Աղետը աղետ է ծնում

Երկրաշարժից անցել է 29 տարի, բայց աղետի գոտին դեռեւս չի վերականգնվել, դեռ ավելին՝ երկրաշարժի արդյունքում ավերված Հայաստանի հյուսիսային քաղաքներն ու գյուղերը կանգնած են մեկ այլ, շատ ավելի սոսկալի աղետի առաջ՝ դրանք շեշտակիորեն դատարկվում են, եւ դրա դեմն առնելու ձեւերը չեն նշմարվում:

Երբեմնի ծաղկուն եւ մարդաշատ քաղաքները դարձել են ավերված շենքերով ու քանդված փողոցներով մռայլ բնակավայրեր, որտեղ մարդիկ չեն ապրում, չեն ժպտում, չեն աշխատում, չեն ստեղծագործում: Վանաձորն արդեն ժամանակակիցները որակել են որպես «ուրվականների քաղաք», պակաս ողբերգական չէ նաեւ Շիրակի մարզի վիճակը: Տեքստիլ արդյունաբերության երբեմնի կենտրոն, հումորի ու կենսախնդության աղբյուր Շիրակը, մաքուր, աշխատասեր, համեստ Լոռին ներկայումս Հայաստանի ամենաաղքատ մարզերն են: Չկան կյանքի զարգացման ու երջանիկ ապագայի հեռանկարներ, մարդիկ հուսահատ են, եւ այդ հուսահատությունն է հատկապես ստիպում, որ լքեն հայրենի բնակավայրերը:

Ամեն օր Գյումրու, Վանաձորի կենտրոնից արտագաղթի ավտոբուսները երկրից դուրս են հանում հարյուրավոր մարդկանց: Այս տեսանկյունից ողբերգական է ոչ այնքան աղետը, որքան այն, որ նույնիսկ երեք տասնամյակ անց պետությունը չի վերականգնել աղետի գոտին: Չնայած եթե փորձենք հաշվել, թե այս 30 տարում ինչքան ֆինանս է հատկացվել աղետի գոտուն, ինչքան օգնություն է մտել երկիր՝ աղետը հաղթահարելու նպատակով, պարզ կլինի, որ դրանք լիուլի բավարար էին գոնե Գյումրին ու Վանաձորը վերականգնելու համար:

Իսկ երբ աղետի հետեւանքները չեն վերացվում, աղետը նոր՝ առավել աղետալի հետեւանքների է հանգեցնում։ Մարդկանց հոգեբանության, աշխատունակության, սեփական խնդիրները լուծելու կարողունակությունը ոչնչացնելու, կազմաքանդելու, բարոյալքելու իմաստով։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X