Ի՞նչ է նախատեսում նոր Մաքսային օրենսգիրքը

Ազգային ժողովում մեկնարկել են Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցողը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն է։ Նա նախ հիշեցրեց, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2017թ. ապրիլի 10-ին։

Միրումյանի խոսքով՝ նոր Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում: Անհամեմատ կկրճատվեն թե՛ ապրանքների մաքսային հայտարարագրման, թե՛ տեղափոխման ժամկետները,նաեւ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները, մաքսային ընթացակարգերի առումով օրենսգիրքը սահմանում է հստակ կանոններ:

«Կրճատվում է ապրանքների հայտարարագրերի ընդունման ժամկետը՝ երկու ժամից դառնալով մեկ ժամ: Ընդ որում՝ սա ոչ միայն կրճատում է, այլ նաև պարտավորեցնում է մաքսային մարմիններին, որպեսզի մաքսային հայտարարագրերում առկա անճշտությունների դեպքում ոչ թե միանգամից մերժեն մաքսային հայտարարագիրը, այլ առկա անճշտությունների մասին տեղեկացնեն տնտեսվարողներին՝ հնարավորություն տալով նրանց ուղղել հայտարարագիրը, որից հետո այդ հայտարարագրի ընդունումը կատարել մեկ ժամվա ընթացքում: Օրենսգրքով նախատեսված է հնարավորություն մաքսային հայտարարագրում իրականացնել առանց ուղեկցող փաստաթղթերի: Սա, ըստ էության, նորություն է»,-ասաց Միրումյանը։

Համեմատության համար փոխնախագահը նշեց, որ ներկայում մաքսային հայտարարագրումը կատարվում է ուղեկցող փաստաթղթերով՝ անկախ նրանից, թե ինչ ուղի է ընտրվելու՝ կանաչ, դեղին, թե կարմիր: Այս մոտեցումը փոխվում է, այսինքն՝ քանի դեռ ուղին ընտրված չէ, տնտեսվարող սուբյեկտը կարող է ներկայացնել մաքսային հայտարարագիր առանց ուղեկցող փաստաթղթերի, որից հետո, եթե կընտրվի կանաչ ուղի, կնշանակի, որ չկա անհրաժեշտություն ներկայացնել ուղեկցող փաստաթղթերը, իսկ եթե կընտրվի դեղին կամ կարմիր ուղի, նոր կառաջանա ուղեկցող փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն։

Նա նաև տեղեկացրեց, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով ամրագրված է փաստաթղթավորման մեկ պատուհանի սկզբունք, ինչը նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսվարող սուբյեկտը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն, որն արդեն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու պարագայում այլևս այդ փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի: «Օրինակ, եթե տնտեսվարող սուբյեկտը ժամանակավոր ներմուծում ընթացակարգով իրականացրել է ապրանքների ներմուծում և որպես մաքսային ապահովման միջոց ներկայացրել է համապատասխան երաշխիք՝ մեկ տարի ժամանակահատվածով, ապա մեկ տարվա ընթացքում ներմուծումներ իրականացնելու դեպքում այդ փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի»,- մանրամասնեց ՊԵԿ փոխնախագահը:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X