Պաղեստինցնիները համոզված են, որ Արևելյան Երուսաղեմն իրենց ապագա պետության մայրաքաղաքն է

Լուսանկարում՝ ալ-Աքսա մզկիթը, մուսուլմանների երրորդ խոշորագույն սրբավայրը Մեքքայից ու Մադինայից հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին, պաշտոնապես Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք ու որոշում կայացրեց ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

ԱՄՆ Կոնգրեսը դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ակտը ընդունել է դեռևս 1995 թ․ և միաժամանակ նախագահին լիազորել 6 ամիսը մեկ հետաձգել տեղափոխությունը։ Այսինքն 1995 թ․-ից սկսած բոլոր նախագահները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը, շուրջ 22 տարի հետաձգել են տեղափոխությունը։ Իսկ հիմա 45-րդ նախագահը խառնեց բոլոր խաղաքարտերը՝ Երուսաղեմը ճանաչելով որպես Իսրայելի մայրաքաղաք։ Ենթադրվում է, որ դեսպանության տեղափոխությունը կկազմակերպվի 6 ամսվա ընթացքում, քանի որ ինչպես նշեցինք Թրամփը ևս 6 ամիս հետաձգել է տեղափոխությունը, իսկ որոշ փորձագետների կարծիքով էլ հնարավոր է այդ գործընթացը մի քանի տարի ձգձգվի, քանի որ ԱՄՆ-ն Երուսաղեմում չունի համապատասխան շենք, որտեղ հնարավոր կլինի տեղակայել դեսպանությունը։

Նշենք, որ ԱՄՆ-ն աշխարհում առաջին պետությունն է, որը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Թրամփը պարզապես կյանքի է կոչում իր խոստումը, որը բազմիցս հնչեցրել է նախընտրական կամպանիայի ժամանակ։ Սպիտակ տանն այն համոզմունքն ունեն, որ նախագահն ընդամենը արձանագրում է իրականությունը, քանի որ առանց այն էլ Երուսաղեմը պետության մայրաքաղաքի ոչ պաշտոնական կարգավիճակ ունի։

Երուսաղեմի կարգավիճակի հարցը Մերձավոր Արևելքի ամենասուր հիմնախնդիրներից մեկն է, որը հանդիսանում է արաբա-իսրայելական հակամարտության ամենակարևոր բաղկացուցիչներից մեկը։ Իսրայելը Երուսաղեմը դիտարկում է որպես մայրաքաղաք, իսկ պաղեստինցիներն էլ այն համոզմունքն ունեն, որ Արևելյան Երուսաղեմը իրենց ապագա պետության մայրաքաղաքն է լինելու։ Այդ շրջանները իսրայելցիները գրավել են 1967 թ․ պատերազմի ժամանակ և համարում են իրենց պետության անբաժանելի մասնիկը։ 1967թ․-ից սկսած Իսրայելը պարբերաբար նոր թաղամասեր է կառուցել և դրանք վերաբնակեցնել ավելի քան 200 հազար մարդկանցով։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դա անօրինական է, քանի որ աշխարհը չի ճանաչել Իսրայելի իրավունքը Երուսաղեմի նկատմամբ և դրանից ելնելով բոլոր երկրները, այդ թվում և ԱՄՆ-ը իրենց դեսպանությունները տեղակայել են Թել Ավիվում։ Իրականում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել,ներկայումս դժվար է կանխատեսել, թե իրադարձությունները ինչ սցենարով կզարգանան, չի բացառվում, որ Թրամփի որոշումը ինչ-որ խթան հանդիսանա բանակցությունների համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահը կարծես թե պատրաստ է պաշտպանել երկու առանձին պետությունների գաղափարը։

Չբացառենք նաև այն հեռանկարը, որ այդ որոշումը մուսուլմանական աշխարհում կարող է մեծ պայթյունի պատճառ դառնալ։ Սաուդյան Արաբիայի և Հորդանանի իշխանությունները զգուշացրել էին որոշման վտանգավորության մասին՝ հորդորելով զերծ մնալ կտրուկ քայլերից։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ը ևս մեկ անգամ վճռական կերպով ապացուցեց այն փաստը, որ Իսրայելը տարածաշրջանում Վաշինգտոնի ամենառազմավարական դաշնակիցն է։ Բացի այդ Դոնալդ Թրամփը արդարացրեց իր հրեա ընտողների սպասելիքները, քանի որ ինչպես նշեցինք վերևում նախընտրանական կամպանիայի ժամանակ այդպիսի խոստում էր տվել։

Այս ամենից զատ խնդրի ամենամեծ բարդությունը նրա մեջ է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ակտը բողոքի զանգվածային ալիք է բարձրացնելու ամբողջ Իսլամական աշխարհում՝ Ինդոնեզիայից մինչև Մարոկկո։ Մուսուլմանական պետություններից զատ վերաձևակերպվող պայքարի մեջ են ներգրավվելու նաև մուսուլմանական տարատեսակ ծայրահեղական խմբավորումներն ու կազմակերպությունները։ Վերստին ակտիվանալու են Պաղեստինի ազատագրության համար պայքարող ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունները, ստեղծվելու են նորերը։ Նշենք, որ այս հիմնախնդիրը ժամանակավորապես ետին պլան էր մղվել «Արաբական գարնան» և Սիրիական պատերազմի պատճառով։

Բացի այդ Պաղեստինի ու Երուսաղեմի հիմնախնդիրները պանիսլամիզմի առաջնային թիրախներն են, պատվի և արժանապատվության հարց աշխարհի բոլոր մուսուլմանների համար։ Հարցի վերաբերյալ իրենց հստակ մոտեցումներն ունեն նաև ԱՄՆ-ի դաշնակիցներ Թուրքիան, Հորդանանը և Սաուդյան Արաբիան։ Հատկապես Թուրքիան չափազանց կտրուկ արձագանքեց Թրամփի այդ որոշմանը։ Էրդողանը, հանդես գալով սուննիական աշխարհի առաջնորդի դիրքերից, որպես պանիսլամիզմի դրոշակակիր սպառնաց խզել հարաբերությունները Իսրայելի հետ։ Պաղեստինի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի ամենավտանգավոր հակառակորդն Իրանն է, որն իր ազդեցիկ լծակների միջոցով ամեն ինչ անելու է իրավիճակը ապակայունացնելու և իր շահերին հակասող որոշումները կանխարգելելու համար։

Բանն այն է, որ Երուսեղեմը խոշորագույն սրբավայր է հրեաների, մուսուլմանների և քրիստոնյաների համար։ Մուսուլմանների համար այն իր կարևորությամբ երրորդ սրբավայրն է Մեքքայից ու Մադինայից հետո, այնտեղից է Մուհամմադ մարգարեն իրականացրել երկնային հայտնի ճանփորդությունը, Երուսաղեմում է տեղակայված ալ-Աքսա մզկիթը և այսպես շարունակ։ Բացի այդ մուսուլմանների համոզմամբ իրենք Սուրբ վայրերի ամենալավ պահապաններն են, քանի որ դրանք 1300 տարի եղել են իսլամական տիրապետության ներքո և իրենք ընդունում են ինչպես Քրիստոնեության, այնպես էլ Հուդդայականության մարգարեական կրոններ լինելու փաստը։

Եվ այսպես չխորանալով պատմական առանձին մանրամասների մեջ՝ միայն նշենք, որ Թրամփի որոշումով Մերձավոր Արևելքում վերակենդանացվում է դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին բռնկված, 6 պատերազմների և հազարավոր զոհերի պատճառ դարձած հակամարտությունը։ Ինչպես նաև դեսպանության Երուսաղեմ տեղափոխվելուց հետո ԱՄՆ-ն պետք է լրջագույն միջոցներ կիրառի մուսուլմանական երկրներում իր դեսպանությունների և դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X