2 անգամ անընդմեջ ՀՀ պետական մրցանակ չի տրվում կերպարվեստի ոլորտում

ՀՀ պետական մրցանակները, որ հանձնվում են 2 տարին մեկ անգամ, տրվում են ինչպես գրականության եւ արվեստի, այնպես էլ երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության, ճշգրիտ եւ բնական գիտությունների եւ այլ բնագավառներում։ Նախօրեին արդեն գրել էինք, որ գրականության բնագավառում հաղթող է ճանաչվել արձակագիր Գուրգեն Խանջյանը՝ «Տուր ձեռքդ, պստլո» իր վերջին վեպի համար։ Ինչպես տեղեկացանք, երաժշտության անվանակարգում 3 հայտ է ներկայացված եղել, որը նախորդ տարիների համեմատ շատ քիչ է։ Այնուհանդերձ, հանձնաժողովը հաղթող է ճանաչել կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանին։ Ինչ վերաբերում է կերպարվեստի բնագավառին, այստեղ նույնպես շատ քիչ հայտ է ներկայացված եղել` ընդամենը 4 հոգի, որից 2-ը՝ քանդակագործ, 2-ը՝ գեղանկարիչ, բայց հանձնաժողովականների քվեարկության արդյունքում ոչ մի գործ հաղթող չի ճանաչվել։

Հանձնախմբի նախագահ Արամ Իսաբեկյանը հրաժարվեց արդյունքների մասին բարձրաձայնել։ Ի դեպ, նախորդ անգամ՝ 2015-ին նույնպես ՀՀ պետական մրցանակ չի շնորհվել կերպարվեստի բնագավառում։

Նկատենք միայն, որ քանի դեռ նախագահը պաշտոնապես չի ստորագրել ՀՀ պետական մրցանակներ շնորհելու մասին հրամանագրերը, արդյունքների եւ հաղթողների մասին չի բարձրաձայնվում։ ՀՀ պետական մրցանակի կարող են ներկայացվել վերջին 2 տարվա ընթացքում տպագրված, ստեղծված, ցուցադրված գործերը, իսկ, որպեu մրցանակ, հաղթողին շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X