Ճոյտը մտավախություն ունի, որ իր թանկ մտքերը կգողանան

Օրերս տեղի ունեցավ Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի, «Մենք հարեւաններ ենք» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա էին կինոքննադատներ, դերասաններ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ։

Հակոբ Հակոբյանը խոսելով ֆիլմի արձագանքների մասին՝ նշեց, որ կինոքննադատները մի քանի խորհուրդներ են տվել, որոնց վրա հիմա աշխատում են․ «Տեխնիկական թերություններ կային, բովանդակությունը, սցենարը ամբողջությամբ մնացել է։ Քանի որ գեղարվեստական ֆիլմ է՝ կարող է լինել չափազանցություն, սուր, հորինվածք, նայած, թե դու ոնց ես պատկերացնում։ Մասնագիտական ուղղումներ են տվել եւ մեր մասնագետները աշխատում են դրա վրա, որ ֆիլմը ավելի համոզիչ լինի եւ որակով։ Կինոթատրոններում կցուցադրվի փետրվարի կեսերից, որոշել էինք դեկտեմբերից, բայց որ այդ շտկումները եղան, մեզ ժամանակ ա պետք, եւ դեկտեմբեր ամիսը մի քիչ նախատոնական բան է, կինոդահլիճներում կսկսեն նոր տարվա միջոցառումներ անցկացնել, ես մտածում եմ, որ շատ լավ կլինի, որ փետրվարի կեսից լինի»։

Նրա խոսքով՝ ֆիլմը դիտել է իր քաղաքական ընկեր Գագիկ Ծառուկյանը, որը դրական է արձագանքել․ «Շատ հավանել է ֆիլմը, քանի որ ինքը նույպես ապրել է այն ժամանակահատվածում, որտեղ եղել են թուրքեր, քրդեր, հայեր։ Դրական արձագանքեց, քանի որ մեր ֆիլմը խաղաղություն է քարոզում, ագրեսիվություն չկա։ Պարոն Ծառուկյանը տեսավ եւ համոզվեց, որ մենք արժեք ենք ստեղծել՝ թողնելով մեր հաջորդ սերունդներին»։

Հակոբ Հակոբյանը երկար սպասեցնել չի տա, հաջորդ ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվելու են մայիս ամսից, ֆիլմն էլ կոչվում է «Սուպեր Պապը»։

Կինեմատոգրաֆում իրեն վերագտած Հակոբյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպե՞ս մարդիկ արձագանքեցին, երբ անցյալ տարի ամռանը իր «Զվարթնոց» ռեստորանի հաճախորդների համար Ալագյազի լանջերից բեռնատարներով ձյուն էր տեղափոխել, նա պատասխանեց, որ մարդկանց դուր է եկել ամռանը ձյուն տեսնելը․ «Երբ որ զովացուցիչ ըմպելիքները ձյան մեջ սառացնում էինք մենք, մի տեսակ ինքը ռեկլամային հատկություն էր թողնում։ Մարդիկ ձյուն էին ուտում, ձյան հետ նկարվում էին»։

Իսկ թե բիզնեսում ի՞նչ նոր իմպրովիզացիաներ է անելու, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը գաղտնի պահեց՝ մտավախություն ունենալով, որ իր մտքերը կգողանան․ «Մենք ուզում ենք եկող տարի դա իրականացնենք։ Դա նոր ձեւի բիզնես է, ես չեմ ցանկանա այդ մասին խոսել, որովհետեւ գաղափարները կգողանան։ Կարծում եմ՝ եկամտաբեր բիզնես է, նոր բան է, որը Հայաստանում որեւէ մեկը չի կատարում»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X