Մեր երկրում բնակչության գրեթե1/3-ը գտնվում է աղքատության շեմին․ տնտեսագետ

Արժույթի միջազգային հիմնադրամն իր հրապարակած «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում համարձակվել էր կանխատեսել, որ 2017թ․ ՀՀ-ն կունենա ավելի մեծ տնտեսական աճ։ Հիմնադրամը ՀՀ-ում կանխատեսում էր 3,5 տոկոս տնտեսական աճ։ Տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով անցած տասն ամիսների վերաբերյալ հրապարակված վիճակագրական տվյալներին, նկատեց, որ հստակ երեւում է, թե որ ոլորտներում է նկատվել գործարար աշխուժություն։ «Ես կարծում եմ, որ երկու ոլորտում գրանցվել է անկում, մեկը շինարարությունն է, մյուսը՝ գյուղատնտեսության ոլորտը՝ առաջին տասն ամիսների ընթացքում։ Շինարարության ոլորտը դուրս չի եկել ճգնաժամային փուլից։ Հաշվի առնենք, որ շինարարությունը վերջինն է մտել ճգնաժամային փուլ, վերջինն էլ դուրս է գալիս»,- ասաց տնտեսագետը։ Ինչ վերաբերում է առաջընթացին, ապա Թաթուլ Մանասերյանը նշում է, որ դա մասնավոր հատվածի համառ աշխատանքի շնորհիվ է տեղի ունեցել։

«Տնտեսությունը կարող էր ավելի շատ զարգացում ապահովել, քան նախատեսել էր Արժույթի միջազգային հիմնադրամը, կարծում եմ՝ 4,5 տոկոսի սահմաններում կարող էր լինել աճը։ Բայց սա մեզ չի կարող գոհացնել։ Շարքային քաղաքացին դա կարող է իր մաշկի վրա զգալ այն ժամանակ, երբ տնտեսական աճից բացի լինի նաեւ տնտեսական զարգացում։ Եթե մենք տեսնենք, որ տնտեսության որոշ առանցքային ուղղություններով, որոնք ներկայացնում են մեր ազգային մրցակցային առավելությունները, կա առաջընթաց, ապա դա խոսում է տնտեսական առաջընթացի մասին։ Իսկ առավել կարեւոր է, որ տնտեսական աճը վերածվի մարդկային զարգացման։ Դրան զարգացած երկրներում հաջողվում է հասնել 1-2 տոկոս տնտեսական աճի պայմաններում, իսկ մեր երկրում նույնիսկ այն տարիներին, երբ գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, մարդկային զարգացում, որպես այդպիսին, կա՛մ չի եղել, կա՛մ շատ աննշան է եղել։ Իսկ մարդկանց դժգոհությունը սոցիալական խնդիրների առումով պահպանվել է»,- ասաց մեր զրուցակիցը։

Տնտեսագետը նկատում է, որ մենք ունենք երկնիշ թվով աղքատության մակարդակ։ Իսկ այդ մակարդակը 7,9 տոկոսը հատելու դեպքում, ըստ նրա, դառնում է սպառնալիք։ «Մեր երկրում բնակչության գրեթե1/3-ը գտնվում է աղքատության շեմին կամ դրանից ներքեւ, դրան կարող ենք հավելել, որ ունենք նաեւ աշխատող աղքատներ։ Աշխատող աղքատներն էլ այն մարդիկ են, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, որը նաեւ հարկվում է։ Իսկ դա բավարար չէ կենսապահովման նվազագույն զամբյուղն ապահովելու համար։ Դրանք բավարարում են միայն սննդամթերք գնելուն, եւ մենք չենք կարող խոսել, որ այդ ցուցանիշները հանգեցրել են մարդկային զարգացման»,- արձագանքեց Թաթուլ Մանասերյանը։ Հետաքրքրվեցինք, թե ոչ աղքատ համարվելու համար Հայաստանում որքան աշխատավարձ պետք է ստանալ։ «Ոչ աղքատ համարվելու համար նախ պետք է սպառողական զամբյուղը բավարարել։ Իսկ սպառողական զամբյուղը, մանավանդ ձմռան ամիսներին, 100 հազար դրամը գերազանցում է։ Պետք է հաշվի առնենք կոմունալ եւ ջեռուցման վարձերը։ Ես այն համոզմանն եմ, որ միայն հարկեր գանձելն ու ստվերային տնտեսությունը կրճատելը բավարար չեն, պետք է զարգանա տնտեսությունը»,- կարծում է Թաթուլ Մանասերյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X