Կարելի էր խորհրդայնանալ Կարսի և Նախիջևանի հետ միասին

1920 թ. նոյեմբերի 29-ին Բաքվում ստեղծված Հայաստանի Հեղկոմը (տեղափոխվել էր Ղազախ) Սարգիս Կասյանի գլխավորությամբ և մի զորամասի ուղեկցությամբ մտավ Ադրբեջանին սահմանակից Իջևան գյուղը, որտեղ նույն օրը հրապարակած հռչակագրով բանվորագյուղացիական ապստամբության անունից տապալված հայտարարեց դաշնակցական կառավարությունը և Հայաստանը հռչակեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: 11-րդ Կարմիր բանակը և Հայհեղկոմը Հայաստանում էին հայտնվել նախապես մշակված ծրագրի համաձայն, որի հիմքերը դրվել էին դեռևս Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարում: Քեմալա-բոլշևիկյան պայմանավորվածության արդյունքում որոշվել էր Հայաստանը ակցանների մեջ առնել և նվաճել երկու կողմից: Գործողության մեծագույն մասնաբաժինը վերապահված էր Քեմալական Թուրքիային: Արդյունքում սանձազերծվեց հայ-թուրքական պատերազմը, որտեղ Հայաստանը խայտառակ պարտություն կրեց:

Նախապես որոշված էր Հայկական պետությունը կործանել հենց այս սցենարով, բնական է, որ հայկական բարոյալքված զորքերը չէին կարողանալու երկար դիմադրել թուրքական բանակներին (դրանք բարոյալքվել էին բոլշևիկյան ակտիվ քարոզչության և Մայիսյան ապստամբության արդյունքում), և ամենավճռական պահին բոլշևիկյան «ազատարար» բանակները պետք է վերստին «փրկչի» դերակատարություն ստանձնեին և փրկեին հայ ժողովրդին թուրքական սպառնալիքից: Իրականում Հայաստանի խորհրդայնացման ակտը ոչ այլ ինչ էր, եթե ոչ օկուպացիոն գործողություն, մեկ պետության կողմից մեկ այլ պետության տարածքների ուղղակի բռնազավթում:

Իհարկե, համանման ճգնաժամային ու փակուղային իրավիճակները չի կարելի մեկնաբանել միայն արտաքին մարտահրավերների բացասական ներգործության պատճառներով: Խնդիրը շատ ավելի խորն է՝ կապված հանրապետության ներքաղաքական բարդ իրավիճակի հետ: Հայաստանի ղեկավարները թույլ տվեցին մի շարք կոպտագույն սխալներ, որոնց արդյունքում քեմալա-բոլշևիկյան միացյալ ուժերին հաջողվեց աստիճանաբար ծնկի բերել նորաստեղծ պետությունը: Սարդարապատում ու Բաշ-Ապարանում թուրքական զորքերին ջախջախած բանակը այն աստիճան բարոյալքվեց, որ չկարողացավ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ: Դաշնակցական կառավարությունը ոչ մի գործնական քայլ չիրականացրեց քեմալականների հետ պայմանավորվելու ուղղությամբ, արդյունքում՝ մեկը մյուսի հետևից ընկան Սարիղամիշը, Կարսը, իսկ այնուհետև Ալեքսանդրապոլը, և հենց այս դրամատիկ պահին խաղի մեջ մտավ Խորհրդային Ռուսաստանը:

Չվիճարկելով այն փաստը, որ Հայաստանի խորհրդայնացումը անխուսափելի էր, բայց, այնուամենայնիվ, կարելի էր և խորհրդայնանալ Կարսի, Նախիջևանի, Ղարաբաղի, Սուրմալուի և մի շարք այլ տարածքների հետ միասին, իսկ Դաշնակցական կառավարությունը որքան հնարավոր է ավելի շահեկան տարբերակների մասին մտածելու փոխարեն ժողովրդին մինչև վերջ կերակրում էր Սևրի պայմանագրի պատրանքներով, ինչպես նաև այսօր:

Եվ այսպես, չխորանալով պատմական իրադարձությունների մանրամասների մեջ, միայն նշենք, որ նոյեմբերի 29-ին Հայհեղկոմը հռչակելով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, հաջորդ օրը հեռագրով դիմեց Վ. Լենինին (Հեռագրի տեքստը՝ ստորև): Հայաստանի Հեղկոմի հեռագիրը Վ. Ի. Լենինին Հայաստանում Խորհրդային իշխանություն հռչակելու մասին «Թող հայտնի լինի համաշխարհային հեղափոխության առաջնորդին, որ Դիլիջանի ու Քարվանսարայի շրջանների գյուղացիները, զայրացած դաշնակցական կառավարության հանցավոր քաղաքականությունից և երկրում խորացող անարխիայից, բարձրացրին ապստամբության դրոշը: Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իսկույն ևեթ ստանձնեց այդ տարերային շարժման ղեկավարությունը և ստեղծեց Հայաստանի հեղկոմ՝ Հայաստանը հայտարարելով Սոցիալիստական Սովետական Հանրապետություն: Հասցված է առաջին հարվածը, Դիլիջան քաղաքը մեր ձեռքում է, ոգևորված ապստամբներն առաջ են նետվում ատելի թշնամուն՝ Անտանտայի գործակալին, վերջնականապես տապալելու համար: Եվ կատարելով նրանց կամքը՝ մենք, կազմելով հեղկոմ, առաջ ենք շարժվում այն կատարյալ հույսով, որ Արևելքի ճնշված ժողովուրդների ազատարարը՝ սոցիալիստական մեծ Ռուսաստանի հերոսական կարմիր բանակը, մեզ իրական օգնություն ցույց կտա մեր այս դժվարին պայքարում: Հայաստանի բոլոր բանվորների ու գյուղացիների անունից մենք խնդրում ենք ժողկոմսովետին ցույց տալ այդ օգնությունը: Կեցցե՛ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը: Կեցցե՛ նրա հաղթական Կամիր բանակը»:

Հայաստանի հեղկոմի նախագահ՝ Կասյան

Հայաստանի հեղկոմի անդամներ՝ Ավիս, Բեկզադյան, Դովլաթյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան

Լուսանկարում պատկերված են 1921 թ. փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի բանտում դաժանաբար սպանվածները, Մայքլ Բաբայանի արխիվից։

Մեկնաբանություն
X