Քաղաքագրություն. Կոնյակը՝ բրենդիից առաջ

Երեւանում խոշոր արդյունաբերության համար առկա էին համապատասխան հումքեր՝ բամբակ, շինանյութեր, կաշի ու խաղող, սեփականազրկված բանվորական ուժեր եւ բավականին մեծ գումարների հասնող կապիտալներ, որոնք կենտրոնացել էին հարուստ վաճառականների ձեռքին: Կապիտալիստական խոշոր արդյունաբերության ծագման ու զարգացման համար կարեւոր նշանակություն են ունեցել նաեւ երկաթուղու կառուցումը, ռուսական կապիտալի ներհոսքը եւ էներգիայի աղբյուրի՝ արագահոս Հրազդանի առկայությունը: Սակայն ցարական Ռուսաստանի մյուս ծայրամասային-կիսագաղութային շրջանների քաղաքների նման՝ Երեւանում եւս խոշոր կապիտալիստական արդյունաբերություն է առաջանում միայն այն հումքի հիման վրա, որն անհնար էր երկար տարածությունների վրա տեղափոխելը եւ ենթակա էր արագ փչացման: Այդպիսի հումք Երեւանում եւ Երեւանի նահանգում խաղողն էր՝ մի քանի տասնյակի հասնող իր ընտիր տեսակներով: 80-ական թվականների վերջերից Երեւանի նահանգի խաղողի տարեկան բերքի ընդհանուր քանակն անցնում էր երկու միլիոն փթից:

Մինչեւ համեմատաբար խոշոր եւ կատարելագործված գործարանների երեւան գալը Երեւանում կային գինու եւ օղու մի քանի տասնյակ մանր տնայնագործական տիպի ձեռնարկություններ, որոնք նույնպես կոչվում էին գործարաններ: Գինու, օղու եւ սպիրտի կատարելագործված առաջին գործարանը Երեւանում հիմնվում է Ն. Լ. Թայիրյանի կողմից՝ 1885 թվականին: Դրանից հետո, երեք տարի անց՝ 1887 թվականին, գործարանին կից կառուցվում է կոնյակի թորման երկու սարքավորում, եւ դրանով Երեւանում առաջին անգամ սկսվում է կոնյակի արտադրությունը: 1893 թվականին քաղաքում շարք է մտնում կոնյակի եւս երկու գործարան՝ Կ. Աֆրիկյանի եւ Գ. Գյոզալյանի գործարանները, իսկ 1894 թվականին՝ Դ. Սարաջեւի գործարանը: 20-րդ դարի սկզբներին Երեւանի կոնյակի-օղու-սպիրտի-գինու գործարանների թիվն արդեն հասնում էր 5-ի, որովհետեւ նշված գործարանների վրա գումարվում է եւս մեկը՝ Համբարձում Սողոմոնյանի գործարանը: Դրանցում գործադրվում էին զանազան սարքավորումներ՝ մեխանիկական թորիչ ապարատներ, պոմպեր, խցանակալ մեքենաներ, մամլակներ: Սպիրտի թորումը կատարվում էր կրակով, իսկ երբեմն իբրեւ էներգիա օգտագործվում էին շոգին եւ էլեկտրականությունը: Գործարանների հիմնական արտադրանքները կազմում էին կոնյակը, գինիները, սպիրտը, օղին: Դրանցից առանձնահատուկ նշանակություն ունեին մանավանդ կոնյակն ու սպիրտը:

Երեւանում խոշոր, գործարանային տիպի գինու-կոնյակի-օղու արտադրությունը մեծապես կապված է ռուս խոշոր կապիտալիստ Շուստովի անվան հետ: Նա ռուսական կայսրության տարբեր քաղաքներում՝ Վարշավայում, Սամարղանդում, Քիշինյովում եւ այլ քաղաքներում ուներ գինու եւ սպիրտի մի շարք խոշոր գործարաններ: Շուստովը մեծ փորձ ու հմտություն ունեցող կապիտալիստ էր: Երեւանում գինու, կոնյակի եւ սպիրտի կապիտալիստական արտադրություն կազմակերպելը նա համարում էր ամենաշահավետ ձեռնարկումներից մեկը: Բարձր շաքարայնություն ունեցող մեծ քանակի խաղողի եւ էժան ու հմուտ բանվորական ուժի առկայությունը, երկաթուղու կառուցումը եւ մի շարք այլ հանգամանքներ նկատի ունենալով՝ Շուստովը 1899 թվականին գնում է Ն. Թայիրյանի գինու-կոնյակի գործարանը եւ կարճ ժամանակամիջոցում այն ընդարձակում է մի քանի անգամ: Չբավարարվելով դրանով՝ 1907 թվականին կառուցում է կոնյակի մի նոր՝ ավելի խոշոր ու մեքենայացված գործարան, մեկ օղեզտիչ գործարան եւ Հրազդան գետի վրա՝ մի փոքրիկ հիդրոէլեկտրոկայան, որն էլեկտրական էներգիա էր մատակարարում նրա գործարաններին: Նա իր գործարաններին կից ստեղծում է օժանդակ բոլոր հարմարությունները՝ նկուղներ, պահեստներ, տակառի գործարան, սպասարկման կետեր, բնակելի շենքեր եւ այլն, որոնք ամբողջացնում էին կոնյակի եւ մյուս խմիչքների արտադրության պրոցեսները: Ժամանակի ընթացքում Երեւանի կոնյակի եւ սպիրտի արտադրության մի մասը կենտրոնանում է Շուստովի ձեռքում:

Երեւանի կոնյակը մեծ համբավ ուներ ռուսական եւ արտասահմանյան շուկաներում: Նրա հաճելի համը, հայացք շոյող գույնը, բարձր սպիրտայնությունը, այդ բոլորը հուսալի ռեկլամներ էին հայկական կոնյակի համար:

Թ. Խ. Հակոբյան. Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան 2750»

Պատրաստեց՝ Արամ ՊԱՉՅԱՆԸ

Մեկնաբանություն
X