Թուրքիայի փակ դռան «առեղծվածի» շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն օրերս անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին եւ նշել, որ «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետեւանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից եւ շարունակելու է դուրս մնալ, իսկ, ահա, Վրաստանն օգտվում է Թուրքիայի մասնակցությամբ այդ ծրագրերից: Էրդողանի այս հայտարարությունը հայրենական առանձին լրատվամիջոցներ այս օրերին դարձրին նույնիսկ օրվա թեմա, թեեւ այն ամենամեծ ցանկության դեպքում էլ Էրդողանի հայտնագործություն որակելն անհնար է:

Բանն այն է, որ տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի դուրս մնալը ոչ թե հարեւան երկրի մտահոգությունն է, այլ Թուրքիայի եւ նրա տարբեր ժամանակների ղեկավարների` Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության արդյունքը: Հայաստանի վերանկախացումից հետո «հայկական սփյուռքի ճնշում»-ով Թուրքիան պատճառաբանում է գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ նաեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու փակ սահմանի առկայությունը, ինչը 21-րդ դարի աշխարհընկալման տեսանկյունից արդեն ծիծաղելի է դառնում:

Այս նույն տրամաբանությամբ մենք էլ կարող ենք ամեն ինչ փակել Թուրքիայի առաջ եւ հայտարարել, որ դրա մեղավորը թուրքական լոբբին է, որ ողջ աշխարհում հակահայկական քարոզչություն է իրականացնում: Տարբերությունը հայկական սփյուռքի եւ թուրքական լոբբիի միջեւ հսկայական է, բայց, ի վերջո, երկու դեպքում էլ ամեն ինչ խարսխված է քարոզչության վրա: Եթե դու պարտվում ես պատմական փաստերի ճնշման եւ քարոզչության բնագավառում, դա դեռ պատճառ չէ թշնամական կեցվածք որդեգրելու համար, մանավանդ, եթե քեզ համարում ես քաղաքակիրթ աշխարհի մասնիկ: Ով-ով, բայց Թայիփ Էրդողանը պետք է որ հիշի, թե ինչ մակարդակի վրա հայտնվեցին ռուս-թուրքական հարաբերությունները ռուսական օդանավի` Սիրիայի երկնքում կործանվելուց հետո: Ռուսաստանը, սակայն, չհայտարարեց ռուս-թուրքական սահմանի փակման եւ հարաբերությունների դադարեցման մասին, այլ պահանջեց, որ Թուրքիան ընդունի սխալը եւ ներողություն խնդրի, ինչն էլ արեց Էրդողանը` Մոսկվա այցելելով: Էրդողանը պետք է հասկանա, որ հայկական սփյուռքի պարագայում գործ ունի ոչ թե մի ինքնաթիռի, այլ հայրենազրկված եւ ցեղասպանության ենթարկված ժողովրդի պահանջատիրության հետ, որը մեղմելու լավագույն տարբերակը զոհին մեղադրելը չէ:

Հայկական մամուլում Էրդողանի հայտարարությունը մեկնաբանվեց տարբեր տեսանկյուններից: Ոմանք դա բացատրեցին նույնիսկ հայ-ռուսական հարաբերություններով եւ մի ոչ պակաս ծիծաղելի վարկած առաջադրեցին, թե Հայաստանը տարածաշրջանային ծրագրերից դուրս է մնում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների պատճառով: Փաստորեն, Հայաստանում դեռ կան մարդիկ, որ Էրդողանի եւ Ալիեւի արկածախնդրություններին այնքան լուրջ են վերաբերվում, որ պատրաստ են հրաժարվել հայ-ռուսական հարաբերություններից` հանուն Բաքու-Կարս երկաթուղուն միանալու կամ Բաքու-Ջեյհան նավթամուղը հայկական լեռներով անցկացնելու: Այդ մարդկանց հիշեցնեմ, որ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ լինելը, կարծես, Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային չեն դրդել փակելու Հայաստանի հետ սահմանները եւ դադարեցնելու ամեն տեսակ հարաբերություն: Մենք ունենք ընդամենը 2 փակ սահման, որոնցից մեկի հետեւում Էրդողանն է կանգնած, իսկ մյուսի` Ալիեւը` սա է իրողությունը:

Վերջապես, ի՞նչ հայ-ռուսական հարաբերությունների մասին է խոսքը, երբ «խեղճ» Էրդողանի մտքով անգամ չի անցել ակնարկել այդ մասին: Ընդամենը մի քանի տարի առաջ նրա արտգործնախարար Դավիթօղլուն Ցյուրիխում հայ-թուրքական սահմանը բացելու մասին արձանագրություն է ստորագրել Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ, որին ներկա էին ինչպես ԵՄ ներկայացուցիչը, այնպես էլ ՌԴ եւ ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Թե ինչ ճակատագիր ունեցան այդ արձանագրությունները, բոլորը գիտեն, եւ հաստատ այնպես չէ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է դրանք տապալել:

Մենք, պատահաբար, շատ մեծ չափուկշիռ չե՞նք հաղորդում Էրդողանի` արդեն տասնամյակներ ծեծված այդ հայտարարությանը, որ ավելի շատ հայկական սփյուռքի մասին է, քան տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի դուրս մնալու: Մարդու փորացավը հայտնի է: Նա, օգտվելով Հայաստանի ոչ բարվոք տնտեսական վիճակից, փորձում է հակասություն առաջ բերել Հայաստան-Սփյուռք կապերում, ինչը, անշուշտ, առաջին հերթին կթուլացնի հայությանը` այս բառի ողջ տարողությամբ:

Ինչո՞ւ Էրդողանը հատկապես այս օրերին հիշեց Հայաստանի մեկուսացվածության մասին: Պատճառը, արդյոք, Թուրքիայի շուրջ տեղի ունեցող գլխապտույտ դեպքերը չէի՞ն, օրինակ, ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման ճանապարհին արված կարեւորագույն քայլը կամ ԵՄ-ի հետ Ռուսաստանի նկատելի մերձեցումը: Սրանք, մեր կարծիքով, իրողություններ են, որոնց հետ չի կարող հաշվի չնստել ԵՄ-ից մի քանի տասնամյակ շարունակ մերժում ստացող Թուրքիան:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X