Մեկ անձի կուսակցություն

Մինչ մենք մեծով-փոքրով, քաղաքական-ապաքաղաքականով քննարկում ենք 2018 թվականի հարցը եւ խորովվում ՀՀ վարչապետի անձը գուշակելու քուրաներում, այն միակ անձը, ով հստակ գիտի այդ հարցի պատասխանը, լռում է եւ, հավանաբար, ծիծաղում մեր տվայտանքների վրա։ Ասում են՝ անգամ ամենամերձավոր շրջապատը եւ խնդրի, այսպես կոչված, անմիջական շահառուները տեղեկացված չեն նրա մտքերի ընթացքին։ Ասում են նաեւ, որ այդ շրջանակներում վատ տոն է համարվում նշված հարցը քննարկելը, անգամ որեւէ ակնարկ անելը։ Երբ 18-ին վերացվող պաշտոն զբաղեցնողներից մեկին հարցրինք, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն, պարզ պատասխան հնչեց․ «Եթե ինքը չի խոսում անգամ իր ճակատագրի մասին, մենք ինչպե՞ս կարող ենք մեր հարցը բարձրացնել»։

Մի բան պարզ է, որ երկրում կա իշխող մեծամասնություն, եւ նա է կայացնելու որոշումը։ Բայց նաեւ բոլորիս պարզ է, որ այդ մեծամասնությունն իրականում ոչինչ չի որոշելու։ Մեծամասնությունն ունի իր կողմից անվերապահ ընդունվող լիդեր, որի որոշումներն անբեկանելի ու անքննելի են այդ ուժի համար։ Լիդեր, որի կամքն ու որոշումներ կայացնելու իրավունքն անվերապահորեն ընդունվում են իր գլխավորած քաղաքական ուժի կողմից, չի վիճարկվում, չի կասեցվում։ Անգամ ժամանակից շուտ հարցեր տալու, որեւէ բան ճշտելու, առավել եւս՝ առարկելու ավանդույթ չկա այս կուսակցությունում։ Այս պարագայում ակնհայտ է դառնում, որ մեր բոլորիս հարցերն ու հարցադրումները, կանխատեսումներն ու տեղեկությունները, քննարկումներն ու ենթադրություններն առոչինչ են։ Եթե նա, ում որոշումից է կախված, թե ով է լինելու երկրի վարչապետը, հակված է այս հույժ կարեւոր տեղեկությունը թաքցնել մինչեւ վերջին օրը, ուրեմն դա հանրության սեփականությունը կդառնա իր որոշած ժամկետում։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X