Պայքար` հողմաղացների դեմ

«Հանուն Հայաստան պետության» ճակատն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որով պահանջել էր դադարեցնել մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում: «Պլանկան», ինչպես անզեն աչքով էլ է երեւում, ցածրներից չէ: Մեր բախտակից Ուկրաինան, օրինակ, 2014 թվականից այս կողմ չի կարողանում լուծել այդ հարցը, չնայած Ղրիմի ու Դոնբասի հարցում Ռուսաստանի հետ ունեցած հակամարտությանը: Այս տարիների ընթացքում «Լեզվի մասին» մի օրենք են ընդունել, այն էլ քննադատության է արժանացել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մի շարք եվրոպական երկրների կողմից` որակվելով որպես Ուկրաինայում ապրող առանձին ազգությունների ու ժողովուրդների իրավունքները ոտնահարող օրենք: Իսկ ինչ մնում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակմանը, ապա դրանք շարունակում են հեռարձակվել, իսկ պակասն էլ լրացնում է նորին մեծություն համացանցը, որի դեմ պայքարելը ոչ միայն հնարավոր չէ, այլեւ անիմաստ է:

Ճակատն իր հայտարարության մեջ գրում է. «Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ռուսական ԶԼՄ-ներում եւ հատկապես հեռուստատեսությամբ առաջացրեց հակահայկական հիստերիայի մի ալիք, որին բնորոշ են մերկապարանոց մեղադրանքները, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը եւ նույնիսկ դրա իրավունքը մերժելը, կանխամտածված վիրավորական եւ նվաստացուցիչ համեմատությունները եւ զուգահեռները։ Գիտակցելով, որ դա առաջին հերթին Հայաստանի իրար հաջորդող իշխանությունների կողմից մեր ինքնիշխանության ներքին եւ արտաքին բովանդակության դեմ ուղղված քայքայիչ եւ հակապետական գործունեության հետեւանքն է, միաժամանակ մերժելի ենք համարում մեր ինքնիշխանության, ազգային եւ մարդկային արժանապատվության եւ հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն»: Այստեղ երկու լուրջ անհարթություն կա: Առաջին` «Ճակատը» մոռացել է, որ, 1988 թվականից սկսած, ռուսական մամուլն ու մասմեդիան երբեք աչքի չեն ընկել միագիծ հայանպաստ հրապարակումներով ու հաղորդումներով: Եվ երկրորդ` ռուսական հեռուստատեսությունում հակահայկական հիստերիայի նոր ալիքը բացատրվում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ասոցացման փաստաթղթի ստորագրումով, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, որ այդ գործընթացն ինքնին անկախության եւ ինքնիշխանության խիստ որոշակի արտահայտություն է: Գուցե պետք էր նաեւ մի քանի դրական խո՞սք ասել դրա մասին, օրինակ, հայտարարել, որ «Ճակատն» աջակցում է ՀՀ իշխանությունների` ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ տարվող քաղաքականությանը: Այլապես անհասկանալի է, թե «Ճակատն» ումից է պահանջում դադարեցնել ռուսական НТВ, «Զվեզդա», «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք», «Միր» հեռուստաալիքների հեռարձակումը, երբ դրանց բովանդակության մեջ հակահայկական միտումը բացատրում է ՀՀ իշխանությունների`«մեր ինքնիշխանության ներքին եւ արտաքին բովանդակության դեմ ուղղված քայքայիչ եւ հակապետական գործունեությամբ»:

Բայց գանք այս հայտարարության հայրենասիրական ոգուն: Մենք միանշանակ արդարացի ենք համարում «Ճակատի» զայրույթը` կապված ռուսական որեւէ հեռուստաալիքով կամ թերթով հակահայկական քարոզչության հետ: Ավելին, անթույլատրելի ենք համարում ռազմավարական դաշնակցի կողմից մեզ համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերում խայտառակ հակաքարոզչությունը եւ համոզված ենք, որ այն իր մյուս ծայրով ուղղված է հենց Ռուսաստանի դեմ: Ինչպե՞ս չզայրանաս, երբ հայտնի ռուս քաղաքագետ Մաքսիմ Շեւչենկոն հայտարարում է, որ «Ղարաբաղն ադրբեջանական հող է», կամ երբ պետական ֆինանսավորմամբ «Զվեզդան» ֆաշիզմի դրսեւորումներ է տեսնում ՀՀ իշխող կուսակցության զինանշանի եւ նրա գաղափարական հոր` Նժդեհի կերպարում:

Մի խոսքով` հայերի զայրույթը հասկանալի է եւ պատճառաբանված, ճիշտ այնպես, ինչպես հասկանալի է ամերիկացիների կամ ուկրաինացիների զայրույթը, որ նույնպես արդյունք է ռուսական հեռուստատեսությամբ իրականացվող քարոզչության: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էինք զայրանում «Ամերիկայի ձայն»-ի դեմ, երբ դեռ մեծ ու հզոր ԽՍՀՄ-ում էինք ապրում: Չեք մոռացել, չէ՞, որ այդ ռադիոկայանը լսողներին մի ուրիշ աչքով էինք նայում: Փակել, լռեցնել, դադարեցնել… Այսօր այս նույն պահանջներն են ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Հայաստանում, Ռուսաստանում, ամեն տեղ, որտեղ որեւէ օտար հեռուստատեսություն է հեռարձակվում կամ թերթ տարածվում: Փակել, լռեցնել, դադարեցնել` սա՞ է արդյոք ելքը, եւ մի՞թե, դիցուք` Հայաստանում, որեւէ ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը կասեցնելով` կկարողանանք կասեցնել նաեւ այդ ալիքով հակահայկական քարոզչությունը: Չենք կարծում, որ կասեցումից հետո վերոնշյալ հեռուստաալիքներն ավելի լավը կդառնան եւ կսկսեն հաշիվ տալ իրենց` Հայաստանի մասին որեւէ հաղորդում պատրաստելիս:

Մյուս կողմից էլ` կա խոսքի ազատությունը, որի ջատագովներն են «անկասկած, նաեւ «Ճակատի» մեր գործընկերները, որոնց հայտարարությունը, եթե մի փոքր ավելի խիստ լինենք, ուղղված է առաջին հերթին ԶԼՄ-ների (թեկուզ՝ ռուսական) ազատության դեմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, օրինակ, ամերիկյան ԶԼՄ-ներով իր դեմ իրականացվող քարոզչության համար գտավ անհրաժեշտ բնորոշիչը` «ֆեյք»: Ես սիրով կառաջարկեի գնալ Թրամփի գծած ճանապարհով, եթե նույն Մաքսիմ Շեւչենկոն ռուսական հեռուստատեսության եթերում հայտարարած չլիներ, որ «Ադրբեջանն արհեստական երկիր է»: Ես սիրով «ՌԵՆ TV»-ն կհայտարարեի «ֆեյք» հեռուստատեսություն, եթե նրա եթերից լեհ լրագրողը հասկանալի լեզվով ողջ աշխարհին չասեր, թե ինչ տարբերություններ կան Հայաստանի եւ Արցախի նկատմամբ վարվող եվրոպական եւ ռուսական քաղաքականությունների միջեւ:

Իհարկե, ամեն ինչ հրաշալի կլինի, եթե ռուսական հեռուստաալիքները Հ1-ից, «Երկիր մեդիայից», «Արմենիայից», «Շանթից» եւ մյուս հայկական ալիքներից ավելի հայամետ լինեին: Բայց այդպես, ավաղ, հնարավոր չէ: Բանն այն է, որ Ռուսաստանն էլ պետություն է եւ հարաբերություններ ունի աշխարհի շատ երկրների, այդ թվում եւ մեր ոխերիմ հարեւանների հետ ու որոշակի արտաքին քաղաքականություն է վարում եւ դրա շրջանակներում ծավալում իր քարզչությունը: Մենք, կարծում եմ, մաքսիմալիստ ենք այս հարցերում եւ ուզում ենք, որ մեր օգտին լինի ամեն ինչ` միջազգային կառույցների բանաձեւերը, BBC-ի հաղորդումները, ՄԽ եռանախագահների հայտարարությունները, Ֆրանսիայի խորհրդարանի որոշումները, օտար մամուլի եւ հեռուստաալիքների հրապարակումները: Մնում է պահանջենք, որ սոցիալական ցանցերում էլ հակահայկական քարոզչություն չլինի: Սա, կարծում եմ, ճիշտ չէ, բայց շատ ավելի վատ է, որ երբ որեւէ արեւմտյան լրատվամիջոց է քննադատում Հայաստանի իշխանություններին, մենք ներքուստ ուրախանում ենք, իսկ երբ ռուսականն է քննադատում կամ թթու խոսք ասում, միանգամից հայրենասեր ենք դառնում: Համաձայն չե՞ք, որ մոտեցումների սրբագրման հարց կա այստեղ:

«Ճակատը» հայ գործարար շրջանակներին կոչ է անում վճարովի հայտարարություններ եւ գովազդներ չպատվիրել ռուսական հեռուստաալիքներին: Պետք է ասեմ, որ դարձյալ գործ ունենք մարդկային զայրույթի հետ: Ի՞նչ կապ ունեն գործարարները քաղաքականության ու քարոզչության հետ: Մյուս կողմից էլ` ինչո՞ւ խոչընդոտել հայկական ապրանքների եւ ծառայությունների գովազդի տարածմանը միջազգային լսարան ունեցող հեռուստաալիքներով: Ամենակարեւորն էլ դեռ գովազդի տարածմանը խոչընդոտելը չէ: Իսկ ինչո՞ւ լրատվամիջոցին հատուկ տրամադրենք մեր դեմ:

Ամփոփեմ: ԶԼՄ-ի դեմ պայքարը շատ տարբեր է այն պայքարներից, որոնք ուղեկցվում են տանկերով ու թնդանոթներով: ԶԼՄ-ի դեմ «պայքարելու» համար պետք է աշխատել այդ կամ այլ ԶԼՄ-ների հետ: Լրատվամիջոցը ծորակ չէ, որ փակես ու համարես խնդիրը լուծված: Պետք է աշխատել, որ նրանից հոսող ջրին նաեւ քո ջուրը խառնվի, քո ձայնը լսելի լինի: ԶԼՄ-ի դեմ ելած, նրան դատի տված, լռեցնելու փորձ արած ո՞ր քաղաքական գործչին են «բարի քյալլա» ասել մինչ օրս: Ոչ մեկին: Թույլիկ գործիչներն ու պետություններն են միայն ձեռքը գցում փրփուրներից` իրենց պարտությունների պատճառը տեսնելով ԶԼՄ-ների գործունեության մեջ: Մեզ հաճախ են ասում` դուք էլ ձեզ լրատվամիջոցի ու լրագրողի պես պահեք: Հավատացեք` շատ ենք ուզում, որ հենց այդպես լինի, բայց մեկ էլ մի դուրսպրծուկ, որի նկարը տպում ենք, զանգում է ու հոխորտում, թե ինչպե՞ս ենք համարձակվել իր մասին «բան» գրել, եւ կամ լրագրողին է փողոցում «քաշքշում», ինչ է թե նա իր վարքի ու կատարած գործերի մասին բարձր կարծիքի չէ: Ո՞րն է լինելու առաջին քայլն այս դեպքում: Վստահ եմ, չեք ասի` լրատվամիջոցի փակումը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X