Վատ ընկերակցություն

Ռուսական համեմատաբար անկախ մասնավոր հեռուստաընկերություն «Дождь»-ը հեռարձակել է ավստրալական պառլամենտի նիստի այն հատվածը, որի ժամանակ ավստրալացի տղամարդ պատգամավորը միասեռ ամուսնությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ առաջարկություն է անում իր զուգընկերոջը։ Տեսարանը, անշուշտ, շոկային է, հատկապես սովետական երկրում կրթված-դաստիարակվածներիս համար, եւ հատկապես շոկ է առաջացնում այն մթնոլորտը, որը տիրում է ավստրալական պառլամենտում՝ այն ոգեւորությունը, ծափերն ու օվացիաները, որ հաջորդում են հրապարակային առաջարկությանը՝ երբ երկու համակրելի տղամարդ սիրահարված հայացքով իրար են նայում, մեկը խնդրում է մյուսի ձեռքը, մյուսը՝ ամոթխած ասում՝ այո։

Բայց այս «կինոն» երկրորդ «սերիա» էլ ունի։ Տեսահոլովակը հայտնվել է Ֆեյսբուքում, դիտվել 95 հազար ռուսալեզու հեռուստադիտողի կողմից, որից 1400 հոգի հավանել է այն, բայց հատկապես ուշագրավ է այն բուռն քննարկումը, որ ծավալել են հոլովակը դիտողները։ Ահա՛ այդ քննարկումը կարդալիս ես իրական շոկ ապրում։ Հասկանում, թե ինչքան տարբեր են մարդ էակները եւ ինչքան անհանդուրժող իրենց նմանի նկատմամբ։ Բնականաբար՝ երկու ծայրահեղ կարծիքներ են հնչում տեսանյութի տակ, եւ բանավեճը շատ հեռու է քաղաքակիրթ համարվելուց։ Բայց եթե հոլովակին ու կատարվածին դրական վերաբերվողները մեղմ ու հումորով են արտահայտվում, հակառակ կողմը մարտնչող տգիտության, չարության, նվաստացուցիչ որակումների ու հայհոյանքների լեզուն է նախընտրում։ Կասեք՝ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա՞ այս ամենում։

Կա, եւ ամենից արտառոցը գիտե՞ք ինչն է՝ հայհոյողների բանակում հիմնականում ադրբեջանցիներն ու հայերն են եւ ռուսների պուտինյան էլեկտորատը։ Գաղափարական ինչպիսի՜ ամոթալի ներդաշնակություն մեզ՝ հայերիս համար։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X