Պատժեցի՞ն Հերմինե Նաղդալյանին, ՍԱՍ-ի Արտակի՞ն․ հարցնում է տնտեսագետը

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը կարծում է, որ Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա։Այս մասին նա հայտնեց Hraparak.am-ի հետ զրույցում։

«Իշխանությունները փորձում են իրավական որոշակի կարգավորումներով ցույց տալ, որ օրենսդրության միջոցով պայքարում են կոռուպցիայի դեմ։ Պետք է ասել, որ այդ օրենսդրական փոփոխությունները այնպես են արված, որ ապահովագրում են կոռուպցիա իրականացնող մարմիններին։ Ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը՝ թղթով ամեն ինչ լավ է։ Մենք գիտենք, թե ինչպես են օգտագործում դոնոր կազմակերպություններից ստացված դրամաշնորհներն ու վարկերը։ Ավելին՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամները մեծ մասամբ այն մարդիկ են, որոնք իրավունք ունեն կոռուպցիա իրականացնել, քաղհասարակությանը տեղ չի տրվում։ Չէ՞ որ իրենք հայտարարում են, որ պետք է համագործակցեն քաղհասարակության հետ։ Բացարձակապես չկա այդ համագործակցությունը։ Եվ այդ խորհրդում վերահսկողությունը, մոնիտորինգը իրենք են իրականացնում։ Ստացվում է, որ գործողություն կատարողն իրեն վերահսկում է։ Շատ էլ լավ կվերահսկի, կասի՝ ես ամեն ինչ լավ եմ արել։ Չկա այդ երկխոսությունը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն, օրինակ, հայտարարում էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կառավարությունը պետք է պատրաստ լինի իր պարտավորությունների մի մասը զիջելու քաղհասարակությանը։ Չկա դա»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով կոռուպցիոն երեւույթներ թույլ տված պաշտոնյաներին՝ Մովսես Արիստակեսյանը հարցեր է ուղղում՝ «Եկեք, տեսնենք, որեւէ մեկը Հերմինե Նաղդալյանին պատժե՞ց այն բանի համար, որ նա հանրային միջոցներն օգտագործեց անձնական նպատակների համար։ Այդ երկու միլիոն դրամը 48 թոշակառուի թոշակ է։ Պատժվե՞ց, ներողություն խնդրե՞ց։ Քաղաքակիրթ, ժողովրդավար հասարակությունում քրեական գործ կհարուցվեր։ ՍԱՍ-ի Արտակը քանի՞ մարդու ճակատագրի հետ խաղաց ու խեղեց»։

Հարցին, թե Կարեն Կարապետյանն արդարացրե՞ց հանրության սպասելիքները, նկատվո՞ւմ են տնտեսական ոլորտում տեղաշարժեր, Մովսես Արիստակեսյանն արձագանքեց․ «Բարի ցանկությունների շարան էր ընդամենը, չկա գործողություն։ Եկավ, ասաց՝ կպայքարեմ ստվերի դեմ, կպայքարեմ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ, ոչինչ չարեց։ Բազմաթիվ նամակներ եմ հղել իրեն, որ չի կատարում իր խոստումները, չկա պատասխան։ Ներկայացրել եմ նաեւ իմ առաջարկները, ոչ մի պատասխան չեմ ստացել»։

Մովսես Արիստակեսյանը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության բաժնի պետ Արմեն Սողոյանին ազատազրկեցին այն ժամանակ, երբ նա ուզում էր կոռուպցիան արմատախիլ անել համակարգում։

«Մարդուն, որն ուզում էր պայքարել կոռուպցիայի դեմ, հանիրավի նստեցրին»,- ասաց տնտեսագետը։ Նույն պատճառով, ըստ նրա, աշխատանքից ազատեցին լավագույն մասնագետ, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին։

Մեկնաբանություն
X