«Պարոն Երիցյան, ընդունելի՞ է». Տոնական օրերին առեվտրային բանկերն ու մաքսակետերը կաշխատեն հերթապահությամբ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր տոնական օրերին բանկերի և մաքսակետերի աշխատանքի ռեժիմի փոփոխությանը:

Նա նշեց, որ տոնական և նախատոնական օրերին ակտիվանում է տնտեսությունը, մեծանում է ներմուծումն ու արտահանումը, ուստի անհրաժեշտ է ապահովել ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող անձանց համապատասխան ծառայությունների սահմանումը: «Պետք է այնպես անել, որ ամեն ծառայություն մատուցվի ժամանակին և առանց ընդհատումների»-ասաց վարչապետը:

Ապա հանձնարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին և ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին դեկտեմբերի երկուսից սկսած մինչև տոնական օրերի ավարտն ապահովել մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունը, շաբաթ-կիրակի օրերին մաքսային ծառայությունում և առևտրային բանկերում սահմանել հերթապահություն:

«Պարոն Երիցյան, ընդունելի՞ է», - հարցրեց վարչապետը ԿԲ նախագահի տեղակալին: Երիցյանը սկզբում չպատկերացրեց` ինչի մասին է խոսքը: ՊԵԿ նախագահի հուշելուց հետո Երիցյանն ասաց, որ ընդունելի է:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X