Էրդողանը «քաշեց Ալիեւի ականջը»

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական խոսնակը Երուսաղեմի հարցով երկիմաստ հայտարարություն էր արել՝ հղելով ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերին: Ինչպես հայտնի է, մինչ այդ Թուրքիան նախաձեռնել էր Իսլամական համերաշխության կազմակերպության արտակարգ գագաթաժողով: Սպասվում է, որ այդ ընթացքում կարվեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող հայտարարություններ: Ադրբեջանի դիրքորոշումն, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի համար այնքան էլ հասկանալի չէր:

Եւ ահա հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 9-ին արտակարգ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ եւ նրան հրավիրել ԻՀԿ գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Ալիեւն ընդունել է հրավերը: ԻՀԿ գագաթաժողովը կգումարվի դեկտեմբերի 11-ին՝ Ստամբուլում: Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույցի մասին մամուլի հրապարակումներից հայտնի է դառնում, որ այդ ընթացքում կողմերը «խիստ սխալ» են բնորոշել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Թրամփի որոծումը, ինչպես նաեւ հաստատակամություն են հայտնել՝ համատեղելու «մուսուլմանական աշխարհի շահերի պաշտպանության ուղղությամբ ջանքերը»: Ըստ էության, տեղի է ունեցել սպասելին՝ Թուրքիան թույլ չի տվել, որպեսզի Երուսաղեմի հարցում Ադրբեջանը չեզոքություն պահպանի կամ զբաղեցնի միջանկյալ դիրք:

Ամենայն հավանականությամբ, Էրդողանի եւ Ալիեւի միջեւ տեղի է ունեցել կոշտ հեռախոսազրույց, որի ընթացքում Թուրքիայի նախագահը պահանջել է, որպեսզի Ադրբեջանը ճամբարափոխ չլինի եւ կանգնի իսլամական երկրների հետ նույն դիրքում: Ակնհայտ է, որ Էրդողանին մերժելու ռեսուրս Ալիեւը չի ունեցել: Դա նշանակում է, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում կարող է առաջանալ խոր ճեղքվածք: Ադրբեջանցի մի շարք փորձագետներ երկրի ղեկավարությանը խորհուրդ էին տալիս չտրվել «ուրիշի խումհարի գայթակղությանը», այլ առաջնորդվել «իսկ դա մեզ պե՞տք է» սկզբունքով: Էրդողանին հաջողվել է կոտրել Ալիեւին, նրան ներքաշել իսլամական համերաշխության ճամբար: Քաղաքական իմաստով դա Ալիեւի համար լրջագույն փորձություն է, քանի որ Ստամբուլի ԻՀԿ գագաթաժողովը կարող է Ադրբեջանի համար Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ հետագա հարաբերություններում ճամփաբաժան դառնալ:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X