Սեյրան Օհանյանը վերջին ՊՆ նախարարն էր, որը կարող էր քաղաքական հավակնություններ ունենալ

Տասնամյակներ շարունակվող պատերազմական իրավիճակի արդյունքում Հայաստանում ձևավորվել է պատերազմական բյուրոկրատիա, որի արդյունքում բանակի հրամանատարները պարբերաբար հայտնվել են քաղաքական գործընթացների կիզակետում: Խնդրի էության վերաբերյալ պատկերացում կազմելու համար փոքրիկ պատմական էքսկուրս իրականացնենք։

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը բանակի ռեսուրսների հաշվին 1998 թ․ պալատական հեղաշրջում իրականացրեց։ Ակնհայտ էր, որ հենց այդ ռեսուրսի միջոցով նա հետագայում փորձելու էր ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, բայց վրա հասավ հոկտեմբերի 27-ը և բոլոր ծրագրերը ձախողվեցին։

Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց որոշակիորեն ապաքաղաքականացնել բանակը` հեռացնելով մի շարք բարձրաստիճան զինվորականների: Մասնավորապես՝ պաշտոնից հեռացվեց նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Բայց Քոչարյանը հաջողեց մասնակիորեն, քանի որ 2008 թ. բանակի մի հատվածը վերստին ընդվզեց: Այսինքն՝ բանակի քաղաքական հավակնությունները արմատախիլ չարվեցին և 2008-ին ընդվզման փորձ արեցին գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Գուրգեն Մելքոնյանը։ Բացի այդ Քոչարյանի կառավարման ողջ ժամանակաշրջանում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, բանակի միջոցով ամրապնելով իր դիրքերը, աստիճանաբար նախապատրաստվում էր վերցնելու իշխանությունը: Ստացվեց։ Նա սկզբում նախարար նշանակվեց Միքայել Հարությունյանին, վերջինս թույլ ֆիգուր էր, այնուհետև նրան փոխարինեց Սեյրան Օհանյանը, որը ոչ միայն հավատարմորեն ծառայեց Սերժ Սարգսյանին, այլ նաև լուրջ քայլեր իրականացրեց բանակի ապաքաղաքականացման ուղղությամբ:

Բայց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը և սահմանադրական փոփոխությունները նորից փոխեցին իրավիճակը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ըստ էության իշխանությունը ժառանգելու հայտ ներկայացրեց կամ նոր ձևավորվող համակարգում շոշափելի ներկայացվածություն ունենալու փորձ արեց: Միգուցե արդյունքի չհասնելով՝ նախկին նախարարը որոշակիորեն փոխեց իշխանության հասնելու իր մոտեցումներն ու գործիքակազմը։ Օհանյանի անունը մինչ օրս շրջանառվում է «Նորք-Մարաշի» զինված խմբի գործում, իբրև թե նա աջակցել է խմբի անդամներին։ Բացի այդ 2017թ․ նախընտրական պայքարում անուղղակորեն աջակցություն հայտնեց «Սասնա ծռերին»։ Սերժ Սարգսյանը դեռ բնում փորձեց գլխատել այդ հավակնությունները։ Նա հեռացրեց Օհանյանին, նշանակեց վերահսկելի Վիգեն Սարգսյանին, իսկ առանցքային այդ պաշտոնը վերածեց ավելի շատ դիվանագիտական-մենեջերային հաստիքի՝ որոշ լիազորություններ շնորհելով գլխավոր շտաբին:

Այսինքն՝ Սարգսյանը մի կողմից փորձեց վերահսկելի դարձնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ կտրելով նրան բանակի լծակներից, իսկ մյուս կողմից էլ ապաքաղաքակացրեց բանակը, որպեսզի վերջինս երբևէ չսպառնա իր իշխանությանը։ Սերժ Սարգսյանի պատկերացումներով Սեյրան Օհանյանը վերջին ուժեղ ՊՆ նախարարն էր, որը կարող էր քաղաքական հավակնություններ ունենալ: Դա է պատճառը, որ նախկին նախարարին մեկուսացրեցին՝ թույլ չտալով գործնական որևէ էական քայլի դիմել։ Դեռևս Ապրիլյան պատերազմի ժամանակ պարզ երևում էր, որ նպատակահարմարմարությունից ելնելով ՊՆ-ին են փոխանցվել ԱԳՆ-ի լիազորությունների շրջանակում գտնվող որոշ ֆունկցիաներ: Վիգեն Սարգսյանի նշանակումը փաստեց դա, իսկ հիմա ՊՆ նախարարը չափազանց կարևոր օտարերկրյա այցելություններ է իրականացնում: Մասնավորապես՝ նրա վերջին ուղղեվորությունը Իրան։ Իսլամական Հանրապետությունում բավականին մեծ նշանակություն էին հաղորդել այդ այցին։ Կարող ենք փաստել, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում այլևս առանձնահատուկ շեշտադրելու է ռազմական դիվանագիտության մասնաբաժինը, իսկ այդ առաքելությունը ստանձնելու է ՊՆ նախարարը: Պատահական չէ, որ շատ դեպքերում ՊՆ-ն ավելի ակտիվ է և ավելի արագ է արձագանքում իրադարձություններին, քան ԱԳՆ-ն: Իսկ բանակի հրամանատարության հետ կապված ՊՆ նախարարի որոշ լիազորություններ փոխանցվել են Գլխավոր շտաբին: Այսինքն ռազմաճակատում բանակի ուղղակի հրամանատարը լինելու է Գլխավոր շտաբի պետը:

Մեծ հաշվով պաշտպանության նախարարը այլևս զրկված է ռեսուրսներից և զբաղվում է զուտ դիվանագիտական և ԱԺ-ում օրենքի նախագծեր ներկայացնելու աշխատանքով։ Կարելի է փաստել, որ իշխանության հավերժացման ճանապարհով ընթացող Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմաքանդեց քաղաքական ողջ համակարգը, այլ նաև չեզոքացրեց պաշտպանության նախարարության և զինվորականների կողմից ապստամբելու միտումները։ Դժվար թե գլխավոր շտաբը երբևէ կարողանա դուրս գալ վերահսկողությունից և ստանձնել քաղաքական հակակշռի այն կարգավիճակը, որը ժամանակին տրված էր պաշտպանության նախարարներին։

Մեկնաբանություն
X