Երևանի տաքուկ անկյուններում նստած չինովնիկները ատում են Գյումրին

1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը՝ 1 միլիոն 130 հազար բնակչությամբ: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, իսկ 530 հազարը մնաց անօթևան: Հայաստանը կորցրեց 8 միլիոն քառ. մ բնակելի տարածություն: Մի քանի րոպեների ընթացքում ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան քաղաքները, ինչպես նաև՝ հարյուրից ավել գյուղեր: Գործունեությունը դադարեցրեցին 170 արդյունաբերական ձեռնարկություններ: Արդյունքում շուրջ 82 հազար բանվորներ մնացին գործազուրկ:

Բնական աղետը Հայաստանին հասցրեց շուրջ 13 միլիարդ ռուբլու վնաս: Անցել է 29 տարի, բայց աղետի գոտին դեռևս չի վերականգնվել, դեռ ավելին՝ երկրաշարժի արդյունքում ավերված Հայաստանի հյուսիսային քաղաքներն ու գյուղերը կանգնած են մեկ այլ աղետի առջև՝ դրանք դատարկվում են: Տեղին է այն ձևակերպումը, որ Վանաձորը աստիճանաբար վերածվում է ուրվականների քաղաքի: Երբեմնի ծաղկուն և մարդաշատ քաղաքները դարձել են ավերված շենքերով ու քանդված փողոցներով մռայլ բնակավայրերի, որտեղ մարդիկ չեն ժպտում: Հատկապես ողբերգական է իրավիճակը Շիրակի մարզում: Տեքստիլ արդյունաբերության երբեմնի կենտրոնը ներկայումս Հայաստանի ամենաաղքատ մարզն է և ոչ միայն Հայաստանի: Չկան կյանքի զարգացման ու երջանիկ ապագայի հեռանկարներ և մարդիկ ստիպված լքում են հայրենի բնակավայրերը: Ամեն օր Գյումրու կենտրոնից արտագաղթի ավտոբուսը երկրից դուրս է հանում հարյուրավոր մարդկանց:

Այս տեսանկյունից ողբերգական է ոչ այնքան աղետը, որքան այն հանգամանքը, որ նույնիսկ երեք տասնամյակ անց պետությունը չի վերականգնել աղետի գոտին: Եվ չի վերականգնել ոչ այն պատճառով, որ չի կարողացել, պատճառները բոլորին են հայտնի: Երևանի տաքուկ անկյուններում նստող իշխանությունները կարծես թե ատում են Գյումրին, որովհետև նրանք միշտ այս քաղաքում հայտնվում են հիմարի կարգավիճակում: ՀՀԿ-ն գրեթե բոլոր ընտրություններում պարտվել է Շիրակի մարզում: Եթե փորձենք հաշվել պետությունից թալանված փողերը, ապա դրանք բավական են Գյումրին և առհասարակ աղետի գոտին մի քանի անգամ վերականգնելու համար: Բայց իշխանության ներկայացուցիչները մարդկանց անմարդկային դոմիկներից հանելու փոխարեն գերադասում են գողանալ և պետական գումարները թաքցնել օֆշորային գոտիներում: Երևի թե այդպիսի պայմաններում ապրող մարդիկ իսկապես հերոսներ են՝ նրանք ապրում են ավերակների մեջ, խաբված են ու լքված, բայց դեռ շարունակում են ապրել:

Մեկնաբանություն
X