Դավաճան կանայք ոչ միայն հեռանալ գիտեն, այլ նաև՝ կաբլուկով հարվածել

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական հեռուստաալիքներն ակտիվորեն շրջանառում և քննարկում են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը։ Կամ ավելի ճիշտ՝ այդ համաձայնագիրը ռուսական հեռուստաալիքների համար վերածվել է իսկական խրախճանքի։ «Talk show»-ների հաղորդավարներն ու հյուրերը մեծագույն խանդավառությամբ փորձում են վերլուծել իրավիճակը, գտնել պատճառները, բայց այդպես էլ չեն կարողանում որևէ բանական կոնսենսուսի հասնել՝ վերադառնալով «Հայաստանն առանց ռուսի կյանք չունի», «Թուրքերն ու պարսիկները հայերին կմորթեն» արդեն վաղուց ծեծված, մաշված ու կարկատված ձևակերպումներին։ Ավելին՝ զավեշտը հասել է այնտեղ, որ Հայաստանին համեմատում են «դավաճան կնոջ» հետ, չգիտես ինչու վերհիշում են Նժդեհին և այսպես շարունակ։ Այսինքն գործ ունենք ինֆորմացիոն խառնաշփոթի հետ, որտեղ առաջնային պլան են մղված պոպուլիզմն ու դեմագոգիան։

Եկեղեցու հայրերից մեկը հավատքի ճշմարտացիության վերաբերյալ այսպիսի մի միտք է արտահայտել․ «Հավատում եմ, որովհետև աբսուրդ է»։ Կարելի է ենթադրել, որ վերոհիշյալ տաֆտալոգիան ի հայտ է եկել հավատի դրույթները հիմնավորելու անկարողության պատճառով։ Նույն տրամաբանությունը գործում է նաև ռուսական «talk show»-ներում։ Հաղորդավարներն ու վերլուծաբան կոչվածներն անվերապահորեն հավատում են իրենց ասածների ճշմարտացիությանը, քանի որ դրանք ծայրից ծայր աբսուրդային են ու չհիմնավորված։ Դրանց մեջ նկատելի է 19-րդ դարի շունչը։

Լավ, անցնենք առաջ։ Ովքե՞ր են այդ վերլուծաբան կոչվածները, որոնք իրենց վրա պատասխանատվություն են վերցրել միլիոնավոր հեռուստադիտողների առջև փորձագիտական գնահատականներ հնչեցնել տարածաշրջանային չափազանց բարդ գործընթացների վերաբերյալ։ Նիկոլայ Ստարիկով, Սերգեյ Կուրղինյան, Գևորգ Միրզայան և այլն։ Արդյո՞ք այս մարդիկ պատշաճ կոմպետենտ են ստեղծված իրավիճակը վերլուծելու համար։ Իմ խորին համոզմամբ՝ ո՛չ։ Որոշակիորեն ծանոթ լինելով ռուսական գիտական և քաղաքագիտական շրջանակներին՝ կարող եմ նշել, որ այս պարոնները միանշանակ կերպով չեն ընկալվում Պետերբուրգի և Մոսկվայի գիտական հանրույթների կողմից։ Ավելին՝ նրանց հիմնական զբաղմունքը կոնսպիրոլոգիան է, այսինքն դավադրությունների տեսություններ առաջ քաշելը։ Այդ մարդիկ գործիք են ռուսական իշխանությունների ձեռքին, քանի որ հարկ եղած դեպքում օգտագործվում են որպես պրոպագանդայի միջոց, քանի որ ուժեղ իշխանության, արտաքին «մութ» ուժերի սպառնալիքի մասին վերլուծությունները ժողովրդական զանգվածների համար շատ ավելի պոպուլյար են։ Բոլոր տեղերում էլ այդպես է, հասարակական աղբը միշտ էլ հաճելի է մարդկանց ականջներին, քան՝ ծանրակշիռ բանական խոսքը։ Օրինակ՝ Ստարիկովը տասնյակ գրքեր ունի, ժողովրդական լայն զանգվածների համար դրանք չափազանց պոպուլյար են, բայց Պետերբուրգի գիտական շրջանակների մոտ այդ գրքերը մեղմ ու հեգնական ժպիտ կարող են առաջացնել։ Հիշեցնենք, որ հենց այդ նույն Ստարիկովն էր, որ լուրջ դեմքի արտահայտությամբ Հայաստանը համեմատում էր «դավաճան կնոջ» հետ։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու՞ են ռուսական հեռուսաալիքները եթեր հրավիրում հենց Ստարիկովի և Կուրղինյանի նման փսեվդո վերլուծաբաններին։ Ինչպես Վլադիմիր Պոզներն է բազմիցս նշել, Ռուսաստանում լրագրություն չկա, կան առանձին լրագրողներ։ Եվ այս տրամաբանությամբ ռուսական հեռուստաեթերը գլխավորապես հիմնված է պրոպագանդայի և շոուի վրա։ Այս տեսանկյունից հասկանալի է, թե ինչու են հաղորդավարները հրավիրում հենց կոնսպիրոլոգներին ու պրոպագանդիստներին։ Ծանրակշիռ գիտնականները պարզապես չեն համաձայվի մասնակցել պրոպագանդիստական այդ ակցիաներին, կամ էլ կմասնակցեն ու նրանց լսող չի լինի։ Քանի որ բանական խոսքը դատապարտված է պարտության, երբ գործի են դրված պոպուլիզմն ու դավադրությունների մասին լեգենդները։

Նշենք, որ ստարիկովների և կուրղինյանների հնչեցրած աբսուրդային մտքերը չեն համապատասխանում Ռուսական պետության պաշտոնական մոտեցմանը։ Ամեն դեպքում ռուսական իշխանություններն են այդպես ասում։ Ավելին՝ դրանք չեն առնչվում Հայաստան-Ռուսաստան միջպետական փոխհարաբերությունների հետ, այլ ընդամենը միջավայրը թունավորելու, մարդկանց ապակողմնորոշելու, ինչ-որ տրամադրություններ սաղմնավորելու դեր են խաղում։ Նրանք խոսում են ընդամենը խոսելու համար և խոսում են 19-րդ դարի տրամաբանությամբ՝ առանց հասկանալու, որ դրսում 21-րդ դարն է և իրենք գործ ունեն միջպետական բավականին բարդ ու անհարթ փոխհարաբերությունների, տարածաշրջանային ցնցումներով լեցուն գործընթացների հետ։ Ռուսական իշխանություններին չափազանց ձեռնտու է այս իրավիճակը, ու՞մ ձեռք չէ՞ր տա։

Պատահական չէ, որ ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Հարավային Կովկասի մասին շրջանառվում են սիրողական վերլուծություններ, Սոլովյովի, Կիսիլյովի, Սատանովսկու մակարադակի ելույթներ։ Բանական խոսքը գրեթե բացակայում է։

Այն դեպքում, որ ինչպես Մերձավոր Արևելքը, այնպես էլ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է վերլուծվեն խորը մասնագիտական ու փորձագիտական ասպեկտներով ու նոր հանրամատչելի կերպով ներկայացվեն հեռուստադիտողներին։ Հայաստանի մասին կարծիք արտահայտողը պետք է ամենայն ճշգրտությամբ ուսումնասիրած լինի երկրում տիրող իրավիճակը, քաղաքական կառուցվածքը, հանրության, ընդդիմության, քաղ․ հասարակության տրամադրությունները, տնտեսական ցուցանիշները և հետո նոր միլիոնավոր մարդկանց առջև խոսելու պատասխանատվություն վերցնի։ Արդյո՞ք Կուրղինյանը փորձագիտական մակարդակով գիտի Հայաստանը, թե՞ նրան եթեր են հրավիրել միայն այն պատճառով, որ նա ծագումով հայ է ու խոսել գիտի։

Հեռուստաալիքների այս մոտեցումներն իսկապես զավեշտալի են և դրանց վնասարար ներգործության արդյունքում ձևավորվում է փոխադարձ թշնամանքի արատավոր միջավայր։ Հնարավոր է իրավիճակն այս ձեռք է տալիս ռուսական իշխանություններին, բայց նրանք պետք է հասկանան, որ սանձազերծված պրոպագանդան կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, որը չի բխում ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ Հայաստանի շահերից։

Եվ վերջաբանի փոխարեն՝ «դավաճան» կանայք ոչ միայն հեռանալ գիտեն, այլ նաև՝ «կաբլուկով» հարվածել։

Մեկնաբանություն
X