Փողերի հսկայական արտահոսք Հայաստանից

Հայաստանում ստեղծվող փողերը կայծակնային արագությամբ արտահոսում են երկրից: Ու եթե նախկինում մենք խոսում էինք դրամական փոխանցումների ներհոսքի և նրա սոցիալ-տնտեսական դրական ազդեցության մասին, ապա այսօր, թերևս, ականատեսն ենք ուշագրավ մեկ այլ իրողության: Հայաստանը աստիճանաբար վերածվում է խոպանի, որտեղ արտասահմանցի և հայ խոպանչիները փող են սարքում և, անվտանգության նկատառումներով, ժամ առաջ դուրս բերում երկրից: Ու մինչ մեր հարյուր-հազարավոր քաղաքացիներ, աշխարհեաշխարհ ընկած, հազիվ հացի խնդիր են լուծում՝ հընթացս մի երկու կոպեկ հասցնելով այստեղ թողած ընտանիքներին, որոշ առանձնաշնորհյալներ նաև նույն այդ ընտանիքների հաշվին օրինական թալան են անում, այսինքն՝ «բիզնես», որի պտուղները, ինչպես ասացինք, հանգրվանում են արտերկրում:

Տարեսկզբից մինչ այժմ Հայաստանի բանկային համակարգով միայն ֆիզիկական անձանց անունով երկրից դուրս է բերվել ավելի քան 814,2 միլիոն դոլար գումար: Վստահաբար, մինչև տարեվերջ այս ցուցանիշը կհատի 1 միլիարդ դոլարի սահմանագիծը:Հայաստանի փոքրիկ տնտեսության համար սա, անշուշտ, ահռելի թիվ է: Իսկ միայն հոկտեմբերին դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է 115,7 միլիոն դոլար: Ի դեպ, հոկտեմբերն այս առումով ռեկորդային է. Համենայն դեպս, 2004 թվականից ի վեր՝ մեկ ամսվա ընթացքում փողերի նման արտահոսք չի եղել: Չի եղել, բնականաբար, նաև 2004 թվականից առաջ: Այնպես, որ ՙփառք ու պատիվ՚ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը, որի գործուն ջանքերի շնորհիվ Հայաստանը դարձավ փող սարքող և փող արտահանող երկիր: Հապա ինչպես եք պատկերացնում տնտեսական 7%-ի աճի հրաշքը: Երկիրը բարգավաճել է, ու հիմա էլ մեր քաղաքացիներն են արտերկրում գտնվող իրենց աղքատ բարեկամներին փող ուղարկում: Այսպիսի բաներ:

Դե, Ռուսաստանում էլ գիտեք՝ վիճակն ինչպիսին է: Դրա համար էլ միայն հոկտեմբերին Ռուսաստան կատարված դրամական փոխացումների ծավալը կազմել է 43,7 մլն դոլար, մինչդեռ վերջին տասն ամսվա հաշվարկով՝ մեր երկրից եղբայրական Ռուսաստան միայն ֆիզիկական անձանց անունով արտահոսել է շուրջ 310 մլն դոլար: Համեմատության համար ասենք, որ այդ նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 853 մլն դոլար, այսինքն` 2,7 անգամ ավելի, քան Հայաստանից հակառակ ուղղությամբ:

Հիմա հաշվեք մեր և ՙանծայրածիր իմպերիա՚ Ռուսաստանի ռեսուրսները: Այնպես որ՝ ՙփոքր եղբայր՚ Հայաստանը, կամ ինչպես վերջերս են Հայաստանին ՙքնքշանքով՚ դիմում, ՙՌուսաստանի սիրելի կին՚ Հայաստանը ամենևին էլ ամուսնու հաշվին ապրող «содержанка» չէ: Ավելին, Հայաստանը այնքան օժիտ է տվել Ռուսաստանին՝ տարեցտարի աճող «կատաղի» եկամտաբերությամբ, որ ինչ է դրա դիմաց 2,7 անգամ ավելի դրամական ներհոսքը, այն էլ՝ մեր հարյուր հազարավոր քաղաքացիների՝ Ռուսաստանում կատարած՝ հիմնականում չարքաշ աշխատանքի հաշվին:

Ինչ վերաբերում է դեպի մյուս երկրներ Հայաստանից դրամական արտահոսքին, ապա նշենք, որ երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն են, որտեղ միայն հոկտեմբերին կատարվել է 23 մլն դոլարի փոխանցում, իսկ վերջին տասն ամսվա կտրվածքով այն կազմել է շուրջ 145մլն դոլար՝ գրեթե 2 անգամ պակաս, քան նույն ժամանակահատվածում Ռուսաստան կատարված փոխանցումները: Իրականում օվկիանոսից այն կողմ նույնպես մեր «բիզնեսմենների» փողերը խաղաղ հանգրվանում են՝ վստահություն ներշնչելով տերերին, որ վերջապես մեր երկրում իրենց «առաքելությունն» ավարտելուց հետո իրենք նույնպես փողերի հետևից հայտնվելու են նույն տեղում: Մինչդեռ չգիտես ինչու՝ Կենտրոնական բանկը այդքան էլ չի «մանրանում»՝ հարկ չհամարելով նշել, թե տարվա ընթացքում էլ որ երկրներ են արտահոսել Հայաստանում ստեղծված փողերը:

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն, այո, Հայաստանից փողերի արտահոսքի առաջատար երկու երկրներն են, որտեղ հանգրվանել են երկրից արտահոսած գումարների ավելի քան 50%-ը: Իսկ մնացած փողերն էլ, վստահաբար, եվրոպական ամենաապահով բանկերում ձվադրվում են, ճուտիկներ հանում կամ ինչու ոչ՝ նոր բիզնես-գործունեության սկիզբ դառնում: Միայն՝ ոչ Հայաստանում, քանզի Հայաստանը խոպան է, իսկ խոպանում երկարաժամկետ ծրագրերը չեն աշխատում: Աշխատեցիր՝ ժամ առաջ փախցրու փողերդ ու որքան հեռու՝ այնքան անվտանգ: Ահա և ամբողջը:

Նարինե Միքայելյան

Մեկնաբանություն
X