Ռուս ուղղափառ եկեղեցում այսուհետ կարգելվի 3 անգամից ավելի ամուսնությունը

Ըստ մի ասացվածքի՝ առաջին անգամ ամուսնանում են սիրելով, երկրորդ անգամ՝ ինչ-որ մեկին հակառակ, երրորդ անգամ՝ հաշվարկով, իսկ չորրորդ անգամ՝ սովորույթի համաձայն։

Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը պաշտոնապես արգելել է «ըստ սովորույթի» ամուսնությունները։ Վերջինս հրապարակել է մի փաստաթուղթ, ըստ որի արգելվում է ռուս ուղղափառ եկեղեցում 3 անգամից ավելի ամուսնությունը։ Այդ փաստաթղթով եկեղեցական ամուսնությունները հնարավոր են միայն ամուսնության պետական գրանցումից հետո։ Բացառություններ հնարավոր են, միայն եթե զույգերից մեկը կյանքի համար վտանգավոր պայմաններում է՝ ծանր հիվանդ է կամ, ասենք, մասնակցում է մարտական գործողությունների։

Ռուս ուղղափառ եկեղեցին նաև սկզբունքորեն մերժել է միասեռական ամուսնությունները՝ անկախ այն հանգամանքից, թե աշխարհիկ կառույցները ճանաչում են նման ամուսնություններ, թե ոչ։ Նաև պաշտոնապես հրաժարվել է ճանաչել արյունակցական և ազգակցական կապերը, օրինակ՝ տղան չի կարող ամուսնանալ մոր հետ, ինչը ընդուելի է մի շարք երկրներում։

Փաստթղթում խոսվում է նաև միջկրոնական ամուսնությունների մասին․ եկեղեցին հրաժարվում է ամուսնության խորհուրդ իրականացնել, եթե զույգից մեկը այլ կրոնի հետևորդ է, սակայն թույլատրում է այլ եկեղեցիների հետևորդների հետ անուսնությունը, միայն մի պայմանով՝ եթե երեխան ստանա ուղղափառ դաստիարակություն։ Խոսքը վերաբերում է կաթոլիկ, բողոքական, առաքելական և այլ եկեղեցիների։ Միասեռական ամուսնությունների վերաբերյալ հայ Առաքելական եկեղեցին միասեռական, արյունակցական և ազգակցական ամուսնությունների վերաբերյալ վաղուց է իր դիրքորոշումը հայտնել, ըստ որի դա հակաքրիստոնեական երևույթ է, իսկ ինչ վերաբերում է բազմակի ամուսնություններին, մայր եկեղեցին ավելի խիստ է։

Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ Առաքելական եկեղեցին ունի երկու պսակի կարգ՝ կույսի պսակ և երկրորդ պսակ: Ուստի երրորդը չի նախատեսված, հետևաբար երրոր անգամ չի իրականացվում։ «Մեզ համար պարտադիր պայման չէ, որ ամուսնությունը նախ հաստատված լինի աշխարհիկ օրենքներվ։ Ինչ վերաբերում է միջկրոնական ամուսնություններին, պետք է հստակեցնել, թե ո՞ր կրոնների մասին է խոսքը: Եթե մուսուլման, բուդդայական, կամ ոչ քրիստոնեական կրոնների մասին է խոսքը ապա ոչ, չի կատարվում, այս դեպքում պետք է մկրտվի նոր պսակ կատարվի, իսկ եթե քրիստոնեական առաքելահաստատ եկեղեցու՝ կաթոլիկ կամ ուղղափառ ներկայացուցիչ է պետք է դավանափոխ լինի, որ պսակ կատարվի» նշում է Եսայի քահանա Արթենյան։

Իսկ Ռոբերտ քահանա Ասատրյանը կարծում է, որ եկեղեցին կենդանի օրգանիզմ է, և փոփոխություններ կարելի է անել․ «Հստակ կարող եմ ասել, որ «Մաշտոց» ծիսագրքի մեջ մենք ունենք «Երկրորդ պսակ» ծիսակարգ, որը կատարվում է որոշակի հանգամանքներում, եւ քանի որ մենք չունենք «Երրորդ պսակի» կարգ՝ ուստի իմ անձնական կարծիքով մենք չենք ընդունում երրորդ պսակը, ի տարբերություն ՌՈՒԵ-ի: Հանգամանքները տարբեր են, Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, եւ ելնելով իրադրությունից կարող է որոշ բարեփոխումներ մտցնել ոչ դոգմատիկ, երկրորդական հարցերում»: Ուստի պարզ է դառնում, որ եթե ուզում եք ամուսնանալ հաշվարկով, ապա պետք է գնաք Ռուսաստան և դավանափոխ լինեք, իսկ եթե սովորույթի համաձայն, ապա դա էլ չի փրկի։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X