛չ:

Տողերն այս գրելիս նայում էի իմ կուրսայիններն ու դիպլոմայինը: Ճիշտն ասած նույն տրամաբանությունը գործել է նաև իմ դեպքում: Բանից պարզվում է, որ ահագին զվարճալի աշխատանքներ եմ գրել՝ առանց պատշաճ հղումների: Նույնիսկ ինքս ինձ բռնացրեցի գրագողության ու շողոքորթության մեջ: Այսինքն՝ գիտական ղեկավարի օրինակով քննադատել եմ Անանիա Շիրակացու «Քննիկոնի» վերաբերյալ բոլոր հնարավոր գիտական տեսակետները, իսկ ղեկավարիս առաջ քաշած թեզերի հետ ոչ միայն համաձայնվել, այլ նաև՝ մի լավ գովաբանել: Այսինքն՝ եթե ես ինքնուրույն աշխատանք գրած լինեի, ապա՝ կփորձեի կասկածել նաև պրոֆեսորի առաջ քաշած տեսակետները, բայց ես չգիտեի, թե ինչպես են դա անում, ինչպես որ չգիտեն մյուս բոլոր ուսանողները: Սովորեցնող չկա, կամ էլ՝ կան, բայց չափազանց քիչ են: Համալսարանում այնպիսի դասախոսներ կան, որոնք այքնան հին են, որ դասախոսության ժամանակ կարդում են իրենց 1970-ական թթ. տեքստերը:

Բայց ամեն ինչից զատ կարծում եմ ամենամեծ խնդիրը հղումներն են: Դեռևս շատ քչերն են Հայաստանում գիտակցում հղումների կարևորությունն ու այն հանգամանքը, որ դրանցից է կախված աշխատության գիտականության չափորոշիչը: Ընդհանրապես Հայաստանում խոսքին կամ գրվածքին հղում տալ չեն սիրում՝ երկրի ղեկավարներից, ընդդիմադիրներից սկսած մինչև գիտնական ու ուսանող: Հղումն առաջին հերթին պատասխանատվություն է, իսկ հետո նաև՝ մտքի երկաթյա հիմնավորում: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են արտասահմանում ծաղրում հայ ուսումնասիրողների անպատշաճ հղումները կամ էլ՝ դրանց բացակայությունը:

Վերջերս դիպլոմային աշխատանք գրող մի ուսանող հարցնում էր, թե բուն աշխատանքից զատ ուզում է գրել նաև իր կարծիքը: Նույնը ասել է դասախոսին, վերջինս էլ է համաձայնվել: Փաստորեն ուսանողը դեռևս գլխի չի ընկել, որ բուն աշխատանքը պետք է հենց իր կարծիքների ամբողջությունը լինի և դասախոսի հետ ընդհանուր հայտարարի են եկել այն փաստի շուրջ, որ լուրջ ամբիոնում գրված աշխատանքն ընդամենը բացահայտ ակնհայտի կրկնությունն ու մեխանիկական վերարտադրությունն է: Եվ սա համատարած է: Իսկ արդյունքում ունենք կիսագրագետ ու անդեմ համալսարանականների ամորֆ մի զանգված, դա չափազանց մեծ գլխաքանակ է, որը դուրս գալով՝ տարրալուծվում է հանրության մեջ:

ԵՊՀ-ի ողբերգությունը՝ համալսարանն աշխարհում առաջինն է, բայց խանութներին միջազգայնագետի ու տնտեսագետի որակավորում ունեցող վաճառողուհիներ մատակարարելու տեսանկյունից:

Մեկնաբանություն
X