Ցինիզմը Հայաստանի գաղափարական իրականությունն է

Ամեն ինչի համար ժողովուրդն է մեղավոր: Ցնցումներով ու անկումներով լեցուն 10 տարվա կառավարումից հետո Սերժ Սարգսյանն ահա եկավ այս եզրահանգմանը. «Ժողովուրդն աղքատ է, որովհետև ծույլ է, աշխատել չի սիրում»: Ընդհանրապես, եթե ուշադիր հետևենք Սարգսյանի հռետորաբանությանը, ապա «գաղջ» մթնոլորտի համար էլ է ժողովուրդը մեղավոր, մարդիկ ամեն քայլափոխի «գող» են փնտրում, բայց չեն նկատում իրենց մեջ բույն դրած փոքրիկ «ավազակին»: Փաստորեն պետությունը «ընտանեկան կալվածքի» վերածած Սերժ Սարգսյանը ժողովրդին մեղադրում է ծույլ լինելու մեջ, իսկ նրա գեբելսյան առաջադեմ քարոզչամեքենան լեգիտիմացնում է այդ խոսքերի ճշմարտացիությունը:

Խնդիրն այն է, որ այս մոտեցման կրողները միայն Սերժ Սարգսյանն ու իշխանությունները չեն: Ընդդիմադիրները նույնպես ժողովրդին մեղադրելու բավականին «ծանրակշիռ» պատճառներ ունեն: Մասնավորապես՝ նրանք իրենց անկարողությունն ու անտաղանդությունը փորձում են բարդել ժողովրդի վրա: «Ժողովուրդը ծախված է, կաշառակեր է, 10 հազար դրամով վաճառել է իր ապագան, դրա համար էլ մենք պարտվել ենք ընտրություններում»: Մոտեցումն այս ամփոփվում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆանտաստիկ ելույթով. «Դուք հացին կակա եք ասելու, քանի դեռ 10 հազար դրամ եք վերցնում»:

Այսինքն և՛ իշխանությունը և՛ ընդդիմությունը իրենց ձախողումների համար մեղադրում են ժողովրդին: Իրենք լավն են, իսկ ժողովուրդը ծախված է, 10 հազարնոց է, ծույլ է ու գող: Այս հարցում կարծես թե ընդդիմադիրներն ու իշխանականները միաբան են, կոալիցիա են կազմել: Երևի թե հենց սա է Սերժ Սարգսյանի պատկերացրած ազգային միասնությունը:

Բայց ժողովրդի դեմ գործող կոալիցիան դեռևս վերջնական չէ: Դրան կարող ենք ավելացնել նաև քաղաքացիական հասարակության մի զգալի հատվածին: Այս տիրույթում գործող մարդիկ էլ պատճառներ ունեն ժողովրդի վրա հարձակվելու համար: Հաճախ կարող ենք նկատել, թե ինչպես են ՀՀ «հպարտ քաղաքացիները» ֆեյսբուքում ծաղրում ու ստորացնում Հայաստանի ժողովրդին՝ վերջինիս պիտակելով որպես՝ անգրագետ, տգետ, ողորմելի, անդեմ ինչ-որ զանգված: Այսինքն՝ միջին վիճակագրական աշխուժակը մի քանի գիրք կարդալուց հետո կարող է ինքն իրեն մարտնչող անգրագիտության դեմ սուր պայքար մղելու իրավունք շնորհել: Երևի գուշակում եք, թե մարտնչող անգրագիտության տակ ում նկատի ունեն ՀՀ «արժանապատիվ քաղաքացիները»: Ենթադրենք աշխարհի աղմուկից կտրված, սարերից այն կողմ ապրող հովիվը չի հավատում բժկական պատվաստումների արդյունավետությանը ու դրանից ելնելով նա անգրագետ, ողորմելի գորշ զանգված է, որի դեմ անհրաժեշտ է ֆեյսբուքյան խաչակրաց արշավանք սկսել:

Իրականում քաղաքացիական հասարակություն կոչվող անդեմ զանգվածը բևեռացված ու կտրված է ժողովրդից և վերածվել է ֆեյսբուքյան ու փաբային ինչ-որ սնոբ զանգվածի: ժողովուրդը քաղաքացիական հասարակությանը չի ճանաչում, վերջինս էլ ժողովրդին չի ճանաչում, չի էլ ուզում ճանաչել, որովհետև ժողովուրդը «քյարթ է ու անգրագետ»: Իսկ իրենք առաջադեմ են՝ համամարդկային արժեքներով տոգորված:

Այսինքն՝ եկանք այն եզրակացությանը, որ ներկայումս հայկական միջավայրում ձևավորվել է նախադեպը չունեցող «եռապետություն» կամ՝ երեք ուժերի դաշինք: Առանձին-առանձին այդ դաշինքի տիրույթում սրանք պայքարում են իրար դեմ, բայց ժողովուրդը կապ չունի այդ պայքարի հետ, այն ինչ-որ օտար մարմին է և որևէ կերպ չի առնչվում այդ երեքին: Միակ շփումը դրսևորվում է այն ժամանակ, երբ երեքը միասին կամ առանձին-առանձին հարձակվում են ժողովրդի վրա՝ պիտակելով որպես ծույլ, անգրագետ և ծախված:

Լա՜վ: Եթե իշխանությունը, ընդդիմությունը և քաղ. հասարակությունը օտար են ժողովրդին, ապա ու՞մ համար են դրանք ստեղծված, ո՞րն է դրանց գոյության իմաստն ու հիմնավորումը: Ենթադրենք իշխանությունները փորձում են զարգացնել տնտեսությունը, բայց ժողովուրդը ծույլ է ու ոչ մի կերպ ընդառաջ չի գալիս իշխանությունների այդ ձգտմանը, ընդդիմությունը մարտական է տրամադրված ու փորձում է իշխանափոխություն իրականացնել, իսկ ժողովուրդը ծախված է ու որևէ կերպ չի արձագանգում ընդդիմադիրների հորդորներին, քաղ. հասարակությունը չափազանց լուսավորական է և փորձում է իր բարձր արժեքները տարածել ամբողջ երկրում, բայց ժողովուրդը անգրագետ է ու չի հասկանում այդ արժեքների կարևորությունը: Մի՞թե հնարավոր է, որ բոլորը բարի ու անմեղ լինեն, իսկ ժողովուրդը մեղավոր ու դատապարտված: Միգուցե իշխանություններն են ձախողված ու հանցավոր, հնարավոր է և ընդդիմադիրներն են անհաջողակ, իսկ քաղաքացիականներն էլ՝ ինքնասիրահարված ու անգրագետ:

Ամեն ինչ հնարավոր է, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանում ապրող մարդկանց հասկացող չկա: Բոլորը շատախոսում են, խորը վերլուծություններ անում, վերամբարձ կոչեր հնչեցնում, բայց ոչ քո ժողովրդին չի հասկանում: Այսպիսի մի կեղծ միջավայր են ստեղծել, իբրև թե սիրում են գյուղը, գյուղական կյանքը, գնում, հասնում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, սրտաճմլիկ լուսանկարներ հրապարակում և այսպես շարունակ: Այս ամենի մեջ մի մեծ կեղծիք կա: Այդ սրտաճմլիկ լուսանկարները ոչ թե քաղաքացիական համարաշխության խորհրանիշներ են, այլ՝ քաղքենի հայացք «մեգապոլիսից դեպի պրովինցիա»:

Գիտե՞ք ցինիզմը որտեղ է թաքնված, երբ «կարագ ու սմետան» ուտող և ժողովրդին ծախված ու անգրագետ համարող ինչ-որ խմբեր լուրջ դեմքի արտահայտությամբ պահանջում են Խոսրով Հարությանի և Հակոբ Հակոբյանի հրաժարականները: Ինչի՞ համար, ի՞նչ են արել այդ մարդիկ, ընդամենը համատարած ցինիզմի միջավայրում մի փոքր էլ իրենք են զվարճացել: Ի՞նչ է, բոլորին կարելի է, իսկ նրանց՝ ո՞չ: Հա՛, երևի նրանց հեռացնելուց հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, որովհետև ամբողջ իշխանական համակարգում հենց նրանք էին այն անմեղսունակները, որոնք պատահաբար ասեցին ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որի կրողն են բոլորը՝ նախագահից մինչև շարքային ՀՀԿ-ական: Բայց չէ՛, աշխուժակները պետք է պայքարեն հենց այդ երկուսի դեմ:

Ցինիզմը Հայաստանի գաղափարական իրականությունն է: Իսկ ցինիզմը հակահամակարգ է, այսինքն նշանակում է, որ արժեքային համակարգ գոյություն չունի: Իրավիճակը նախահեղափոխական է: Կապ չունի, թե երբ ու որտեղ, բայց արձանագրվելու է մի մեծ պայթյուն: Ծույլ, անգրագետ, ծախված ու քաղցած գյուղացիները ոտքի են կանգնելու, ոչնչացնելու ու հողին են հավասարեցնելու ամեն ինչ, նույնիսկ այն ամենն, ինչ որ իրենից արժեք է ներկայացնում: Քաղցածները ուտելու են հարուստներին, իսկ եռամիասնության դաշինքի մեջ գտնվող միավորները՝ իշխանությունները, ընդդիմադիրներն ու քաղաքացիականները ապուշ կտրած նայելու են իրար դեմքի:

Մեկնաբանություն
X