Ֆրանցիսկոս Պապը՝ Մյանմարում կամ՝ ինչպե՞ս դիմանա Թուրքիան

Երկուշաբթի մեկնարկել է Հռոմի պապի` Նորին Սրբություն Ֆրանցիսկոս I-ի այցը Մյանմար: Մյանմարը պետություն է հարավ-արեւելյան Ասիայում, հայտնի է նաեւ Բիրմա անվամբ, սահմանակից է Հնդկաստանին, Չինաստանին, Բանգլադեշին, Թաիլանդին, Լաոսին: Այս երկրին քիչ թե շատ գիտակ են Հեռավոր Արեւելքում ապրողները կամ այդ տարածաշրջանով զբաղվողները: Մնացյալ մարդկության, ներառյալ հայաստանցիների համար սա անծանոթ եւ հեռավոր երկիր է, որի անունը հնարավոր է՝ լսել ենք բնական ռուբինի հանքավայրերի, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չիի կամ էլ տասնամյակներով երկրում իշխող ռազմական խունտայի կապակցությամբ:

Միով բանիվ, Աստծո կողմից մոռացված մի վայր երկրագնդի վրա՝ շուրջ 680 000 քառ․ կմ տարածքով եւ 51 միլիոն բնակչությամբ, որտեղ այցելում է Ֆրանսիցկոս I պապը` հավատարիմ մոռացվածներին ու մերժվածներին սատարելու եւ Աստծո խոսքը նրանց բաշխելու իր անդավաճան առաքելությանը: Սակայն Ֆրանցիսկոս պապի քառօրյա այցը Մյանմար միջազգային ակնդետ ուշադրության արժանացավ ոչ այն պատճառով, որ սա Հռոմի սրբազան քահանայապետի` պատմության մեջ առաջին այցն է այդ երկիր: Պատճառն այլ է, քաղաքական:

Խնդիրն այն է, որ Մյանմարում ապրում են հարյուրից ավելի ազգություններ, գերակշիռ մեծամասնությամբ` բուդդայականներ, սակայն մի էթնիկ խմբի երկրի իշխանությունները, բուդդայական հոգեւորականները, նաեւ հասարակության մեծամասնությունը չեն ընդունում իբրեւ իրենց երկրի քաղաքացիներ, նրանց դիտում են որպես ապատրիտներ: Եվ, ահա, օգտվելով համընդհանուր մերժման այդ մթնոլորտից, Մյանմարում Աուն Սան Սու Չիի կուսակցության հաղթանակից եւ կառավարություն կազմելուց հետո էլ ազդեցության հիմնական լծակները պահպանած բանակն այս տարի օգոստոսից այդ մերժված էթնիկ խմբի նկատմամբ, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, սանձազերծեց լայնածավալ հետապնդումներ, որոնք, ինչպես ՄԱԿ-ն է բնորոշել, «էթնիկ զտման դասական օրինակ են»: Առանց գույներ խտացնելու կարելի է ասել` նաեւ ցեղասպանության կատարյալ օրինակ են, ինչի մասին աղաղակում են միջազգային գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցները:

Հետապնդվող էթնիկ խմբի ինքնանվանումը ռոհինջա է, նրանք մահմեդական, հազիվ երեք տոկոսի հասնող փոքրամասնություն են գերազանցապես բուդդիստական այդ երկրում: Եվ աշխարհին ցնցել է վայրագությունը, որով ուղեկցվում կամ իրականացվում է օգոստոսից ահագնացած ռոհինջաների տեղահանությունը: Մասշտաբն ու վայրագությունը, որով մեկ-երկու ամսում շուրջ յոթ հարյուր հազար ռոհինջա Մյանմարից արտաքսվեց, եւ ով գիտե՝ քանի տասնյակ հազարն էլ տեղահանության ճանապարհին սպանվեց կամ մահացավ, աշխարհի ուշադրությունը սեւեռեց այդ ճգնաժամի վրա:

Ճիշտ են, թե սխալ Մյանմարի իշխանությունները եւ հասարակությունը, որ «ռոհինջա» բառն անգամ չեն գործածում, այդ խմբին կոչում են բենգալի, այսինքն` Բենգալիայից, Բանգլադեշից եկածներ, որոնք այնտեղ էլ պետք է վերադառնան, այլ հարց է: Այդ մասին դատողություններ կարող են անել խնդրի պատմությունն ու շերտերն իմացողները: Սակայն աշխարհին սարսռեցնողը նույնիսկ տեղահանության մասշտաբը, զոհերի, վիրավորների թիվը չէ, այլ այն վայրագությունը, անմարդկային, կենդանական հոշոտումը, որոնց ռոհինջաները ենթարկվում են: Ամբողջ գյուղեր այրում են, մարդկանց սպանում խարույկի վերածված սեփական տներում, երեխաներ են գլխատում, նետում գետերը, անգամ մյանմարցի զինվորականները տեսախցիկներով նկարահանել էին, թե ինչպես են կապկպված մարդկանց հավաքել մի վայրում եւ ձեռքի զենքով, ոտքով, սապոգով հարվածում մարմիններին, գլուխներին, կենդանի մարդկանց ոսկորները կոտրում:

Այնպես էր ստացվել, որ ինքս ներկայիս տեղահանությունից առաջ էլ ռոհինջաների հետապնդումների մասին լսել էի, գիտեի, բայց չէի ցանկանում հավատալ: Չգիտեմ՝ միջազգային ինչ ֆորումից, գուցե Deutche Welle-ի մեդիա ֆորումից, գուցե Բրյուսելի ինչ-որ սեմինարից, իմ էլեկտրոնային հասցեն էլ մասնակիցների ընդհանուր ցանկով հայտնվել էր մի կառույցի բաժանորդների ցանկում, որը Լոնդոնում տեղակայված իրավապաշտպան կառույց էր եւ իրազեկում էր ռոհինջաների հանդեպ գործադրվող վայրագությունների մասին: Նախկինում կարծում էի, թե լոնդոնյան կառույցում իրականությունը չափազանցնում են, գույները խտացնում, միայն այս օգոստոսին, երբ զանգվածային տեղահանության ու սպանությունների մասին հաղորդումները, ռեպորտաժները ողողեցին միջազգային մամուլը, պարզվեց՝ իրականությունն ավելի սարսափելի է:

Որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե ինչ սարսափների մասին է խոսքը գնում, դիցուք՝ տեղահանություն վերապրած երիտասարդ մի կին, որ հրաշքով փրկվել էր եւ իր փոքրիկ աղջկա հետ հասել Բանգլադեշ, CNN-ին պատմել էր, որ մյանմարցի զինվորականները երբ ներխուժել են իրենց տուն (այն գյուղերից մեկում` Տոնատոլու, որ հետո ամբողջովին այրել են), նախ տունն են կրակի տվել, հետո զենքով հարվածել են կնոջ յոթնամյա որդու գլխին, երեխայի գանգոսկրը բացվել է, տապալվել է գետնին, մահացել: Հետո կնոջ գրկից մյուս՝ երեքամյա որդուն են վերցրել նետել կրակի մեջ, երրորդ որդուն էլ էին սպանել, կնոջ հանդեպ էլ էին բռնություններ եղել… Մի խոսքով, այնքան վայրագ, անմարդկային, գազանային բռնություններ են, որ լսել անգամ հնարավոր չէ…

Ահա այս իրադրությունում, երբ ԱՄՆ պետքարտուղարը ռոհինջաների հետ կատարվողն էթնիկ զտում է կոչում, ԵՄ-ն` մարդկության դեմ հանցագործություն, Մեծ Բրիտանիայի կառավարությունը` ցեղասպանություն, Հռոմի պապն ինքը Վատիկանում քանի անգամ իր զորակցությունն էր հայտնել ռոհինջա մահմեդականներին եւ կոչ արել դադարեցնելու վայրագությունը, ահա՝ նույն Ֆրանցիսկոս պապը, չնայած մարդու իրավունքների եւ ճշմարտության աննահանջ պաշտպան, անվարան բարձրաձայնող լինելու իր էությանը, Մյանմարում, անսալով իրեն տրված խորհուրդներին, «ռոհինջա» բառն անգամ չարտասանեց: Միայն ասաց, որ բոլորի իրավունքները պետք է պաշտպանվեն:

Պապը թերեւս վարվեց որպես պետության գլուխ, արեց այն, ինչ պահանջում են դիվանագիտությունն ու քաղաքականությունը: Նա, անշուշտ, չփոխեց իր դիրքորոշումը, բայց կոնֆլիկտ չստեղծելու համար ձեռնպահ մնաց թեմայի արծարծումից, առնվազն հրապարակավ:

Կարծում եմ՝ կատարվածը ոչ մի մայրաքաղաքում այնքան ծանր չեն տանի, որքան Անկարայում: Թուրքիայում չեն կարող չհիշել, թե ինչպես, անտեսելով Էրդողանի եւ Թուրքիայի կառավարության բոլոր սպառնալիքները, ինքնակոտոր լինելը, անգամ դեսպանին ետ կանչելը, Ֆրանցիսկոս պապը մեկ դար առաջ տեղի ունեցած հայոց ցեղասպանության զոհերի համար 2015-ին պատարագ մատուցեց Սբ. Պետրոսի տաճարում եւ մեկ տարի անց էլ իր բառով «ուխտագնացություն» կատարելով Հայաստան՝ կրկին խոսեց ցեղասպանությունից:

Թուրքիայի իշխանությունները պետք է ընդունեն, որ կա՛մ իրենց իշխանությունն ու մեծ հաշվով պետությունն այնպիսի կշիռ չունեն, որ պապին որոշակի քայլերի մղող կամ դրանցից ետ պահող քաղաքական իրականություն ստեղծեն, կա;մ էլ հայերն այնպիսի արժեք ունեն, նրանց դեմ իրագործվածն այնպիսի հանցանք եւ ոտնձգություն է ոչ միայն մարդկության, այլեւ քաղաքակրթության եւ քրիստոնեության հանդեպ, որ հարյուր տարի անց էլ թեման չի մոռացվում: Երկակի ստանդարտների հարց չէ: Արժեքային իրողությունների հարց է:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X