Մարդիկ թեթև ապրեք, ոմանք գեյ են

Վերջերս հասարակական շրջանակներում նորից քննարկման առարկա է դարձել ԼԳԲՏ համայնքը։ Կարծես թե նոր բան չկա, նույն բանավեճը, նույն քննադատությունները, նույնիսկ ԼԳԲՏ անձանց վառել ցանկացող մարդիկ չեն փոխվել, նույն անփոփոխ կազմն է, որը բնականաբար համալրվել է նաև նոր կադրերով։

Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ հանրության մեջ ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնց միակ զբաղմունքը ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարելն է և ատելության ու բռնության կոչերով հանդես գալը։ Դրանք հիմնականում մարգինալ խմբեր են ու չնայած գործում են առանձին-առանձին, բայց տեղավորվում են նույն օրինաչափության շրջանակներում։ Համանման կազմակերպությունների շարքում կարելի է առանձնացնել «Մեկ ազգ մեկ դաշինք»-ը, «Համահայկական ծնողական կոմիտեն», «Երևանյան աշխարհաքաղաքական ակումբը», «ՀԱՍԱԿ» կուսակցությունը, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» ՀԿ-ն և այսպես շարունակ։ Ինչպես նաև այս խմբակներին ակտիվորեն աջակցում է «Իրավունք» թերթը Հովհաննես Գալաջյանի գլխավորությամբ, ռուսաստանյան «Սպուտնիկ» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղը, իսկ ֆեյսբուքում չափազանց ակտիվ է «Stop G7» կայքը, ինչպես նաև՝ տարատեսակ բլոգերներ ու ֆեյսբուքյան օգտատերեր։

Թերևս պատահականություն չէ, որ նշված բոլոր կազմակերպություններն ու դրանց անդամակցող անհատները մաթեմատիկական ճշգրտությամբ գործում են արժեքային նույն միջավայրում՝ բոլորն ունեն ռուսական կողմնորոշում, Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի նվիրյալ պաշտպաններ են, մոլեռանդ հավատացյալներ, հանդես են գալիս նույն հռետորաբանությամբ ու բառապաշարով, իբրև թե՝ ազգային ավանդույթների պահպանման և հայու գենի պաշտպանության դիրքերից։ Մյուս ամենակարևոր ընդհանրությունը, որ դրանք առանձնակի ատելությամբ են լցված Եվրոպայի և «Արևմտյան» արժեքների նկատմամբ, Մարդու իրավունքներն ու իրավական, ժողովրդավարական պետության գաղափարները նրանց համար խորթ կատեգորիաներ են։

Արժեքային այս տիրույթում գտնվող մարդկանց համար ԼԳԲՏ անձինք դիտարկվում են որպես ազգի թշնամիներ, «հիվանդ ու այլասերված» ինչ-որ զանգված, որը պետք է անվերապահորեն ոչնչացվի։ Մի խոսքով՝ վերոհիշյալ խմբակները ատելության ու բռնության արհեստական միջավայր են ձևավորում՝ թունավորելով հանրության գիտակցական տիրույթը։ Այսինքն այդ խմբակները կանխարգելում են Հայաստանի՝ որպես իրավական ու ժողովրդավարական պետության կայացման գործընթացը, կարելի է ասել, որ դրանք թքած ունեն ինչպես Սահմանդրության, այնպես էլ իրավունք հասկացությունների վրա, առանց հասկանալու, որ առանց այս երկու արժեքների պետությունը դատապարտված է։

ԼԳԲՏ անձինք նույնպես ՀՀ քաղաքացիներ են, ունեն իրավունքներ, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։ Բոլոր մարդկանց պես նրանք էլ ամուսնանալու ու երջանիկ լինելու, փողոցով հանգիստ քայլելու և իրենց կողմնորոշումը չթաքցնելու, երթեր, շքերթներ ու հանրային միջոցառումներ իրականացնելու իրավունքներ ունեն, ինչպես-որ մյուս քաղաքացիները։ Բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են սահմանափակել ՀՀ քաղաքացիների այս բնական իրավունքները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև, իսկ բռնության ատելության կոչեր տարածող անձինք պետք է արժանանան հանրության համընդհանուր պարսավանքին, քանի որ բռնությունը չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական երկրում։

Մարդիկ, թեթև ապրեք, ոմանք գեյ են։

Մեկնաբանություն
X