Իրավունքն է ուժ ծնում

«Ուժն է ծնում իրավունք», թե՞ «իրավունքն է ուժ ծնում»․ երկու հակադիր ձևակերպումներ, որոնք ուղեկցել են մարդկությանը դրա գոյության ամբողջ ընթացքում։ Առաջինը հակահամակարգ է, քաոս, այսինքն՝ միջավայր, որտեղ բացակայում է կարգը, համակեցական ներդաշնակությունը։ Երկրորդը կայունություն արտադրող և արտահանող համակարգ է, դրա հիմքում ընկած են օրենքներն ու հակահեգեմոնիալ հավասարակշռող մեխանիզմները։

«Մարդիկ քաղաքակիրթ դարձան այն ժամանակ, երբ դադարեցին իրար ուտել»։ Առաջին հայացքից բավականին տարօրինակ թվացող ձևակերպում, որը լավագույն վկայությունն է այն իրողության, որ դեռևս անհիշելի ժամանակներից սկսած մարդկությունը եկել է այն գիտակցմանը, որ ուժը չի կարող դիտարկվել որպես գոյակարգի հիմնական ցուցիչ, դրա հիմքում պետք է ընկած լինի շատ ավելի կենսունակ մեխանիզմ, որն է՝ պայմանավորվելն ու դրա արդյունքում որոշակի կարգ հաստատելը։ Սա է մարդկության գոյության և վերարտադրության գրավականն ու երաշխիքը։

Չխորանալով պատմական մանրամասների մեջ՝ միայն նշենք, որ նույնիսկ պատերազմներով լեցուն հին աշխարհում ու միջնադարում տիրապետող է եղել «իրավունքն է ուժ ծնում» կոնցեպտը։ Դա պարզ դրսևորվել է ոչ միայն միջազգային հարաբերություններում, այլ՝ նաև պետությունների ներքին քաղաքական համակարգերում։ Բնականաբար խնդրի փիլիսոփայական, իրավական նրբերանգներին ոչ այնքան լավ տիրապետող մարդիկ կարող են պնդել, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ «իրավունքն է ուժ ծնում», չէ՞ որ ուժեղ պետությունները մշտապես գրավել ու ստրկացրել են թույլերին, նույնիսկ՝ ժամանակակից աշխարհում։ Ինչպես միջնադարում այնպես էլ նոր ժամանակներում ցանկացած նվաճողական արշավանք կամ էլ իշխանական հավակնություն պետք է հստակ իրավական ձևակերպում ունենար։ Բերենք մի օրինակ Կիլիկիայի հայկական պետության պատմությունից․

Թորոս 2-ից հետո Կիլիկիայի հայկական իշխանության ժառանգորդը նրա մանկահասակ որդին էր՝ Ռուբեն 2-ը: Քանի որ Ռուբենը մանկահասակ էր, Թորոսը նրա խնամակալ էր նշանակել Թումաս անունով մի իշխանի՝ հանձնելով նրան նաև երկրի կառավարումը: Կիլիկիան իրականության մեջ առաջին անգամ հանդիպում ենք խնամակալության ինստիտուտի գործարկման պրակտիկային: Բայց դեռևս ողջ էր Թորոսի եղբայր Մլեհը, որը հավակնում էր Կիլիկիայի հայկական իշխանության գահին: Ըստ օրենքի հենց Մլեհը պետք է լիներ Ռուբենի և պետության խնամակալը, բայց օրենքն այդ կորցնում էր իր ազդեցությունը, քանի որ Մլեհը վտարվել էր երկրից՝ հայտարարվելով օրենքից դուրս: Նա ապաստան էր գտել Հալեպի Նուրեդդին իբն-Զանգիի արքունիքում: Այսինքն Մլեհը գահին տիրելու որևէ օրինական հիմք չուներ: Կար միայն մի ճանապարհ: Ստանձնել մանկահասակ գահաժառանգի խնամակալությունը, ինչին էլ նա կարողանում է հասնել Նուրեդդինինի ռազմական աջակցությամբ՝ իշխանների վրա ճնշում գործադրելու գնով: Այսպիսով չխորանալով խնդրի մանրամասների մեջ միայն փաստենք, որ Մլեհը կարողանում է հասնել գահաժառանգի և պետության օրինական խնամակալի կարգավիճակին և այդպիսով իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում:

Շուտով գահաժառանգը սպանվում է (չի բացառվում, որ այդ սպանությունը նախաձեռնել է հենց Մլեհը), բայց նույնիսկ այդ դեպքում Մլեհը չէր կարող ժառանգել գահը, քանի որ ըստ օրենքի Ռուբեն 2-ի մահանալու դեպքում, գահը պետք է փոխանցվեր Թորոս 2-ի մյուս եղբոր՝ Ստեփանեի ժառանգներին: Բայց Մլեհը խախտելով կարգը՝ իր ձեռքում է կենտրոնացնում իշխանությունը և կոշտ մեթոդներով ամրապնդում իր դիրքերը: Այլ խոսքով ասած՝ նա առաջնորդվեց «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով։

Կարծես թե այլընտրանք չկա, բոլորը համակերպվել են, նույնիսկ գոհ են: Բայց որքան էլ որ համակերպվեն և նույնիսկ լեգիտիմացնեն, այնուամենայնիվ Մլեհը ըստ օրենքի իշխանության բռնազավթիչ էր՝ ուզուրպատոր: 1175 թ. նա դաժանորեն սպանվում է և որոշ աղբյուրների համաձայն նրա մարմինը քառատում են ու գցում շների դիմաց: Նշենք, որ Մլեհը Կիլիկիայի հայկական իշխանության և առհասարակ հայոց պատմության հզորագույն առաջնորդներից մեկն էր, պրագմատիկ պետական և քաղաքական գործիչ: Մեծ է նաև նրա ծառայության չափը պետության հզորության և ամրապնդման գործում: Բավական է միայն նշել, որ նրա օրոք Կիլիկիան ամբողջությամբ դարձավ հայկական, նա երկիրը մաքրեց բյուզանդացիներից, թյուրքերից և ֆրանկներից, գրավեց Տարսոնը, Ադանան և Մսիսը և այսպես շարունակ: Բայց նույնիսկ թվարկված ծառայությունների առկայությունը չէր կարող մեղմել անօրինական իրավիճակը: Մլեհը զավթել էր իշխանությունը հակաօրինական ճանապարհով: Նա իրավունք չուներ ժառանգել գահը և արդյունքում սպանվեց։

Ընդհանրապես Կիլիկիան Հայաստանի պատմության մեջ ոչ ոքի չի հաջողվել հակաօրինական ճանապարհով վերցնել իշխանությունը: Բազմաթիվ հետազոտողներ բերում են այն փաստարկը, թե Մլեհը սպանվել է մուսուլմանների հետ համագործակցելու պատճառով: Այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, քանի որ միջնադարում սովորական պրակտիկա էր, երբ քրիստոնեական պետությունները դաշինքի մեջ էին մտնում մուսուլմանական իշխանությունների հետ ընդդեմ մեկ այլ քրիստոնեական պետության: Ընդհակառակը այս դեպքում դրսևորվում է Մլեհի պրագմատիզմն ու պետական մտածողությունը, բայց նրան ոչինչ փրկել չէր կարող, քանի որ ուժը իրավունք չի կարող ծնել:

Իրավունք եզրույթը այս դեպքում պետք է դիտարկել բացառապես միջնադարի իրավական համակարգի տիրույթում, քանի որ պարզից էլ պարզ է, որ եզրույթն այդ տարբեր հասարակարգերում ու ժամանակաշրջաններում տարբեր դրսևորումներ է ունեցել։

Մյուս օրինակը կարող ենք բերել Հայաստանի նորագույն պատմությունից։ 1988 թ․ բռնկված Ղարաբաղյան շարժումը հաջողության հասավ ոչ թե այն պատճառով, որ հայերը ուժեղ էին և այդ ուժի միջոցով իրավունք էին ծնում, այլ՝ ընդհակառակը, իրավունքը նրանց ձեռքում էր, այդ իրավունքն էր սաղմնավորում ու ձևավորում պայքարը, իսկ ամենակարևորն այն է, որ հանրությունն այդ գիտակցության կրողն էր։ Տեսեք հայկական զորքերը 1992-94 թթ․ օկուպացրել են ադրբեջանական զգալի տարածքներ։ Հիմա ի՞նչ եք կարծում, ինչու՞ Հայաստանն ու Ղարաբաղը աշխարհի կողմից ագրեսորի պիտակ չեն ստացել։ Պարզից էլ պարզ է, որ ՄԱԿ-ն ու ամբողջ աշխարհը ճանաչել են անվտանգության գոտի ստեղծելու և երկրամասի պաշտպանությունը ապահովելու հայերի բնական իրավունքը։

Եթե աշխարհը չճանաչեր այդ իրավունքը, ապա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը զորքեր կմտցներ հակամարտության գոտի։ Դա մենք տեսել ենք Բալկանյան թերակղզում և Քուվեյթում։ Այսինքն Ղարաբաղյան պատերազմում հայերը հաղթել են ոչ թե այն պատճառով, որ ուժեղ էին ու դրանից ելնելով ամեն ինչ անելու իրավունք ունեին, այլ՝ պայքարը խարսխված էր իրավունքի վրա։

Օրինակները բազմաթիվ են, հին աշխարհի պատմությունից մինչև մեր օրերը մարդկությունը ապրել է իրավական տարաբնույթ համակարգերում և բոլոր դեպքերում ուժի աղբյուրը եղել է իրավունքը։ Նրանք, ովքեր իրենց դուրս են դրել այդ օրինաչափությունից, կա՛մ պատժվել են կա՛մ էլ մատնվել արկածախնդրության։ Վերջաբանի փոխարեն միայն նշենք, որ ներկայումս նույնպես հայ հանրությանը պակասում է իրավունքի այդ գիտակցությունը։ Մարդիկ մոլորության մեջ են՝ կարծելով թե, ներկայիս իշխանությունները ուժեղ են և դրա համար էլ իրենց շահագործելու իրավունք ունեն։ Հենց այս արատավոր գիտակցությունն է, որ թույլ չի տալիս հանրությանը ինքնակազմակերպվել ու թելադրել խաղի իր կանոնները։ Նրանք մոռացել են, որ պայքարելու և հաղթելու իրավունք ունեն և հենց այդ իրավունքից պետք է ծնվի հաղթանակ ծնող ուժը։ Ջավահարլալ Ներուն ասել է․ «Իսկական պարտությունը սեփական իրավունքներից ինքնակամ հրաժարվելն է»: Ներկայումս հայ հանրությունը կամովին հրաժարվել է իր իրավունքներից։

Մեկնաբանություն
X