ԱԻՆ-ին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում արագ արձագանքման մեքենաներ կտրամադրեն

Երեկ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Մուշեղ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (JICS) հատուկ ծրագրերի կառավարման երկրորդ բաժնի պետի տեղակալ Հիրոկի Մուրայամային և ծրագրի կառավարման գծով օգնական Յուկի Կամիոյին, որի շրջանակներում քննարկվել են Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ոչ ծրագրային դրամաշնորհի իրականացման որոշ դրույթներ։

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ 200 մլն իենի չափով դրամաշնորհը տրամադրվում է տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակներում հատկացված դրամաշնորհով ԱԻ նախարարությանը կտրամադրվեն արագ արձագանքման մեքենաներ, որոնք կօգտագործվեն քաղաքային պայմաններում:

Ըստ տեղեկության, մեքենաները համալրված են լինելու փրկարարական սարքավորումներով, արագ արձագանքման և առաջին օգնության անհրաժեշտ պարագաներով, կապի միջոցներով և այլն:

Նշենք, որ ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016թ. մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 13-ին: Մոտ օրերս ՀՀ ԱԻ նախարարությունում կստորագրվի համատեղ հանձնաժողովի քննարկումների և դրամաշնորհի իրականացման քննարկումների արձանագրությունը, որից հետո Ճապոնիայում կհայտարարվի տենդեր:

Մեկնաբանություն
X