Ո՞վ է գրում Սերժ Սարգսյանի տեքստերը

Ո՞վ է գրում Սերժ Սարգսյանի տեքստերը։ Իսկապես այս հարցը մտահոգում է գրեթե բոլորին, քանի որ Սարգսյանի արտաբերած տեքստերը կարծես թե կապ չունեն Հայաստանի հետ, այլ երկրի մասին են։

Մասնավորապես՝ ՀՔԾ-ի կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում նա նշել է․ «Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Հատկանշական է, որ պետականաշինության առաջընթացով պայմանավորված՝ այս գործընթացում մեզ հաջողվեց համարժեքորեն արձագանքել ենթադրյալ իրավախախտումների մասին ցանկացած ահազանգի»:

Ո՞վ է այս տեքստի հեղինակը։ Վստահաբար Սերժ Սարգսյանը չէ, այլ՝ նրա ռեֆերենտներից ինչ-որ մեկը։ Ի դեպ սա առաջին դեպքը չէ, երբ Սարգսյանը արտաբերում է խոսքեր, որոնք ընդհանրապես կապ չունեն իրականության հետ։ Ավելի ճիշտ կլինի, եթե նա իր «speechwriter»-ներին դեղին քարտ ցույց տա՝ հորդորելով գրել այնպիսի տեքստեր, որոնք կհամապատասխանեն իրականությանը և իրեն անհարմար իրավիճակի մեջ չեն գցի։ Թե չէ տպավորություն է ստեղծվում, թե խոսքը բոլորովին այլ երկրի մասին է՝ Մեծ Բրիտանիայի կամ էլ Նիդեռլանդների։

Ստեղծված իրավիճակը հիշեցնում է խորհրդային տարիները, երբ ռայկոմի քարտուղարը բարձր ամբիոններից հայհոյում էր կաշառակերությունը և կաշառակերներին, իսկ ելույթից հետո, կուլիսների հետևում գրպանն էր մտցնում հերթական ռուբլին:

Կարծես թե գործելաոճն այդ տրանսֆորմացվել է արդի Հայաստանում. Խորհրդարանի բարձր ամբիոնից ազգին այնպիսի պոետիկ տողեր են նվիրում, արտասվաթոր աչքերով ասմունքում են, ազգային միասնականությունն են առաջին պլան մղում, բայց կուլիսների հետևում փշրում, ոտնատակ են անում ազգի հետ կապված ամեն ինչ, թքում են ազգի երեսին:

Նույն իրավիճակին ականատես եղանք նաև ՀՔԾ-ի կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ։ Ժողովրդավարական ընտրությունների մասին խոսողը այն երկրի ղեկավարն է, որի տարածքում ժողովրդավարություն և ընտրություն բառերը արժեզրկվել ու փոշիացվել են։ Իսկապես Հայաստանի քաղաքացիների համար այդ երկու բառերը ասոցացվում են էժանագին ինչ-որ երևույթների հետ։ Այսպիսի պայմաններում Սերժ Սարգսյանի խոսքերն իհարկե մեղմ ժպիտ են առաջացնում, քանի որ այլևս ոչինչ չի զարմացնում, կարծես թե այդպես էլ պետք է լիներ, ի սկզբանե ամեն ինչ պետք է վերածվեր խեղկատակության, ճշմարտության վրա թքելն ու խոսքն ընդամենը տառակույտի փոխակերպելը պետք է դառնար անմեղ մի գործողություն՝ անհետևանք ու անպատիժ։

Հիշեցնենք, որ 2017 թ․ ապրիլյան ընտրությունները անցկացվեցին համատարած ընտրակաշառքների բաժանման պայմաններում։ Կարելի է ասել, որ իշխանությունները գնել էին բնակչության ամեն երրորդին։

Ի դեպ ռայկոմի քարտուղարի մասին փոքրիկ պատմությունը լավ կհասկանա նաև Սերժ Սարգսյանը, քանի որ մինչև ազգային պահպանողական կուսակցության նախագահ դառնալը նա նվիրյալ կոմունիստ էր։

Մեկնաբանություն
X