Նախկին աշխատանքն ու նախկին կինը

Նախկին լինում են միայն աշխատանքն ու մարդը։ Հնարավոր է ուրիշ նախկիններ էլ կան, բայց ես գիտեմ միայն այս երկուսը՝ նախկին աշխատանքն ու նախկին զուգընկերը կամ էլ զուգընկերուհին, տարբերություն չկա։ Առաջին հայացքից սրանք չափազանց տարբեր երևույթներ են, հանգամանքներն էլ նույնը չեն, բայց եթե փորձենք խորանալ խնդրի էության մեջ, ապա նախկին աշխատանքն ու նախկին կինը (այսուհետ գրենք կինը՝ հաշվի առնելով իմ սեքսուալ կողմնորոշումը) չափազանց նման են ու նույնիսկ՝ նույնական։

Երկուսից էլ չափազանց դժվար է բաժանվել, բայց երկուսն էլ մարդուն հոգնեցնելու և դժբախտացնելու հատկություն ունեն։ Ինչպես նախկին աշխատանքը, այնպես էլ նախկին կինը ծանր են տանում քո հեռանալը, թույլ չեն տալիս, փորձում են կանգնեցնել, իսկ հեռանալուց էլ թշնամանում քեզ հետ, պիտակում են որպես դավաճան, ստոր, տականք, սրիկա և այսպես շարունակ։ Միայն մի տարբերություն կա՝ նախկին կինը քեզ «ծախված» չի անվանում։ Նախկին աշխատանքի պարագայում դա պարտադիր պայման է։ Եթե հեռացել ես այլ աշխատանքի, ապա նշանակում է, որ անպայման ծախվել ես ու վաճառվել։

Կանայք ծախվածի փոխարեն հաճախ օգտագործում են անբարոյական ու «փչացած» բառերը, իբրև թե՝ ավելի գեղեցիկ հետույք ես տեսել ու նորից ստորաբար գայթակղվել։ Այդ երկուսը չեն կարողանում հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ կյանքում պատահում է նաև այնպես, որ փողն ու հետույքը ոչ միշտ են վճռական դեր խաղում։ Հնարավոր է մարդը հոգնել է ու ձանձրացել, համատեղ կյանքն այլևս անհամատեղելի է ու վերջ։

Պարզ ճշմարտություն է․ պարզապես եկել է հեռանալու պահը՝ առանց ավելորդ աղմուկի ու հիստերիկ շարժումների։ Ընդամենը այսքանը, մարդիկ էլ հոգնելու հատկություն ունեն ու պարտավորված չեն ամբողջ կյանքում ապրել նույն մարդու հետ, պարտավորված չեն մի ամբողջ կյանք նստել նույն աշխատասենյակում ու անել նույն աշխատանքը։

Նախկին աշխատանքն ու նախկին կինը մի հարցում էլ չափազանց նման են։ Նրանք երկուսն էլ անակնկալ հեռանալու ու քեզ ճամփեզրին թողնելու հատկություն ունեն։Տնօրենը կարող է վերցնել ու դուրս շպրտել աշխատանքից, իսկ կինն էլ ինչ-որ մի օր հեռանա ուրիշի մոտ։ Իրականում նույն հոգնելու պատմությունն է, բայց՝ արդեն քո դեմ։

Ինչևիցե, բարդ խնդիր է, նախկին աշխատանքն ու նախկին կինը ծանր դեպքեր են, որոնք տանջում են մարդուն նրա գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում։ Նախկին աշխատատեղի կողքով քայլելը կատակ բան չէ, իսկ նախկին կնոջ հետ պատահական հանդիպումը՝ իսկական արկածախնդրություն։ Ասում են, թե Երևանը այնքան փոքր քաղաք է, որ բոլորը բոլորի համար նախկին են, իսկ եթե լուրջ, ապա հեռու մնացեք նախկին աշխատանքներից ու կանանցից։

Մեկնաբանություն
X