Հայաստանում նախագահական փոխանցումավազք չեղավ

Պուտին-Մեդվեդեւ-Պուտին փոխանցումավազքը Հայաստանում չկրկնօրինակվեց 2013 թվականին:

Կա՛մ Սերժ Սարգսյանը չցանկացավ նախագահական փայտիկը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ 2008 թվականի նախագահական ընտրություններից որպես հետեւանք մնացած ծանր ժառանգությունն ստանձնել: Այդուհանդերձ, կարծում եմ` ճիշտ չէ Մեդվեդեւ-Պուտին սցենարով տեղի չունեցած իշխանության հետփոխանցումը բացատրել զուտ Քոչարյան-Սարգսյան անձնական հարաբերություններով: Հազիվ թե Քոչարյանը 2008 թվականին չիմանար, թե ում է փոխանցում նախագահական իշխանությունը եւ ումից է այն հետ ստանալու: Իհարկե, չի կարելի բացառել, որ Քոչարյան-Սարգսյան հարաբերություններում անընթեռնելի հակասություններ են առաջացել Սարգսյանի պաշտոնավարման առաջին շրջանում, թեեւ պարբերաբար փարատում են մամուլում շրջանառվող այդ անհանգստությունը` հայտարարելով, որ 2 ղարաբաղցիների միջեւ խնդիրներ լինել չեն կարող:

2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարել էր, որ կմտնի ընտրապայքարի մեջ, եթե Քոչարյանը թեկնածությունն առաջադրի: Քչերը նկատեցին, բայց իր այդ հայտարարությամբ Տեր-Պետրոսյանը, ըստ էության, միջամտեց նախագահական ընտրություններում հիմնական ֆավորիտի` նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրությանը: Դրանով պետք է բացատրել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հենարան հանդիսացող ԲՀԿ-ի պահվածքը, որ նույնպես հրաժարվեց թեկնածու առաջադրելուց: Հաշվարկի հարց էր: Մտնել պայքարի մեջ եւ պարտվել մի բան էր, իսկ իր տասնամյա շրջանը պաշտոնավարած եւ Սահմանադրության պահանջով հեռացած նախագահի ինստիտուտը չխաթարելը՝ մեկ այլ բան: Ընդդիմության միասնական թեկնածուի անպտուղ փնտրտուքն ի վերջո (ակամայից) հանգեցրեց Սերժ Սարգսյանի` որպես այդ պահի միակ շատ թե քիչ ընդունելի թեկնածուի շուրջ չգրված կոնսենսուսի: Ավելին կարող եմ ասել` 2013թ. նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծվել էր քաղաքական մի վիճակ, որ Սերժ Սարգսյանն ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարողանա հրաժարվել հօգուտ Քոչարյանի, որովհետեւ նախնական պայմանավորվածությունների բացակայության եւ Քոչարյանի դեմ հասարակական տրամադրվածության պայմաններում բավականին մշուշոտ էր ՀՀԿ-ԲՀԿ գզվռտոցի պայմաններում իշխանական կարկանդակը խժռելու հեռանկարը: Անկայունություն ոչ մեկին պետք չէր, եւ հենց դա էր ընկած 2013թ. նախագահական ընտրությունների տրամաբանության հիմքում:

2015 թվականին Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի արդյունքներով երկիրն այսօր անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրության ընդունումով պետական կառավարման փիլիսոփայությունը վերանայվում է արմատապես: Կարելի է ասել, որ սահմանադրական այս փոփոխություններով մենք էապես ձերբազատվում ենք մի այնպիսի տխուր երեւույթից, ինչպիսին նախագահների միջեւ լուռ համաձայնությամբ իշխանության փոխանցումն է: Կարեւոր չէ` նրանք անձամբ կշարունակեն պաշտոնավարել, թե իրենց աթոռին այլ դեմքեր կնշանակեն: Փաստը մնում է փաստ` իշխանությունը Հայաստանում անհատից փոխանցվում է քաղաքական ուժին, եւ դա չընդունելը, առնվազն, ինքնանպատակ համառություն է:

Որոշ վերլուծաբաններ գրում են, որ սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը վերջնականապես փակեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցը: Նորից հարց պետք է տամ` ինչո՞ւ, ի՞նչ վատ բան է արել Քոչարյանը նրան, բացի այն, որ 10 տարի շարունակ, որպես նախկին նախագահ, ոչ միայն չի սեւացրել գործող իշխանությանը, այլեւ եթե քննադատել է, ապա ոչ առանց մտահոգության: Ինքնին սխալ է նաեւ այն մտածելակերպը, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխել է իր համար: Ի վերջո, բոլորն են հասկանում, որ իշխանության վերջնական ձեւավորման գործում առաջին հերթին դերակատար են այլ հանգամանքներ, օրինակ, ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակը, հասարակության տրամադրվածությունը, աշխարհաքաղաքական գործընթացները եւ այլն: Անձի ցանկությունը եւ «կարողությունը», երբ որոշիչ են դառնում խորհրդարանական ընտրությունները, դրսեւորվում են արդեն քաղաքական ուժի կամ ուժերի դաշինքի ներսում: 2018թ. ապրիլին տեղի ունենալիք փոփոխության պահն առանձնահատուկ է միայն այնքանով, որ գործ ունենք հեռացող նախագահի հետ, որը մյուս կողմից էլ վերջին նախագահն է եւ կրում է նախագահական ժամանակների կնիքը` դժվարացնելով նորի ընկալումը: Վստահեցնում եմ՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ավելի շատ կխոսենք քաղաքական պայքարի, քան որեւէ թիմի անդամների կողմից իշխանությունը խլխլելու, հավերժանալու, գենսեկություն անելու մասին: Ով էլ լինի ՀՀ վարչապետը, միեւնույն է, հաջորդ ընտրություններում չի կարող վերարտադրվել, եթե նրա գլխավորած կառավարությունը չկարողանա երկու էշի գարի ջոկել իրարից: Ավելին՝ ապաշնորհ վարչապետը չի կարող ձգել մինչեւ մյուս ԱԺ ընտրություններ, որովհետեւ նրա թիմն իսկույն միջոցներ կձեռնարկի նրան փոխելու համար, որպեսզի նոր ընտրությունները չձախողի եւ չկորցնի իշխանությունը:

Հիմա մեզ տանջում է հարցը՝ ինչ կանի Սերժ Սարգսյանը 2018 թ. ապրիլին: Մեր պարտքն ենք համարում ամեն օր գրել այն մասին, որ Սերժ Սարգսյանը ձգում է ինտրիգը եւ չի ասում, թե ինչ է լինելու: Սպասելով, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանը եւ ինչ է անելու` մենք իրականում թուլացնում ենք այլ տարբերակների հավանականությունը, վարչապետի այլ թեկնածուների հնարավորությունները: Երբ մամուլը եւ հասարակությունը, հին սովորության համաձայն, արհամարհելով քաղաքական գործընթացները, նայում են մեկ մարդու ուղղությամբ եւ ակնդետ հետեւում նրա մատի շարժումներին, մեծապես դժվարանում է խորհրդարանական կառավարում ապահովող սահմանադրության ճիշտ ընկալումը: Այսպես ասեմ` եթե Գերմանիայում մտածեին, որ իրենց սահմանադրությունը հավերժ իշխելու հնարավորություն է տալիս Անգելա Մերկելին, ապա իսկույն կփոխեին այն, իսկ Մերկելին կմեղադրեին գենսեկություն անելու մեջ: Փոխարենը Գերմանիայում ոչ ոք Մերկելի մատի շարժումին չի հետեւում, եւ կարծում են, որ խորհրդարանական ընտրություններում է որոշվում հաղթող քաղաքական ուժը: Կանցլերի խնդիրն արդեն տեխնիկայի հարց է եւ կախված է այն բանից, թե իր կուսակցությունում մեծամասնություն ունի՞ տվյալ գործիչը, թե՞ ոչ:

Կուսակցության որակից էլ է շատ բան կախված: Մեր դեպքում դա վերջին ընտրություններում հաղթած ՀՀԿ-ն է, որ խոստացել է ապագա վարչապետի թեկնածության հարց քննարկել իր ներսում: Թող մեզ ներեն ՀՀԿ-ականները, բայց այսօր դժվար է հավատալ այդ կուսակցության ներսում որեւէ քննարկման, որովհետեւ ամուր նստած է այն պատկերացումը, որ ՀՀԿ-ն նման է հավասար եւ խնամքով խուզված «գազոնի», որտեղ քննարկումներն սկսվում եւ ավարտվում են նախագահի խոսքով: Ուստի կառաջարկեի մինչեւ ապրիլ ՀՀԿ ներքին քննարկումներին զուգահեռ նաեւ ժողովրդական քննարկում, ինչու ոչ՝ նաեւ քվեարկություն անցկացնել ապագա վարչապետի 2 կամ 3 թեկնածուների միջեւ: Կարծում եմ` ՀՀԿ-ականները դրանով մեծապես նպաստած կլինեն ոչ միայն մեր երկրում դեմոկրատիայի ամրապնդմանը, այլեւ հավանական թեկնածուների, մեղմ ասած, տվայտանքներին վերջ տալուն: Իսկ թեկնածուները քիչ չեն. Սերժ Սարգսյանը դեռ չի խոսում, Կարեն Կարապետյանը մելանխոլիկ հարցազրույց է տալիս «Մեդիամաքսին», Վիգեն Սարգսյանը, բանակը մոռացած, ուսանողների հետեւից է ընկել…

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X