Մի մեծամտացեք

Երեկ Ազգային ժողովում, այս անգամ՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, կրկին քննարկվել է ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության առաջարկը։ Այս թեմայի շուրջ բազում հրապարակումներ ու ելույթներ են եղել, թեր եւ դեմ կարծիքներ են հնչել, հերթական անգամ չծանրանանք դրանց վրա։ Այդ քննարկումից իմ ուշադրությունը գրավեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունը․ «Կարծում եմ, որ այս հարցը ոչ թե ժամանակավրեպ է, այլ այս հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում գոյություն չունի, քանի դեռ իշխանությունները մենք ենք, քանի իշխանության է ՀՀԿ-ն՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, այն է՝ մինչեւ 2022 թվականը։

Սա ընդունեք որպես Հանրապետականի փոխնախագահի հայտարարություն»։ Հայտարարության տոնայնության մասին կարելի էր կոշտ ձեւակերպումներ տալ, բայց բավարարվենք զարմանք արտահայտելով՝ սա այն քաղաքական ուժի ներկայացուցի՞չն է, որը սահմանադրական փոփոխությունների եւ պառլամենտական կառավարման անցնելու ժամանակ մեծ-մեծ խոստումներ էր տալիս՝ քաղաքական փոքրամասնության իրավունքների ընդլայնման, տարբեր հանրաքվեներ, քննարկումներ կազմակերպելու հնարավորության մասին։ Այնպիսի տպավորություն է, որ այս ուժի ներկայացուցիչն իրենց իսկ ընդունած Սահմանադրությունը չի կարդացել եւ չգիտի, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե այս կամ այն կերպ իշխանության եկած քաղաքական ուժին, որը, փաստորեն, այս տարիներին բավականին մեծամտացել է։ Իսկ մեծամիտ քաղաքական «աղվեսները» երբեմն երկու ոտքով են թակարդն ընկնում՝ անսպասելիորեն զրկվելով իշխանությունից։

Այնպես որ՝ մինչեւ 2022 թվականը պլաններ գծելը, հանրության կարծիքը հաշվի չառնելը ոչ միայն վատ տոնի նշան է, այլեւ պատմությունից դասեր չքաղելու։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X