Ժողովուրդը ծախված չէ

Հայաստանում հնարավոր չէ գտնել գեթ մի հոգի, որը դժգոհ չի լինի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանությունից: Դժգոհ են բոլորը՝ նույնիսկ յուրայինները և Սերժ Սարգսյանի կողքին կանգնածները: Եվ այս համատարած դժգոհության պայմաններում տպավորությունն այնպիսին է, որ իշխանություններն ոչ միայն կյանքի ծանրագույն պայմաններ են ստեղծել հանրապետության ամբողջ բնակչության համար, այլ նաև անհատապես վրեժ են լուծում բացառապես բոլոր քաղաքացիներից՝ առանձին-առանձին:

Այդ տրամաբանությամբ յուրաքանչյուրին հասնում է իր բաժին պատիժը: Ակտիվ պայքարողները հայտնվում են բանտերում, անարդարության հետ չհամակերպվողները արտագաղթում են, իսկ մի կերպ համակերպվողները՝ պարզապես նվաստացվում: Այս հստակ քաղաքականության արդյունքում մարդիկ մատնվում են չքավորության, որի պայմաններում արժանապատվությունը կորցնելու հավանականությունը չափազանց մեծ է: Այսպիսի իրավիճակում ոչ ոք չի կարող խուսափել անհատական պատժից:

Բոլորից հաշվեհարդար են տեսնում: Հաշվեհարդարն այդ ունի գաղափարական հենք, ավելի ճիշտ հիմնավորում, որը տեղավորվում է «ժողովուրդը ծախված է» կեղծ թեզի շրջանակներում: «Ժողովուրդը ծախված է» նողկալի կարգախոսը շրջանառության մեջ են դնում հենց իշխանությունները և սադրանքի արդյունքում այն հաճախ արտաբերվում է նաև երկար մտածել չսիրող, բայց շատ խոսել սիրող ընդդիմադիր որոշ գործիչների կողմից: Ժողովրդին որպես ծախված պիտակելն ու մարդկանց ողբերգության վրա չարախնդալը քաղքենիության և տգիտության վառ դրսևորում է: էսօր նկատեցի, որ նույնիսկ ԱԺ պատգամավորներից մեկն էր չարախնդում: Միանգամից ասեմ՝ այդ պատգամավորը որպես գործիչ որևէ առաքելություն չի կարող ունենալ այս երկրում: Ու ես խորին համոզմունք ունեմ, որ ժողովրդին այդ մանրադիտակով նայողները գտնվում են հենց 10 հազար դրամի արժեքային չափույթում, անկախ նրանից ընտրակաշառք երբևէ վերցրել են, թե ոչ: Նրանք այդպես էլ չհասկացան այս ժողովրդի արժեքը, մարդու արժեքը: Չհասկացան, որ սոցիալական անարդարությունը կուլ է տալիս մարդկանց: Դրանք պարզապես խոսքեր չեն, այլ իշխանական հարուստ զինանոցի ամենակենսունակ գործիքներից, որոնց միջոցով հնարավոր է հասարակությունը և հասարակական կառույցը աստիճանաբար կազմաքանդել:

Ի՞նչ է նշանակում մի ամբողջ սոցիումի վերցնել ու առանց վարանելու պիտակել որպես ծախված: Չէ՞ որ այդ սոցիումի վրա է խարսխված այն ամենը, ինչը մենք անվանում ենք պետություն և այն բոլոր արժեքները որոնք խտացված են պետություն կոչվող այդ պայմանական տարածքում՝ անկախություն, ազատություն, անվտանգություն, քաղաքացիություն՝ ընդհուպ ավանդույթներ և առօրյա: Եթե մենք սոցիումին անվանում ենք ծախված, ապա հոգեբանորեն անդամահատում և պարալիզացնում ենք նրան: Արգելակում ենք ռեֆորմների գնալու, արդիականանալու և այլանալու նրա բնական միտումները: Այն այլևս արժեք չի կարող ստեղծել և կմատնվի ամլության: Հետաքրքիր է, թե ժողովրդին ծախված անվանող ընդդիմադիրները ինչպե՞ս են այդ նույն ժողովրդին հրավիրելու իշխանափոխության և հաջորդ ընտրություններում ինչպե՞ս են նրանցից ձայն ակնկալելու: Չէ՞ որ ծախվածության միֆի մեջ պարփակված հավաքականությունն արդեն համակերպված է լինելու իր այդ անարդար կարգավիճակի հետ և պարզապես չի համարձակվելու գնալ իշխանափոխության, այլ վերստին ընտրելու է ընտրակաշառք վերցնելու ճանապարհը, քանի որ արդեն իսկ պարառված է այն մտայնությամբ, թե ինքը անկարող է որևէ բան փոխել:

Ժողովրդին պիտակումներ կպցնելը որևէ տեղ չտանող փակուղի է կամ փակ շղթա: Մենք պետք է պարզապես որպես փաստ արձանագրենք, որ ժողովրդի մի հատվածը ներքաշված է արատավոր գործարքների մեջ, բայց ոչ իր կամքով, այլ՝իրեն չքավորության հասցրած, իրեն վախեցնող և ահաբեկող իշխանությունների պատճառով: Սա է փաստը և դրանից ելնելով պետք է պայքարել ոչ թե առանց այն էլ ահաբեկված ժողովրդի, որը ընդամենը հետևանք է, այլ բուն պատճառի, այն է՝ իշխանությունների դեմ: Մենք պետք է գիտակցենք, որ ժողովուրդը օգնության կարիք ունի: Երբ հիվանդ մարդը դիմում է բժշկի, ապա վերջինս բուժում է նրան: Այդ նույն տրամաբանությամբ լրագրողները, քաղաքացիական հասարակությունը, ընդդմությունը պետք է ստանձնեն հասարակական սանիտարի գործառույթներ և բժշկեն ժողովրդին արատավոր իշխանությունների վարակիչ ներգործությունից: Այս անհրաժեշտ վիրահատական միջամտության փոխարեն իշխանական խայծը կուլ տված ինչ-որ մարդիկ միջնադարյան տրամաբանությամբ վհուկների որս են սկսել և ծառերի ետևում փորձում են գտնել անտառը կամ ինչ-որ տարածության մեջ ծախված ժողովուրդ են փնտրում:

Սա հասարակության մեջ ներքին թշնամանք տարածելու պարզ մեխանիզմ է, այսինքն չծախվածները դուրս կգան ծախվածների դեմ և ոչ թե մի կողմը կհաղթի կամ մյուս կողմը կպարտվի, այլ երկու կողմերն էլ կպարտվեն՝ հաղթանակ ապահովելով իշխանությունների համար: Վհուկների որսը չի կարող նպաստել հասարակության բարեփոխվելու գործընթացին: Ընդհակառակը այն էլ ավելի կխորացնի ճգնաժամը՝ արգելակելով ինքնակազմակերպման միտումները: Ընդհանրապես ինչ-որ բան ոչնչացնելը չափազանց հեշտ է: Մարդիկ հեշտությամբ կարող են ոչնչացնել այն ամենը ինչը անպետք են համարում՝ առանց մտածելու, որ այդ անպետքությունը կարելի է վերանորոգել և վերագործարկել: Չի կարելի հասարակությանը գաղափարապես ոչնչացնել, բարոյալքել, ինչպես վերևում նշեցինք դա հղի է լրջագույն վտանգներով: Ընդհակառակը պետք է նպաստել դրա բարեփոխմանը և արդիականացմանը: Մարդիկ խոսքի և բացատրության կարիք են զգում: Այլասերվածության մեջ շաղախված Հռոմի կործանումը այն անպաշտպան թողած հռոմեացիներին ոչինչ չտվեց: Ընդամենը այն հայտնվեց բարբարոսների ձեռքում: Նույն տրամաբանությամբ գաղափարապես ոչնչացնելով ժողովրդին՝ մենք անպաշտպան ենք դարձնում նրան և հանձնում իշխանություններին:

Իշխանություններն ու ընդդիմությունը ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ ստորացված ու քաղցած գյուղացիները մի օր կհամարձակվեն բոլորին «ուտել»։ Ցավալին այն է, որ այդ ալիքի տակ կարող է հայտնվել նաև պետությունը, որը դժվար թե կարողանա դիմանալ այդ ցնցումին։

Մեկնաբանություն
X