Անկապ աղմուկ

ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը հաջորդած աղմուկը Երեւանում ավելի մեծ է, քան Մոսկվայում եւ Բրյուսելում: Թվում է` բնական է, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ տեղի ունեցածը ոչ այնքան Մոսկվային ու Բրյուսելին է վերաբերում, որքան՝ Հայաստանին: Հարցն այն է, սակայն, թե ինչու է այսքան մեծ աղմուկը եւ ոչ թե այդ կարեւոր իրադարձության արժեւորումը կամ գնահատականը: Բաժանվել ենք երկու խմբի ու մի գլուխ աղմկում ենք, սպառնում սրան-նրան: Գուցե պետք է մի պահ կողքից դիտողի աչքո՞վ նայենք մեզ: Ի՞նչ կարելի է մտածել այն վարորդի մասին, ով ավտոմեքենայով բախվել է ծառին, հետո դուրս է եկել ու հայհոյում է ծառը հենց այդտեղ տնկողին: Մենք այս պահին նման ենք նաեւ գազիկ բաց թողած մանկիկի, որ իր արածից վախեցած՝ աչքերն է չռում:

Շփոթվա՞ծ ենք: Ի՞նչ կա որ, Եվրոպան բարեհաճել է մեզ հետ թուղթ ստորագրել` չնայելով մեր տրեխներին: Այո, այո, հենց տրեխներին, որոնցից չենք հրաժարվել եւ վերջին երկիրն ենք, գուցե, Եվրոպայում` մեր այդ սովետական հագուկապով: Բայց շփոթված մարդը, առհասարակ, չի աղմկում, այլ փորձում է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ իր շուրջը եւ իր հետ: Մինչդեռ մենք նախ աղմկում ենք: Այսպիսի առիթի համար մի լավ խոսք կա` մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում: Նոյեմբերի 19-ին Բագրատաշենի անցակետում ՀՀ ԱԱԾ-ն իր 15 աշխատակիցներով ՀՀ քաղաքացուն գցում է քացու տակ, իսկ ընդամենը 5 օր անց, նոյեմբերի 24-ին, ՀՀ-ն ԵՄ-ի հետ թուղթ է ստորագրոմ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին: Այ, սրա մասին եկեք մտածենք` կարողանալո՞ւ ենք կրել քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելու ծանր բեռը, թե՞ շարունակելու ենք ապրել հին օրենքներով: Սա պետք է դառնա մեր արեւմտամետների եւ ռուսամետների բանավեճի թեման: Այլապես առաջինները, ոգեւորված «ձեռք բերվածով», արդեն հայտարարում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, իսկ երկրորդները վատաբանում են ԵՄ-ն` փորձելով ապացուցել, որ լավը ԵԱՏՄ-ն է: Իրականում ո՛չ ԵՄ-ն ենք մենք ստեղծել, ո՛չ էլ ԵԱՏՄ-ն ու, առավել եւս՝ ՀԱՊԿ-ն: Մենք ընդամենը անդամակցել կամ փորձում ենք անդամակցել դրանց` մեր շուրջն ընթացող պրոցեսներից դուրս չմնալու համար: Այս ընթացքով մենք կարող ենք Հայաստանը վերածել ԵՄ-ԵԱՏՄ բախման թատերաբեմի, մինչդեռ Մոսկվայում եւ Բրյուսելում լիահույս են, որ Հայաստանը կամուրջ է դառնալու նրանց միջեւ:

Մեկը՝ իբր ԵՄ-ն մեզ գրկաբաց ընդունել է արդեն, օրինագիծ է գրում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, մյուսն էլ՝ իբր մեզ Ռուսաստանից անդառնալիորեն պոկում են, հաթաթա է տալիս, թե մեր անվտանգությունն է հայտնվում հարցականի տակ: Այդպես չէ: Երկու կողմն էլ սխալ է: Մեզ զարգացման հնարավորություն են տալիս թե՛ ԵՄ-ն եւ թե՛ ԵԱՏՄ-ն, մեր անվտանգության հարցերում դերակատար են թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ՀԱՊԿ-ն: Սա պարզ գիտակցելու բան է, եթե, իհարկե, կա դրա ցանկությունը: Իսկ եթե չկա, ապա մեջտեղում միայն աղմուկն է, որ բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ:

Ակնհայտ է, որ մեր արեւմտամետները ԵՄ-ի հետ վերոնշյալ փաստաթղթի ստորագրումից հետո մի տեսակ այլ աչքով են նայում Սերժ Սարգսյանին, որպես իրենց իղձերը կատարողի: Դե իսկ 2018թ. վարչապետի հարցն ընդհանրապես մոռացվել է: Դա, իհարկե, լավ է: Լավ է երկրի համար, լավ է ներքին համերաշխության առումով: Բայց դա ամենեւին լուրջ պատճառ չէ, որպեսզի մեր արեւմտամետ գործիչները «քացիներ» տան Ռուսաստանին: Աշխարհը Եվրոպայի հետ թուղթ ստորագրելով չի ավարտվում, եւ ավելին` Եվրոպայի հետ թուղթ ստորագրելը հղի է որոշակի հետեւանքներով, որոնցից չի խուսափել Արեւելյան գործընկերության եւ ոչ մի երկիր, որ մեզնից առաջ անցել է այդ ճանապարհով: Մյուս կողմից էլ` «Ուկրաինայի դուրս թռած աչքերը» մեզ պետք է հուշեն, թե ինչ է նշանակում Ռուսաստանին քացի տալ եւ հրաժարվել բանակի սպառազինությունից ու սպասել, որ եվրոպական տանկերը հասնեն հայկական լեռները:

Կոմպլեմենտար քաղաքականությունը, ի տարբերություն զուտ արեւմտամետ կամ զուտ ռուսամետ քաղաքականության, շատ ավելի լուրջ բան է: Դա շատ նման է միանգամից երկու հարեւանների աթոռների եզրին նստելուն: Կարիք չկա նրանց արմունկներով հրմշտելու, որովհետեւ մեկնումեկը ճարահատ կքաշի իր աթոռը, եւ կարող ես հայտնվել օդում: Հիմա մենք, Բրյուսելում տեղի ունեցած զգլխիչ արարողությունից հետո, սկսել ենք ընդհուպ ՊԵԿ-ի մակարդակով հրմշտել ԵԱՏՄ-ին: Պարզվում է, որ սահմանի վրա 5 կգ-ից ավելի մանդարինը պետք է մաքսազերծվի, եւ այդ խայտառակության մեղավորը ԵԱՏՄ օրենքներն են: ՊԵԿ-ից այս նորության մասին մի մեկնաբանություն են տվել, որ 5 չէ, 10 կիլոգրամ մանդարին արժե: Կարդացեք. «Համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման՝ վերոհիշյալ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչեւ 5 կգ-ի` Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել՝ առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի»: Կարծում եմ՝ դժվար չէր մեկ տարվա ընթացքում հարց բարձրացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ներողություն, տխմարների առաջ եւ ասել, որ մեր երկրում մանդարին ու նարինջ չի աճում, եւ այդ մրգատեսակները չի կարելի ներառել «ենթակարանտինային» ցուցակում: Հայաստանում կաղամբ է աճում: Բարի եղեք փակել կամ սահմանափակել կաղամբի ներմուծումը, կարտոֆիլի ներմուծումը, խնձորի ներմուծումը, դեղձի ներմուծումը, վերջապես` ծիրանի ներմուծումը, որպեսզի այն, ինչ աճում ու արտադրվում է Հայաստանում, ձեռներեցները չներմուծեն դրսից: Այ, սա կլիներ պետական մտածողություն, ԵԱՏՄ-ում սեփական դիրքերի ամրապնդում: Այլապես ասել, թե ԵԱՏՄ օրենքը թույլ չի տալիս առանց մաքսազերծման 10 կգ մանդարին բերել Հայաստան, արդեն տխմարություն է մեր կողմից: Կարելի է վերջապես հետաքրքրվել` արդյոք Բելառուս ներկրվող մանդարինի մինչեւ քանի՞ կիլոգրամն է ազատվում մաքսազերծումից: Չենք կարծում, որ Լուկաշենկոն նույն տրամաբանությամբ մեկնաբանի ԵԱՏՄ օրենքը, ինչպես մերոնք են մեկնաբանում:

Խոստովանենք, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը որոշակի դրական լիցքեր է հաղորդել նաեւ հասարակությանը: Օդում մի տեսակ սպասում կա, լավ բանի սպասում: Եվ այդ սպասումը պետք է արդարացնեն ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլեւ ԵՄ կառույցները: Իրականում Հայաստանի քայլից շփոթված են նաեւ նրանք եւ դեռ կփորձեն հասկանալ «ռուսական վախի» հաղթահարման մեր այդ «հերոսական» քայլը: Հետո կսկսեն մեզ ավելի հաճախ «տնային հանձնարարություններ» տալ եւ դրանց կատարման համեմատ չափել ԵՄ-ից մեր հեռավորությունը: Պետք է նաեւ դրան պատրաստվել, որպեսզի վաղը Եվրոպան մեզ համաձայնագիրը ցույց չտա ու չպահանջի ավելին:

Ահա, այսքան գործ ունենք անելու, մինչդեռ մի գլուխ աղմկում ենք:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X