Ֆիննախը օրենքախեղդ է անում

Ընդունված է կարծել, որ օրենքները յուրաքանչյուր երկրի դեմքն են: ՀՀ-ն եւս ունի իր դեմքը՝ այն ձեւավորող մի քանի տասնյակ օրենքների տեսքով, որոնցից քչերն են, սակայն, որ լիարժեք կյանքի են կոչվում: Թեեւ դրանք անվերջ փոփոխվում եւ լրացվում են, իբր կատարելագործվում, սակայն Հայաստանն այդ պրոցեդուրաներից չի դառնում իրապես իրավական, օրինապաշտ երկիր:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) ամենօրյա պարբերականությամբ թողարկվում են Հայաստանի օրինաստեղծ մտքի արգասիքները, կայքը հնարավորություն է տալիս գաղափար կազմել այս կամ այն օրենքի նախագծի բովանդակության մասին, քվերակել դրա օգտին կողմ կամ դեմ, կարծիք, մեկնաբանություն թողնել:

Ըստ կայքի վիճակագրության՝ ամենաշատ օրենքների նախագծեր տեղադրած 10 պետական մարմինների ցանկը գլխավորում է Ֆինանսների նախարարությունը՝ 71 նախագիծ է զետեղել, այնուհետ Արդարադատության նախարարությունն է՝ 62, հետո՝ Բնապահպանության՝ 59, Գյուղատնտեսության՝ 44, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի՝ 33, Կրթության եւ գիտության՝ 31, նախարարությունները, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունը՝ 31, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ 28, Առողջապահության՝ 25, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունները՝ 22 նախագծերով: Այլ գերատեսչությունների մասով վիճակագրություն առկա չէ:

Այս թվերից հետո թերեւս արժե հիշատակել բրիտանացի փիլիսոփա, «դասական ազատականության» հայր Ջոն Լոկի խոսքը. «Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետեւեք, որ դրանք բոլորն էլ, առանց բացառության, կյանքի կոչվեն»:

Հեղինե Մանուկյան

Մեկնաբանություն
X