Կշարունակի՞ արդյոք պաշտոնավարել Վիգեն Սարգսյանը

Կշարունակի արդյո՞ք պաշտոնավարել Վիգեն Սարգսյանը 2018 թ․ ապրիլից հետո։ Իհարկե դժվար է ասել, բայց մի բան հստակ է, որ վերջին իրադարձություններից հետո պաշտպանության նախարարը զգալիորեն կորցրեց իր երբեմնի վարկանիշը։ Մինչ այդ նա հանրության կողմից դիտարկվում էր որպես բանիմաց, կրթված ու պարկեշտ գործիչ։ Բայց լրագրողների նկատմամբ ոչ կոռեկտ վարքագիծ դրսևորելն ու ուսանողների հետ միջին վիճակագրական չինովնիկի դիրքերից շփումը զրոյացրեցին նրա հեղինակությունն ու «լուսավորյալ» գործչի համբավը։ Դժվար թե արդեն իսկ ոչ պոպուլյար Վիգեն Սարգսյանը կարողանա մնալ այնպիսի առանցքային պաշտոնում, ինչպիսին է պաշտպանության նախարարը, չի բացառվում, որ նրան տեղափոխեն բոլորովին այլ ոլորտ, քանի որ հեղինակազրկված նախարարի առկայությունը հանրության ընկալումներում թուլացնում է նաև վստահությունը բանակի նկատմամբ։ Իսկ դա լուրջ մարտահրավեր է իշխանությունների համար։

Եվ ընդհանրապես ինձ մի հարց է տանջում, թե ինչպե՞ս է Վիգեն Սարգսյանը շփվում գեներալների հետ: Չէ՛, իսկապես հետաքրքիր է: Նա նույնիսկ ուսանողների հետ չկարողացավ քաղաքակիրթ կերպով շփվել, ինչ-որ անհանգիստ «նեղացած-ջահելական» շարժումներ էր անում: Եթե վարչապետը չլիներ, ապա հնարավոր է երիտասարդների հետ անհարմար, ոչ այդքան պատիվ բերող լեզվակռվի մեջ մտներ: Ընդհանուր առմամբ 13-14 տարեկան տղերքի «դեբիլ, դեբիլը դու ես» լեզվակռվի որակական տիրույթում էր պարոն Սարգսյանի բանավեճը: Ես եկել եմ այն համոզմանը, որ Վիգեն Սարգսյանը կաբինետային շարքային չինովնիկ է, առավելագունը, ինչ նա կարող է անել Բաբկեն Արարքցյանի, Սերժ Սարգսյանի կամ էլ Կարեն Կարապետյանի ստվերի ներքո քարտուղար աշխատելն է: Որպես քաղաքական ֆիգուր Վիգեն Սարգսյանը գոյություն չունի, չի կայացել: Նա սովոր է մարդկանց դիտարկել կա՛մ իրենից բարձր կամ էլ՝ ներքև, ի զորու չէ մարդկանց հետ հավասարը հավասարի հետ զրուցել։ Ինչպես տեսանք ուսանողներին էլ ստորին տիրույթում դիտարկեց ու արդյունքում զրոյացրեց վարկանիշը։

Զարմանալի է նաև, որ նախարարը գնում է դպրոցականների մոտ առաջնորդ դառնալու գաղտնիքների մասին դասախոսություններ է կարդում, իսկ որոշ լրատվամիջոցներ էլ դա ակտիվորեն պրոպագանդում են։ Լա՛վ, Վիգեն Սարգսյանից ի՞նչ առաջնորդ: Արդյո՞ք նա կկարողանա գոնե հինգ հոգու առաջնորդել բունտի: Հիշեցի Վահան Հովհաննիսյանի խոսքերը, որովհետև Վիգեն Սարգսյանն էլ կարծես թե «պադյեզդներում» ծեծվող առաջնորդներից է: Քաղքենի միջավայրի նորաձև հիմարություններից մեկն էլ արտասահմանում սովորած լինելը չափանիշ դարձնելն է: Առաջին հերթին՝ այնտեղ, որտեղ սովորել է Վիգեն Սարգսյանը, կարող է սովորել ցանկացած միջակություն: Ընդամենը պետք է ինչ-որ ֆորմալ աշխատանքի անցնել ԱԺ-ում կամ էլ նույնիսկ ավագանիում:

Բացի այդ, արտասահմանում սովորած լինելը չափանիշ չէ, միջակությունը նույնիսկ Քեմբրիջում չի դադարում միջակություն լինել: Հա, Քեմբրջում էլ միջակություններ կան: Օրինակ մի ընդդիմադիր գործիչ ունենք, լավ մարդ է, բայց որպես գործիչ՝ զգացմունքային միջակություն: Գնաց դրսում սովորեց, բայց բան չի փոխվել: Ընդհանրապես հումանիտար գիտակարգերի բնագավառում արտասահմանյան համալսարաննեում դժվար թե ինչ-որ տեղաշարժ արձանագրվի ու Հայաստանում հնարավոր չլինի դրա մասին տեղյակ լինել: Հավատացնում եմ, հնարավոր չէ: Այսինքն դրսում սովորած լինելը որևէ կերպ չի կարող չափանիշ լինել: Իհարկե բացառություններ կան: Օրինակ Աստղաֆիզիկայի, կենսաբանության և այլ ոլորտներում, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ուղղություններով Հայաստանի ներուժը զրոյացել է: Բայց Օքսֆորդի թյուքագետը ԵՊՀ-ի կամ էլ Ամերիկյան համալսարանի թյուքագետի հետ համեմատած առավելություններ հաստատապես չունի:

Մեկնաբանություն
X