Ինչպես կարդալ ժամանակակից աշխարհում

Մարդիկ հաճախ բողոքում են, որ գիրք կարդալու ժամանակ չունեն: Իսկապես այդպես է: Ժամանակակից աշխարհում գրքերին ժամանակ տրամադրելը չափազանց թանկ հաճույք է և ոչ բոլորին տրված: Փոխվել են ժամանակի և տարածության վերաբերյալ մարդկանց պատկերացումները: Տարածությունը փոքրացել է, իսկ ժամանակը՝ դարձել ավելի արագ: Հարափոփոխ այս աշխարհում մարդը չընդհատվող ընթացքի մեջ է, բոլորը շտապում են ու վազում՝ ինչ-որ մի տեղ հասնելու կամ ինչ-որ մի բան հասցնելու մոլուցքով տարված: Ահա այսպիսի աշխարհում ենք մենք ապրում, երբ գիրք կարդալն ընկալվում է որպես անհեռանկար մի նախաձեռնություն: Բայց չէ՞ որ մենք ուզում ենք կարդալ, ի՞նչ անել, ինչպե՞ս հասցնել: Կարդալու համար առանձին ժամանակահատված տրամադրելու մասին ի սկզբանե մոռացեք: Դա հնարավոր է միայն կիրակի օրերին: Իսկ շաբաթվա մնացած օրերին ընթերցանությունը պետք է կազմակերպվի օրվա ժամանակացույցի ազատ հատվածների հաշվին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ազատ հատվածներ չկան, բայց իրականում իհարկե այդպես չէ: Ժամանակ միշտ էլ կարելի է գտնել: Փորձենք:

Առավոտյան արթնալուց հետո պետք չէ անմիջապես լքել անկողինը: Առնվազն կես ժամ կարելի է պառկած մնալ ու կարդալ կամ էլ վերընթերցել գիշերվա կարդացածը: Կարելի է նաև աչքի տակով անցկացնել առավոտյան մամուլը, բայց ցանկալի չէ պաղշունչ առավոտը պղտորել քաղաքական նորություններով: Մշակութային նորություններ կարդացեք: Այդ հաճույքից կարող եք օգտվել, եթե բաժանորդագրվեք «The Times» պարբերականին և այն էլեկտրոնային փոստով ձեզ ամեն առավոտ նորություններ կուղարկի, որտեղ մշակութային զիլ թեմաներ կգտնեք: Հատկապես՝ բալետի մասին: Բայց, եթե սիրում եք ռուսերեն կարդալ, ապա այդ հարցում կօգնի «BBC»-ի ռուսական ծառայությունը: Այստեղ էլ կարող եք պատմական թույն շարքեր գտնել, հատկապես՝ 1917 թ. հեղափոխության և հարակից թեմաների մասին: Ընհանրապես առավոտյան անկողնային ընթերցանության ավանդույթի անբաժանելի մասնիկը պետք է դառնա «դառը սև սուրճ անկողնում» ծիսակարգը (կարող եք նաև ծխել, բայց հրդեհից զգուշացեք), իսկ եթե այս երկուսին էլ ավելացնենք Շոստակովիչի սիմֆոնիաները, ապա առավոտը հաստատապես ստացված է:

Աշխատանքի գնալուց առաջ խորհուրդ է տրվում գիտաֆանտաստիկ գրքեր կարդալ, իսկ առավել զգացմունքային գրքերը թողեք հանգստյան օրերին: Դե պատկերացրեք, եթե երկուշաբթի առավոտյան Հերման Հեսսեի «Սիդհարթայից» կամ էլ «Տափաստանի գայլից» հատվածներ կարդաք, ապա կկորցնենք աշխատելու ցանկությունը և հնարավոր է ընդհանրապես աշխատանքի չգնաք, այլ Հարրի Հալլերի պես մինչև կեսօր քնելու և քաղքենի աշխարհից հեռանալու, կորելու ցանկությամբ տարվեք: Ո՛չ, Հերման Հեսսեն կարող է աշխատանքից հեռացման պատճառ դառնալ: Աշխատանքային օրերին կարդացեք Ռեյ Բրեդբըրի: Հատկապես «Մարսյան քրոնիկոնը» գաղափարական տեսանկյունից նպաստավոր պայմաններ կստեղծի աշխատելու և աշխատանքի մեջ նորարարություններ գտնելու համար՝ Մարսը նվաճող հերոսների խանդավառությամբ:

Ընթերցանության հաջորդ շրջափուլը սկսում է տրանսպորտում: Բայց մինչ այդ սուրճի մոտակա կրպակից անպայման սուրճ գնեք: Օրվա երկրորդ սուրճը պետք է լինի կապուչինո, այսինքն, որ կարողանաք ձեզ հետ վերցնել (кофе с собой) ու ճանապարհին զգույշ ֆռթցնել: Մետրոյից օգտվելու դեպքում ցանկալի է կարդալ մի փոքր գժական կամ էլ փիլիսոփայական գրքեր: Օրինակ՝ կարող եք ականջակալներով «Sepultura» լսել և կարդալ «Frankenstein»-ը: Ինչպես հասկացաք, պարտադիր է ամեն գրքի համար գտնել համապատասխան երաժտություն: Մետրոյում առավել հարմար կարդալու համար պետք է հենվեք այնտեղ, որտեղ գրված է «չհենվել», այսինքն աջ կողմի դռան վրա: Իսկ ինչու՞ աջ կողմում, որովհետև «Գործարանայինից» դեպի «Սասունցի Դավիթ» տանող ճանապարհը չափազանց խորհրդավոր է: Հեռվում երևում է կայարանի բարձր շենքը, տպավորություն է, թե ինչ-որ կարևոր տեղ ես հասնում, նույն զգացողությունն է, երբ Վիեննայից գնացքով հասնում ես Բուդապեշտ: Տեսարանն այդ այնքան տպավորիչ է, որ անկախ քեզնից մտածում ես, որ դրա կառուցողները իսկապես հասկացել են, թե ինչ է քաղաքն ու քաղաքի ֆենոմենը:

Բայց այս ամենից զատ տրանսպորտում պետք է շատ զգույշ կարդալ, քանի որ գիրքը մարդուն ակնթարթային կերպով հուզելու, հավասարակշռությունից հանելու հատկություն ունի: Օրինակ՝ ես առաջին անգամ մետրոյում պարզեցի Անրի Բերգսոնի մահվան պատճառը: Էպիզոդն այդ այնքան հուզեց, որ կողքի մարդիկ ոչինչ չասող ու անօգնական դեմքի արտահայտությամբ նայում էին ինձ: Բերգսոնը հրեա էր, բայց նրա գիտական վաստակը այնքան մեծ էր, որ նացիստները նրան հարգանքով էին վերաբերվում, նույնիսկ՝ արտոնություններ առաջարկում: Բայց ծերացած փիլիսոփան բոլոր հրեաների նման ամեն օր հրեական աստղը հագուստին փակցրած ներկայանում էր նացիստական պարենատուն: Անձրևի տակ երկար կանգնելու արդյունքում նա հիվանդանում է և շուտով մահանում:

Նախատեսված կանգառ հասնելուց հետո մի շտապեք փակել գիրքը: Ընթերցանությունը մետրոյում դեռ այդքանով ավարտված չէ: Էսկալատորը ձեզ է սպասում: Ափսոս Երևանի մետրոն շատ խորը չէ: Օրինակ՝ Պետերբուրգի էսկալատորների վրա հնարավոր է մեկ ու կես էջ կարդալ, իսկ Երևանում՝ հազիվ կես էջ: Այնուհետև ընթերցանությունը շարունակեք ընդմիջման ժամին, տուն վերադառնալու ճանապարհին և այսպես շարունակ: Այսինքն՝ օրվա ընթացքում հնարավոր է կարդալու համար ժամանակ գտնել: Թեկուզ քիչ, բայց հնարավոր է: Այսպիսի ընթացքով հնարավոր է մեկ ամսում վերջացնել Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» կամ էլ՝ երեք ամսում Ջոն Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմություն» վիպաշարը: Ի դեպ, վերջինն իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է, կա նաև հայերեն թարգմանությունը, որի հեղինակն է անվանակիցս՝ Կարպիս Սուրենյանցը։ Եվ վերջաբանի փոխարեն միայն նշենք, որ մի կենտրոնացեք շատ կարդալու վրա, շատ կարդալը ոչ մի օգուտ չի բերում, միայն գլուխն է խցանվում: Կարդացեք քիչ, բայց բովանդակային և անպայման նշումներ արեք նոթատետրի մեջ ու եթե դուք գրքի հերոսներին սիրահարվել չգիտեք, ապա ֆեյք կարդացողներ եք։

Տաք անկողինն ու տրանսպորտը 21-րդ դարի գրադարաններն են։

Մեկնաբանություն
X