Մեղրին կլողա «յուղ ու մեղրի մեջ»

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելուն, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելուն, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձեւերը հաստատելուն:

Դատելով կառավարության որոշման նախագծի համապատասխան տեղեկանքներից՝ ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ եւ ՀՀ տնտեսական զարգացման կարեւոր դարպասներից մեկն է լինելու: Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ 2 հա ընդհանուր մակերեսով ԱՏԳ գործունեությունը մեկնարկելու համար: Երկրորդ փուլով նախատեսվսում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հա.-ով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ ծավալելու շահութաբեր բիզնես գործունեություն: Ծրագրի իրականացման այս փուլում, ԱՏԳ ընդլայնված տարածքում նախատեսվում է հիմնել արտադրական, զբոսաշրջային և ժամանցային ենթակառուցվածքներ։

Որպես արտահանման հիմնական շուկաներ թիրախավորվում են Իրանի Իսլամական Հանրապետությունը, ԵԱՏՄ երկրները, Ծոցի երկրները, Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն: ԱՏԳ-ից արտահանման կանխատեսվող ծավալներն, ըստ համապխատասխան կանխատեսումների, բավական հավակնոտ են: Ըստ այդմ՝ 2018-2020 թթ կանխատեսվում է 100-120 մլն դոլարի, 2020-2023 թթ՝ 150-200 մլն դոլարի, 2024-2027 թթ՝ 250-300 մլն դոլարի արտահանում: Արտահանման ծավալները կանխա¬տեսելիս հաշվի են առնվել պոտենցիալ շահագործողների քանակը, ներդրումների ծավալը, շահագործողների ներգրավվածության աստիճանը, ինչպես նաև ըստ ոլորտների մեկ ընկերության միջին արտահանման ծավալը):

Կանխատեսվել են նաեւ հնարավոր աշխատատեղերի քանակը: Ըստ այդմ՝ 2018-2020 թթ կստեղծվի 450-600, 2020-2023 թթ.՝ 750-1000, 2024-2027 թթ՝ 1100-1500 աշխատատեղ:Ներդրումների ծավալն էլ բավական հավակնոտ է՝2018-2020 թթ՝ կանխատեսվում է 40-60 մլն, 2020-2023 թթ՝ 70-90 մլն, 2024-2027 թթ՝ 100-130 մլն դոլարի ներդրում:

ՀՀ տարածքում արտադրված ապրանքների արտահանումը արտոնյալ պայմաններով հնարավոր է 250 մլն ընդհանուր բնակչություն ունեցող ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ: Հայաստանը ներկայումս օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP): Հայաստանն ընդգրկված է ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում: 2015 թ. հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է առանց խոչընդոտների մուտք շուրջ 180 մլն. բնակչությամբ Միության շուկա:

Այս ամենն, իհարկե, թղթի վրա ներկայացված գեղեցիկ շարադրանք է, եւ հարկավ հետեւողական ջանքեր կպահանջվի կառավարության կողմից այն կյանքի կոչելու համար: Անշուշտ՝ կոռուպցիայի ռիսկերը նվազագույնի հասցնելով: «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթը տնօրինում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը, իսկ ԱՏԳ-ի գործունեության ժամկետը սահմանվել է 50 տարի: Այսինքն՝ կես դար ունենք «երկիրը երկիր դարձնելու» պտուղները վայելելու համար:

Հեղինե Մանուկյան

Մեկնաբանություն
X